Լրահոս

15.04.2011 17:42


ՀՀ պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ տնտեսական խորհրդի 49-րդ նիստի աշխատանքներին

Ուկրաինայի Յալթա քաղաքում այսօր կայացավ ԱՊՀ տնտեսական խորհրդի 49-րդ նիստը, որի աշխատանքներին մասնակցեց նաեւ ՀՀ պատվիրակությունը` ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր 15 հարց, որոնք վերաբերում էին ԱՊՀ երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին:

Մասնավորապես քննարկվեց եւ հավանության արժանացավ «Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին» պայմանագրի նախագիծը, որն ուղղված է ԱՊՀ տարածքում առեւտրի լայնածավալ ազատականացման համար միասնական, ժամանակակից պահանջներին համապատասխանող պայմանագրային բազայի ձեւավորմանը: Փաստաթղթի վերաբերյալ հայկական կողմը ներկայացրեց իր դիտարկումները` ծխախոտի ներմուծման կարգի առնչությամբ:

Նախատեսվում է, որ նախագիծը կներկայացվի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի քննարկմանը:

Նիստում քննարկվեցին նաեւ ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի նախագիծը, ԱՊՀ 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսի նախապատրաստման ընթացքը, ինչպես նաեւ տրանսպորտի, գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման, սպառողական անվտանգության եւ մի շարք ոլորտներում համագործակցության հրատապ հարցեր:

ՀՀ փոխվարչապետը ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամներին տեղեկացրեց մարտի 25-ին Հայաստանում կայացած ԱՊՀ միջռեգիոնալ եւ մերձսահմանային հարցերով համագործակցության  խորհրդի երկրորդ նիստի արդյունքների մասին, ինչպես նաեւ ներկայացրեց նշված խորհրդի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ հայկական կողմի նկատառումները:

ՀՀ պատվիրակությունը մասնակցեց նաեւ ԱՊՀ երկրների տնտեսական միջավայրի բարելավմանը, ներդրումների խրախուսմանը, տնտեսական կայուն զարգացմանը եւ մրցունակության բարձրացմանը նվիրված «Յալթայի գործարար հանդիպումներ»միջազգային ներդրումային համաժողովին:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը