Տնտեսական

18.09.2020 12:36


Նիկոլ Փաշինյանի «ոչխարաայծային» արտահանումը․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Նիկոլ Փաշինյանի «ոչխարաայծային» արտահանումը․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Նիկոլ Փաշինյանը շարունակում է մի կողմից զվարճացնել գիտակից հանրությանը՝ հրապարակելով սունկ-դդմիկ-սպանախ-լոլիկ-ելակ-մոշ-հաղարջի արտահանման մասին ինչ-որ թվեր, մյուս կողմից՝ այդպիսով հիմարացնել իր «հպարտներին», որոնք, խոստովանենք, արժանի են դրան։ Այս շարքից հերթականը Հայաստանից կենդանի ոչխարի և այծի 256 տոկոսով արտահանման աճի մասին նրա գրառումն էր, որը, ըստ նրա, արդյունք է այն բանի, որ մարդիկ անսացել են «ոչխար պահելու» վարչապետական հորդորներին: Այդուհանդերձ, մի պահ դադարենք այս ամենից զվարճանալը և տեսնենք, թե ի՞նչ է իրականում կատարվում արտահանման և մասնավորապես ոչխար-այծի արտահանման հետ։

Բարձր տեխնոլոգիաների մասին գիշեր-ցերեկ խոսացող և անգամ այդպիսի անունով նախարարության ստեղծած Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել է ոչխար-այծի կամ դդմիկ-սպանախի ցուցանիշների վրա։ Սա իհարկե, ցավալի է։ Իրականում Հայաստանից արտահանումը նվազել է, գումարային առումով Հայաստանից արտահանումը այս տարվա հունվար-հուլիսին նվազել է 92 մլն դոլարով, տոկոսային՝ 6,4 տոկոսով։ Ընդ որում, էապես նվազել է մեր հիմնական արտահանվող ապրանքների ծավալը՝ պատրաստի սնունդ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր ու մետաղներ, ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրեր, մանածագործական իրեր, սարքեր և ապարատներ։ Արտահանման միակ լուրջ աճը հանքահումքային արտադրանքինն է, որի շնորհիվ խուսափում ենք ընդհանուր արտահանման ավելի խորը նվազումից։ Այս ցուցանիշը Հայաստանի արդյունաբերության վիճակի արտացոլումն է։

Բնականաբար, արտահանման ընդհանուր վիճակի մասին Նիկոլ Փաշինյանը ոչ մի գրառում չի անում։ Չէ՞ որ նա էր խոստացել, որ մեր արտահանումը պետք է հասցնենք 30 մլրդ դոլարի կորոնավիրուսի ընձեռած հնարավորության շնորհիվ։ Ինչ-որ չի ստացվում։ Փոխարենը հակառակն է տեղի ունենում։

Եվ որքան էլ ընդհանուր վիճակի մասին չխոսելով, առանձին ապրանքների մասին «լավ» գրառումներ անի «թավշյա» վարչապետը, ոչ տնտեսության վիճակը կլավանա, ոչ արտահանման, ոչ արդյունաբերության, ոչ էլ, առավել ևս, տնտեսության մասին իր գիտելիքները կավելանան։ Ասենք, ինչպե՞ս կարող է մեկ տարի առաջ «ոչխար պահեք» հորդորին միանգամից հազարավոր մարդիկ հետևած լինեն և մեկ տարվա ընթացքում միանգամիվ 41 հազար ոչխար ու այծ արտահանվեն։

Այնուամենայնիվ 256 տոկոս ցուցանիշը ինչ-որ արտառոց բանի մասին է խոսում։ Բնականաբար, չի կարող մեկ տարվա ընթացքում միանգամից այդքան այծ ու ոչխար ավելանային Հայաստանում և արտահանվեին։ Բանն այն է, որ մի շարք երկրներից՝ Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա և այլն, ոչխար և այծի դեպի Իրաք արտահանումը սահմանափակել են, իսկ մայրացու կենդանիների արտահանումը ընդհանրապես արգելել։ Այդ երկրներից արտահանմամբ զբաղվող նույն մարդիկ հարկադրված սկսել են ոչխար և այծ, այդ թվում մայրացուներ, արտահանել Հայաստանից։ Սա է ընդամենը տեղի ունեցել, թե չէ «անսալով «ոչխար պահելու» իմ հորդորներին»․․․

Արա Մարտիրոսյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը