Լրահոս

16.04.2011 08:43


Ժողովրդավարական հեղափոխությունների քաղաքագիտական քննարկում

Ժողովրդավարական հեղափոխությունների քաղաքագիտական քննարկում

«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության դահլիճում շուրջ 50 մասնակիցների լսարանում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության կազմակերպած սեմինար-քննարկումը , «Արաբական երկրների հեղափոխությունը որպես նախադեպ. միջհեղափոխական եւ հետհեղափոխական  իրավիճակ» թեմայով:

Սեմինարի ընթացքում զեկույցով հանդես եկավ քաղաքագետ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Վերջինս քաղաքագիտության մի շարք նորագույն տեսությունների համատեքստում ներկայացրեց ժամանակակից հեղափոխությունների երեւույթը որպես ասիմետրիկ կոնֆլիկտի տարատեսակ (երբ սակավ ռեսուրսներով ընդդիմությունը կամ հեղափոխական զանգվածները առճակատման մեջ են մտնում պետական բոլոր ռեսուրսները, այդ թվում` ուժային կառույցներ, բանակ, ֆինանսներ եւ այլն, տնօրինող վարչակարգերի դեմ), դրանց`  հաջողությամբ պսակվելու կամ ձախողվելու հիմնական պատճառները:

Զեկույցի հիմնական թեզերի ու դրանց քաղաքագիտական հիմնավորումները նեկայացնելուց հետո Սաֆարյանը քննարկման դրեց ժողովրդավարական հեղափոխությունների ելքը կանխորոշող այնպիսի կարեւորագույն գործոններ, ինչպիսիք են` հեղափոխական գործընթացում մեծ եւ փոքր կողմերի կիրառած ռազմավարությունների համադրությունը, ընդդիմության եւ/կամ հեղափոխական զանգվածների ինքնակազմակերպման ձեւը եւ արտաքին ազդակները հեղափոխական իրավիճակների  հանգուցալուծման գործում: Բանախոսը եւ քննարկման մասնակիցները ներկայացված տեսությունների լույսի ներքո տարբեր դիտանկյուններից վերլուծեցին վերջին տասնամյակում հետխորհրդային մի շարք երկրների գունավոր հեղափոխությունները (Ուկրաինա, Վրաստան, Ղրցզստան), արաբական երկրների փորձը, զուգահեռներ անցկացրեցին դրանց եւ Հայաստանի Հանրապետության 20-ամյա պատմության ընթացքում տարբեր հեղափոխական շրջափուլերի միջեւ: Զեկույցին հաջորդեց շուրջ երեք ժամ տեւած բուռն քննարկում:

Այս խորագրի վերջին նյութերը