Տնտեսական

18.09.2020 19:24


Կառավարությունը չի գիտակցում ինչ հետևանքներ և ազդեցություն ունի միջազգային արբիտրաժը. Սարգիս Գրիգորյան

Կառավարությունը չի գիտակցում ինչ հետևանքներ և ազդեցություն ունի միջազգային արբիտրաժը. Սարգիս Գրիգորյան

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դադարեցրել է իրենց ներդրումները՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծում, «Լիդիանի» հիմնական բաժնետերերը ևս հեռացել են և մնացել են միայն երեք խոշորները։ Փաստացի ընկերությունը Կանադայում գտնվում է լուծարման եզրին, ինչը խնդրահարույց է հետագա աշխատանքների և ներդրումների համար, այսինքն՝ Հայաստանում պրոեկտը պետք է ամբողջությամբ իրականացնել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավաբան Սարգիս Գրիգորյանը՝ անդրադառնալով Ամուլսարում ստեղծված իրավիճակին։

Նշենք, որ լիցենզիան ուժը կորցրած չի ճանաչվել պետության կողմից, սակայն դրա հետ մեկ տեղ ընկերությունը չի կարողանում իր գործունեությունը ծավալել, իսկ դատական ակտերը, համաձայն որոնց՝ ոստիկանությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ հանքը շահագործվի, փաստացի չեն կատարվում։

«Այսինքն՝ բացի այն, որ խախտվել են օտարերկրյա ներդրողների իրավունքները ՀՀ-ում, այլև՝ արդարադատության մերժում է տեղի ունենում։ Այսինքն՝ ՀՀ-ում օտարերկրյա ներդրողները բավարար պաշտպանության միջոց չունեն՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու»,-ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանը խնդիրը տեսնում է հենց կառավարության անորոշ քաղաքականության մեջ, մասնավորապես, թե ինչ քաղաքականություն է որդեգրել կառավարությունը՝ խնդրի լուծման համար, մինչդեռ խնդիրը գտնվում է նախաարբիտրաժային փուլում, իսկ արբիտրաժ հայց ներկայացնելը, ըստ Գրիգորյանի, կհանգեցնի նրան, որ օտարերկրյա ներդրողները բավականին երկար ժամանակ զգուշավոր կլինեն Հայաստանում ներդրումներ անելու համար, քանի որ էականորեն կբարձրանա երկրի ռիսկը՝ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանում ակտիվներ ձեռքբերելու, ներդրումներ անելու համար։

Գրիգորյանը նշեց, որ կառավարությունը պետք է հստակ քաղաքականություն վարի, այսինքն՝ կանխատեսելի և որոշակի. ՀՀ-ն և Լիդիանը ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքերն են, նմանատիպ դեպքեր եղել են Լատինական Ամերիկայում, Հարավային Ամերիկայում, կան տարբեր գործիքներ, սակայն հարցն այն է, որ այդ գործիքները ՀՀ-ում ոչ ներդրվում է, ոչ քննարկվում է, ոչ էլ քաղաքական ցանկությունը կա միջոցներ ձեռնարկել՝ խնդիրը լուծելու համար և կառավարությունը պետք է իր ներգրավվածությունը բարձրացնի և կապող օղակ հանդիսանա՝ բնապահպանների և ներդրողների միջև։

«Այս դեպքում կառավարությունն իրեն հետ է քաշել և ոչ թե իրեն չեզոք դերում է պատկերացնում, այլև՝ ընդհանրապես՝ որոշում կայացնողի դերում չի պատկերացնում և, հետևաբար, կողմերն անում են այն, ինչ կարող են անել»,-ասաց նա՝ հավելելով, որ ականատես ենք լինում՝ բնապահպանների և ներդրողների կողմից իրենց իրավունքների վերականգնմանն ուղղված գործողություններին։

Գրիգորյանը կարծում է, որ, եթե խախտվել են իրավունքներ, ապա նրանք իրավունք ունենք վերականգնելու դրանք, բայց ինչ- որ պահի վեճը դուրս է գալու ՀՀ-ից և այդ դեպքում ՀՀ կառավարությունը լինելու է կողմ՝ պատասխանողի դերում։

«Եթե այս փուլում կառավարությունը կարող է շատ արագ առաջատարի դեր ստանձնել և հարցը լուծել, մյուս դեպքում ինքը հանդիսանալու է պատասխանող՝ իր հետևանքներով։ Կարծում եմ՝ կառավարությունը չի գիտակցում ինչ հետևանքներ և ազդեցություն ունի միջազգային արբիտրաժը՝ պահանջի չափը»,-նշել է իրավաբանը։
Ըստ նրա՝ արբիտրաժային դատարան դիմելու դեպքում կարող ներկայացվել 1.5 մլրդի գումարային պահանջ, ավելին՝ հնարավոր է կիրառվի նաեւ հայցի ապահովման միջոց։ Համենայն դեպս, մեր զրուցակցի փոխանցմամբ, հայցվորը կփորձի կիրառել, հանդես կգա նման միջնորդությամբ, որ մեր ակտիվների կամ բանկային հաշիվների նկատմամբ, որոնք ունենք օտարերկրյա բանկերում, արգելանք կիրառվի։

Օրերս Լիդիանը հաղորդագրություն էր տարածել առ այն, որ Ամուլսարում է գտնվում «Լիդիանի» ավտոպարկը՝ ընդհանուր 65 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, որն ամենախոշորն Է Հայաստանում եւ որ այն զգալի կորուստներ է կրել։

Մասնավորապես՝ նախորդ շաբաթ Ամուլսարում էին գտնվում նաև Zeppelin Armenia-ի ներկայացուցիչներ, որոնք իրականացնում են «Լիդիանի» Caterpillar ավտոպարկի տեխնիկայի վերանորագման աշխատանքները եւ տարածված հայտարարության համաձայն՝ ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով տեխնիկան, հայտնվելով բարձիթողի վիճակում, կրել է զգալի վնասներ, մասնագետները չեն բացառում նաև գողության փաստը, որովհետև որոշ թանկարժեք պահեստամասեր անհետացել են: «Փաստինֆո»-ն իրավաբանից հետաքրքրվեց, թե արդյոք նման հայտարարությունները նշանակում են, որ ընկերությունը կարող է այսօրինակ վնասների համար փոխհատուցում պահանջել՝ Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ ամենայն հավանականությամբ համապատասխան կազմակերպությունները հաշվում են նաև ակտիվների կորուստը և մաշվածությունը։

Նրա խոսքով՝ սարքավորումների վնասվածքի պատասխանատվությունը կրելու է ՀՀ-ն, այսինքն՝ միջազգային արբիտրաժային դատարանում պատասխանող կողմը։

Այս խորագրի վերջին նյութերը