Լրահոս

15.04.2011 18:09


«Ժառանգություն». «Մարզպետները` կրթությունը տապալողներ»

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ պատգամավորը հիշեցնում է վերջերս Կառավարության կողմից մարզպետների գործունեությանը տրված  բարձր գնահատաականները, միաժամանակ վկայակոչելով հանրակրթության ոլորտում առկա աղետալի վիճակը, որի համար պատասխանատվության իրենց  բաժինն ունեն նույն «բարձր» գնահատանքի արժանացած մարզպետները:

«Ժառանգություն» պատգամավորի նամակում մասնավորապես ասվում է.

«Վերջերս մարզպետները գնահատվեցին ՀՀ տարածքային կառավարման, գյուղատնտեսության, քաղաքաշինության, ֆինանսների, կրթության նախարարությունների եւ մի շարք այլ գերատեսչությունների կողմից: Բարձր են գնահատվել մարզպետներ, որոնց ենթակայության հանրակրթական դպրոցներում կրթության որակը, ըստ Գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոնի, հանրակրթական ուսումնական հաստատություններում 2010-2011թթ. անցկացրած 6 տիպի արտաքին ընթացիկ գնահատման արդյունքների, միջինից ցածր է` 10-ից 4.5 միավոր: ՀՀ պաշտպանության նախարարության 2010 թվականի ցուցանիշներով Ազգային բանակում 259 անգրագետ զինվորները նաեւ մարզպետարանների վատ աշխատանքի արդյունք են: Երեխաների կրթության իրավունքը մարզերում անհասանելի է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շատ երեխաների համար. նրանք զրկված են իրենց սահմանադրական իրավունքի իրացումից: Որոշ դպրոցներում տարածված են երեխաների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող, ՀՀ գործող օրենսդրությամբ պատժելի բռնության դեպքեր: Որոշ դպրոցների տնօրենների նկատմամբ հարուցված են կաշառակերության, կեղծարարության, աշակերտին ծեծելու եւ հայհոյելու համար քրեական գործեր, որոնք օրինական ընթացք չեն ստանում:

Ստիպված եմ հերթական անգամ բարձրաձայնել. մարզպետների համար դպրոցներն ընդամենը ընտրություններում իրենց եւ իշխանության համար ձայն ապահովողներ են, տնօրենների մեծ մասը` իրենց կողմից կառավարելի: Տնօրենները մարզպետի կողմից գնահատվում են ոչ թե ըստ աշակերտների ստացած գիտելիքների գնահատականների կամ դպրոցում ստեղծված առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, այլ` ծառայամտության ու ապօրինությունների մեջ համագործակցելու համար:

Եթե Կառավարությունը հետեւում է լրատվությանը, ապա չի կարող անտարբեր մնալ այն ամենին, ինչ կատարվում է, օրինակ, Գյումրու Սլաբոդկա թաղամասի թիվ 1, Էջմիածնի թիվ 2 ավագ, Երեւանի թիվ 68 դպրոցներում, կամ էլ Ապարանի թվով 9 դպրոցներում Վերահսկիչ պալատի բացահայտած 21.5 մլն դրամի հավելագրումներին:

Խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում պատասխանել, թե վերոնշյալ դպրոցների տնօրենների նկատմամբ հարուցված քրեական գործերը որքանո՞վ են Ձեզ հետաքրքրում եւ որքանո՞վ եք համաձայն, որ Կառավարության կողմից մարզպետների գնահատման չափորոշիչները չեն բխում կրթության ոլորտում առկա վտանգները վերացնելու պետական անվտանգության շահերից»,- ասված է պատգամավոր Ա. Բախշյանի նամակում:

Այս խորագրի վերջին նյութերը