Լրահոս

15.04.2011 20:17


2 ժամվա ընթացքում ՀՀ արտաքին պարտքն ավելացվեց 200մլն ԱՄն դոլարո՞վ

2 ժամվա ընթացքում ՀՀ արտաքին պարտքն ավելացվեց 200մլն ԱՄն դոլարո՞վ

Ապրիլի 15–ի Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ, որը հրավիրել էր Կառավարությունը, քննարկվել են մի շարք միջազգային համաձայնագրեր, որոնք վերաբերել են համապատասխան ծրագրերի իրականացման համար միջազգային կազմակերպություններից ՀՀ–ին տրամադրվող մեծածավալ վարկերին։

Համաձայնագրերից մեկի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը հարց է ուղղել ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանին ու նշել, որ Կառավարությունը 2 ժամվա ընթացքում ՀՀ արտաքին պարտքն ավելացրեց 200մլն ԱՄն դոլարով։ Նա նաև նշել է, որ եթե կառավարությունը չփոխի իր տնտեսական քաղաքականությունը, ապա անընդհատ վարկեր է բերելու ու պետությունը փող աշխատելու փոխարեն անընդհատ փող է վերցնում։

–Ինչքա՞ն է այսպես շարունակվելու,– հարց է ուղղել Արա Նռանյանը։

Ի պատասխան Վարդան Արամյանն ասել է, որ ՀՀ–ն զարգացող երկիր է և ապագա տարիներին վարկ վերցնելը շարունակվելու է, քանի որ դա կապիտալի ներհոսքի ապահովման աղբյուր է։

–Այլ հարց է, թե մենք ինչպես ենք կառավարում այս միջոցներն ու արդյոք դրանք ստեղծում են տնտեսական աճ,– ասել է Վ.Արամյանը։

Նա նշել է, որ եթե զարգացող երկրի տնտեսության մեջ կապիտալի ներհոսք չապահովվի, ապա կզոհաբերվեն տնտեսական աճի ցուցանիշները։ Նրա խոսքերով, հնարավոր չէ գտնել մի զարգացող երկիր, որը պարտքի ներգրավմամբ տնտեսական քաղաքականություն չիրականացնի։

Նա կարևոր խնդիր է համարել այս պարագայում արտաքին պարտքի վտանգավոր լինելը։

–Ապագա տարիներին մենք փորձում ենք այնպես կառավարել, որ ամեն դեպքում մենք 40%–ը չանցնենք։ Այստեղ կարևոր չէ պատքի մակարդակը, կարևոր է այն, արդյոք քո տնտեսությունը ապագայում կաճի և կունենաս հարկեր, որ մարես պարտքը,– ասել է Վ.Արամյանը։

Նա նշել է, որ եթե հանել այդտեղից վերաֆինանսավորմանն ուղղված գումարները, արտաքին պարտքն իջնում է 20%–ի, որը, փոխնախարարի կարծիքով, վտանգավոր ցուցանիշ չէ։

Ելույթ ունենալով, Արա Նռանյանն ընդգծել է, որ ՀՅԴ խմբակցությունը վարկ բերելուն դեմ չէ, սակայն խնդիրը նրանում է, թե որտեղ են այդ վարկային միջոցները ծախսվում։

–Եթե դուք բերել եք արտոնյալ վարկ, ուրեմն արտոնյալ պայմաններով էլ այդ վարկերը տրամադրե՛ք,– ասել է է Ա.Նռանյանն ու ընդգծել, որ ամեն ինչ արվում է, որ վարկային տոկոսադրույքները բարձր լինեն։

Նա ընգծել է, որ եթե վարկը հասարակությանը հասնում է 24%–ով, ոչինչ չի փոխվում, պարզապես հասարակության համար մեծանում է պարտքն ու էլ ավելի հարստանում են ֆինանսական համակարգն ու բանկերը։

–Նպատակը դնում է կառավարությունը ճիշտ, բայց այն ինչ արվում է որևէ կապ չունի այդ նպատակի հետ,– նշել է Ա.Նռանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը