Լրահոս

15.04.2011 16:06


Տիգրան Թորոսյան. «Կառավարությունը խոսելուց բացի պետք է լուծի խնդիրները»

Տիգրան Թորոսյան. «Կառավարությունը խոսելուց բացի պետք է լուծի խնդիրները»

Ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկել է 2011թ. հունվարի 26-ին ստորագրված ՀՀ և ՎԶՄԲ-ի միջև «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը:

ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանին վրդովված ընդգծել է, որ 12 տարիների ընթացքում չի հիշում, թե վարկային ծրագիր կամ որևէ նախագիծ ներկայացնի նախարարի խորհրդականը:

-Սա նոր որակի մոտեցում է: Հարցադրումն ուղղված չէ զեկուցողին: Այն ուղղված է կառավարությանն ու Ազգային ժողովին,- ասել է Տիգրան Թորոսյանն ու ընդգծել, որ ԱԺ ամբիոնից ներկայացվող ծրագրերը չեն ներկայացվում որպես զուտ տեխնիկական ծրագրեր, այլ առաջին հերթին որպես քաղաքական փաստաթղթեր, և դրանք պետք է ներկայացնեն մարդիկ, ովքեր արտահայտում են կառավարության քաղաքական դիրքորոշումները:

Նա նշել է, որ չնայած ներկայացված ծրագիրն ուղղված է մի շարք խնդիրներ լուծմանը` ազգային լայնաշերտ ինտերնետ ցանցի ծառայություններ ստեղծմանը, թվային քաղաքացի ծրագրի, համակարգիչ բոլորի համար ծրագրի իրագործմանը, գիտելիքի և տեխնոլոգիական հիմք ունեցող ծրագրերի ստեղծմանն, աճին ու մրցունակության խթանմանն ու բիզնես միջավայրի բարելավմանը, այդուհանդերձ հասկանալի չէ, թե որ խնդիրներից են բխում այդ նպատակները:

-Օրինակ՝ համակարգիչ բոլորի համար: Իսկ ինչո՞ւ այսօր պետք է համակարգիչ ապահովվի բոլորի համար,- ատարակուսել է Տիգարն Թորոսյանն ու հարց ուղղել,- Արդյո՞ք մեր երկրում կա որևէ մարդ, ում համար համակարգիչ ունենալն իրական նպատակ է և նա չի կարողանում այդ համակարգիչը ձեռք բերել: Կրծում եմ՝ ոչ: Սա մեր երկրի համար խնդիր չէ:

Ինչ վերաբերում է գիտական ոլորտի զարգացմանը, ապա Տ. Թորոսյանն ընդգծել է, որ եթե մի կառավարություն, որը գիտությունների դոկտորներին, բաժինների վարիչներին ընդամենը 50-55 հազար դրամ աշխատավարձ է վճարում, ապա ճիշտ կլինի, որ այդ կառավարությունն ԱԺ ամբիոնից ընդհանրապես գիտության մասին չխոսի:

Ինչ վերաբերում է բիզնես միջավայրի բարելավմանը, նա ընդգծել է, որ այն բարելավելու համար անհրաժեշտ է առաջին հերթին մրցակցային պայմաններ ստըեղծել ու բարելավել հարկային ու մաքսային վարչարարությունները: Այս հարցում, Տ.Թորոսյանի խոսքերով՝ կառավարությունն անընդհատտ ասում է, որ ինքն էլ տեսնում է առկա բազմաթիվ խնդիրներն ու ի տարբերություն նախորդ իշխանությունների` խոսում է դրանց մասին:

-Իհարկե խոսում եք, բայց կառավարությունը խոսելուց բացի պետք է նաև լուծի այդ խնդիրները,- նշել է Տիգրան Թորոսյանն ու ասել, որ ցավոք ինչպես այլ վարկային ծրագրերի հետ կապված, այնպես է այս դեպքում որևէ հիմնավորում չկա, թե ինչու ՀՀ-ն պետք է վերցնի այդ վարկը:

Նա ընդգծել է, որ Համաշխարհային բանկը բնականաբար ռիսկայնություն չի տեսնում, քանի որ շատ լավ գիտի, որ պետությունն այդ գումարները վճարելու է, սակայն եթե խոսենք պետության խնդիրների մասին, ապա հարկ է նշել կտրուկ մեծացած արտաքին պարտքը:

-Ցավոք, որևէ մեկը չի կարող համոզել, որ այդ վարկային ծրագրերը և հատկապես հենց սա ծառայելու են մեր երկրի առջև ծառացած խնդիրներին,- եզրափակել է  Տիգրան Թորոսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը