Լրահոս

15.04.2011 13:30


ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հաստատել է վիրավորանքի և զրպարտության հետ կապված վարձատրության չափը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի

խորհրդի 14.04.2011թ. 8-րդ նիստի

ՈՐՈՇՈՒՄ թիվ  8/6-Լ

ք.Երևան

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդը,  քննարկելով Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման քաղաքացիական գործով դատական ծախսերի մեջ ներառող փաստաբանի ողջամիտ վարձատրությունը որոշելու կարգը  (այսուհետ` Կարգ) հաստատելու հարցը,

հաշվի առնելով Պալատի խորհրդին առընթեր գիտա-վերլուծական կենտրոնի 13.04.2011թ. թիվ 13-Լ եզրակացությամբ ներկայացված դիրքորոշումը,

ՊԱՐԶԵՑ`

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածը 2008թ. հունվարի 1-ից գործում է հետևյալ խմբագրությամբ` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի     59-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` ներկայացուցիչներին վճարվող գումարների գծով դատական ծախսի փոխհատուցումը դրվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կամ համայնքի վրա, եթե գործը լուծվել է ի վնաս իրենց: Փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը:

Դատավարական այս օրենքներում օրենսդիրն օգտագործել է “ողջամիտ” կամ “խելամիտ” վարձատրություն հասկացությունը, ինչով դատավորին օժտել է պայմանագրում նշված գումարի ողջամտությունն ինքնուրույն որոշելու լայն հնարավորությամբ:

Հաշվի առնելով դատական ծախսերի սահմանման հատուցողական (կոմպենսացիոն) և նախազգուշական (պրևենտիվ) նպատակները, օրենսդիրն իրավացիորեն ղեկավարվել է “պարտվող կողմը վճարում է” սկզբունքով: Այս մոտեցումն ուղղակիորեն հաղորդագրություն է հասարակության անդամներին` իրենց վարքագիծը գործող օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու առումով: Մասնավորապես, պարտազանց քաղաքացին պարտադրված կկատարի իր քաղքացաիրավական պարտականությունը, որպեսզի հակառակորդ կողմի կրած դատական ծախսերը (այդ թվում փաստաբանի վարձատրության գումարը) իր վրա չդրվի, կամ էլ անձն անհիմն հայց ներկայացնելուց առաջ մտածի պատասխանողի համար առաջացող և իր վրա հետագայում դրվող դատական ծախսերի մասին:

Օրենսդիրը, սահմանափակելով փաստաբանի վարձատրությունը, ողջամտության կամ խելամտության “չափորոշիչով”, փորձել է բացառել իրավունքը չարաշահելու դեպքերը: Այդպիսին կարող է հանդիսանալ, օրինակ, հայցվորի կողմից ակնհայտ անվիճելի, 1.000.000 ՀՀ դրամ պահանջով, լրացուցիչ 3.000.000 ՀՀ դրամ փաստաբանին վարձատրություն տալու և հակառակորդից այն պահանջելու դեպքը: Իհարկե օրենսդրորեն որևէ սահմանափակում նախատեսված չլինելու դեպքում, դատարանը պարտադրված կլինի հայցը բավարարելու հետ զուգընթաց բաշխել նաև դատական ծախսերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը 1087.1 նոր հոդվածով (պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները) լրացվելուց հետո լրատվական գործունեություն իրականացնողների դեմ ներկայացվող պահանջներով այդ հոդվածով նախատեսված փոխհատուցման նվազագույն աշխատավարձի` վիրավորանքի դեպքում մինչև 1000-ապատիկի, իսկ զրպարտության դեպքում մինչև 2000-ապատիկի չափերով պահանջներից բացի, ներկայացվում են փաստաբանի վարձատրության փոխհատուցման պահանջներ, որոնք վերջին ժամանակաշրջանում քննվող գործերով միջինը կազմում են 2.000.000 ՀՀ դրամ:

Այս պահանջների դեպքում, դատական մարմինները օբյեկտիվորեն կարող են անհամաչափ միջամտել լրատվական գործունեություն իրականացնողների գույքային վիճակին, չունենալով փաստաբանի ծառայության ողջամտությունը սահմանող որևէ չափանիշ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 4-րդ մասով զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը (լրատվական գործունեություն իրականացնողը), հետևաբար հայցվորը շատ անելիք չունի դատարանում, ինչպես նաև նույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված փոխհատուցման մեծ սակագները, Պալատի խորհուրդը գտնում է, որ ողջամիտ փաստաբանի վարձատրության չափը չի կարող գերազանցել`

1) վիրավորանքի և/կամ զրպարտության միջոցով արատավորված պատվի և արժանապատվության  պաշտպանության պահանջի գործով նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից,

2) վիրավորանքի և/կամ զրպարտության միջոցով արատավորված գործարար համբավի պաշտպանության պահանջի գործով նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից:

Պալատի խորհուրդն արձանագրում է, որ խորհրդատվական բնույթ ունեցող Կարգը չի կարող սահմանափակել  փաստաբանների կողմից իրենց կամքով պայմանագիր կնքելու և դրա պայմանները որոշելու ազատությունը նաև այն պատճառով, որ այն սահմանում է ոչ թե` փաստաբանի և նրա վստահորդի փոխհարաբերությունները (վստահորդը կարող է փաստաբանին վճարել իրենց միջև պայմանավորված վարձատրության գումարը), այլ` դատավարական հակառակորդ կողմից այդ գումարի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:

Ելնելով վերոգրյալից,

հաշվի առնելով փաստաբանի վարձատրության լրացուցիչ պահանջներով լրատվական գործունեություն իրականացնողներին արհեստականորեն ծանրաբեռնելու հնարավոր դրսևորումները բացառելու, միատեսակ չափանիշներ կիրառելու և փաստաբանների նկատմամբ վստահությունը պահպանելու անհրաժեշտությունը,

նկատի ունենալով նաև 14.04.2011թ. Պալատի կողմից կազմակերպված լրատվական գործունեություն իրականացնողների ներկայացուցիչների, փաստաբանների և ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկման արդյունքները,

հիմք ընդունելով “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքի 7-րդ և 10-րդ հոդվածների պահանջները,

Պալատի խորհուրդը`

ո ր ո շ ե ց`

- Հաստատել Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման քաղաքացիական գործով դատական ծախսերի մեջ ներառող փաստաբանի ողջամիտ վարձատրությունը որոշելու կարգը (կցվում է):

Պալատի նախագահի պաշտոնակատար`Արա Զոհրաբյան

Այս խորագրի վերջին նյութերը