Լրահոս

15.04.2011 15:01


«Forbes»–ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների անունները, որոնց թվում նաև հայեր կան

Ինչպես հայտնում է «BBC»–ն, ամերիկյան հեղինակավոր «Forbes» ամսագրի ռուսական գործակալությունը հրապարակել է երկրի ամենահարուստ գործարարների  վարկանշային աղյուսակը։

Ամսագրի տվյալներով՝ ցուցակում առաջին 100 տեղը զբաղեցնողները, անցած տարվա տվյալների հետ համեմատած, իրենց ամբողջական ունեցվածքը կրկնակի մեծացրել են։

Այս տարի Ռուսաստանի 100 ամենահարուստ գործարարների ընդհանուր հարստությունը կազմել է 432 մլրդ դոլար։ Մեկ տարի առաջ այն կազմում էր 297 մլրդ դոլար։ Ընդ որում, «Forbes»–ի տվյալներով՝ դոլարային միլիարդատերերի թիվը 62–ից հասել է 101–ի։

2011թ. «Forbes»–ը վարկանշային աղյուսակում ընդգրկել է ոչ թե 100, այլ 200 գործարարի։

Վարկանշային աղյուսակի  հաջորդ 100–յակի ընդհանուր կապիտալը կազմում է 67 մլրդ դոլար։

Վարկանշային աղյուսակը  գլխավորողն անցած տարվանից ի վեր չի փոխվել՝ Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի տնօրենների խորհրդի ղեկավար Վլադիմիր Լիսինն է։ Ինչպես գրել է գործակալությունը, այս տարի նրա կարողությունը 15,8 մլրդ դոլարից հասել է 24 մլրդ–ի։

Երկրորդ տեղում «Սևերստալի»–ի գլխավոր տնօերն Ալեքսեյ Մորդաշովն է, որի կապիտալը 18,5 մլրդ դոլար է, իսկ երրորդ տեղում «ОНЭКСИМ» խմբի ղեկավար Միխայիլ Պրոխորովն է՝ 18 մլրդ դոլար կապիտալով։

Տարվա մեջ  ամենաշատ գումարը վաստակել է «Գազարդինվեստհոլդինգ» ընկերության ղեկավար Ալիշեր Ուսմանովը։ Մեկ տարվա մեջ նա 10,5 մլրդ դոլարից իր կարողությունը հասցրել է 17,7 մլրդի։

Նախորդ տարվա պես՝ վարկանշային այս ցանկում ընդամենը  մեկ կին կա՝ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը՝ «Ինտեկո» ընկերության նախագահ Ելենա Բատուրինան, ով  մեկ տարում կորցրել է իր ունեցվածքի կեսից ավելին։ «Forbes»–ի տվյալներով՝ այժմ Ելենան 1,2 մլրդ–ի սեփականատեր է։

2011թ. վարկանշային այս աղյուսակում ընդգրկվածների միջին տարիքը 49,5 է։ Ցուցակի  ամենաերիտասրադ անդամը «Դաշինքի խումբ» ընկերության համասեփականատեր 15–ամյա Դենի Բաժաևն է՝ հոլդինգի հիմնադիր, 2000թ. ավտովթարից զոհված Զին Բաժաևի միակ որդին և ժառանգորդը։

«Forbes»–ը հրապարակել է նաև Ռուսաստանի ամենահարուստ հայերի անուները։ 1,5 մլրդ դոլար ցուցանիշով ամենահարուստ հայեր են ճանաչվել ապահովագրական ոլորտը ներկայացնող «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերության հիմնական բաժնետերեր Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները, որոնց նախորդ տարվա կարողությունը 950 մլն դոլար է եղել, և «Ռոսգոսստրախ» ընկերության հիմնական բաժնետեր Դանիլ Խաչատուրովը, որի նախորդ տարվա կարողությունը 1,2 մլրդ դոլար է եղել։

Այս եռյակին հաջորդում է «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ 1,4 մլրդ դոլար ունեցվածքով, որի նախորդ տարվա կարողությունը  750 մլն դոլար էր։

Աղյուսակի 180–րդ հորիզոնականում է հայտնվել հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը, որի կարողությունը գնահատվել է 0,5 մլրդ դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը