Աշխարհ

12.09.2020 21:10


Վրաստանը երկարաձգել է կանոնավոր ավիաչվերթների վերսկսման արգելքը մինչև նոյեմբերի 1-ը

Վրաստանը երկարաձգել է կանոնավոր ավիաչվերթների վերսկսման արգելքը մինչև նոյեմբերի 1-ը

Վրաստանը երկարաձգել է կանոնավոր ավիաչվերթների վերսկսման արգելքը մինչև նոյեմբերի 1-ը:

Համապատասխան NOTAM-ին (Notice to Airme՝ ծանուցում օդային նավիգացիոն տեղեկատվության հավաքագրման մեջ AIP-ի փոփոխության վերաբերյալ) տարածվել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության կողմից:

«Միջազգային կանոնավոր ավիափոխադրումների սահմանափակումը երկարաձգվել է և ուժի մեջ է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 31-ը»,-ասված է Քաղաքացիական ավիացիայի գործակալության հաղորդագրության մեջ:

«Lufthansa»-ն շաբաթական երկու անգամ ավիաչվերթներ է իրականացնում Թբիլիսիից Մյունխեն, իսկ Փարիզից՝ «Air France»-ը, նույնպես շաբաթը երկու անգամ: Ինչ վերաբերում է Ռիգային, ապա «Air Ballic»-ը դեռևս ավիաչվերթ է իրականացնում միայն շաբաթը մեկ անգամ:

Մարտ ամսից ի վեր, Վրաստանը դադարեցրել է կանոնավոր ավիաթռիչքները բոլոր երկրների հետ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Կառավարությունն ի սկզբանե խոստացել էր, որ սկսելու են ընդունել միջազգային ճանապարհորդներին հուլիսի 1-ից, բայց հետո հայտարարվեց, որ աշխարհում ստեղծված համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով կանոնավոր միջազգային ավիաչվերթների բացումը հետաձգվում է մինչև օգոստոսի 1-ը: Այնուհետև այս ժամկետը երկարաձգվեց մինչև սեպտեմբերի 1-ը, իսկ հետո` մինչև հոկտեմբերի 1-ը, այժմ էլ՝ մինչև նոյեմբերի 1-ը:

Կառավարությունն ավիաչվերթների բացման հետաձգումը պատճառաբանում է կորոնավիրուսի տարածման սպառնալիքով և քաղաքացիների առողջության համար հոգածությամբ:

Ավելի վաղ, Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել էր, որ կառավարությունը հրաժարվել է օգոստոսին ավիաչվերթների թույլտվություն տրամադրել երկու ցածր գնով գործող ավիաընկերություններին` «Wizzair»-ին և «Ryanair»-ին, որոնք միանգամից առաջարկում էին Վրաստանից ավիաչվերթներ իրականացնել 10 ուղղություններով:

Թուրնավան նշել է, որ ավիաչվերթները նույնիսկ շաբաթը երկու անգամ ավիաընկերությունների համար անշահավետ կլինի, ուստի նրանք ձգտում են ավելացնել չվերթները: Մինչդեռ Էկոնոմիկայի նախարարը բարձրաձայնեց կառավարության դիրքորոշումը, ըստ որի, ոչ Վրաստանը, ոչ էլ մնացած աշխարհը դեռ պատրաստ չեն վերսկսել ինտենսիվ օդային երթևեկությունը:

«Երբ մենք պատրաստ կլինենք դրան, պատրաստ լինի աշխարհը, և այն երկրները, որտեղից չվերթներ են իրականացվում, մենք թույլ կտանք այդ չվերթները»,-ասել է Թուրնավան:

Վրաստանը այն երկրների ցանկում է, որոնց համար Եվրամիությունը հուլիսի 1-ին բացել է իր սահմանները, սակայն Վրաստանի կառավարությունը անվերապահորեն ընդունում է ԵՄ միայն հինգ երկրների քաղաքացիների՝ Գերմանիա, Ֆրանսիա, Լատվիա, Լիտվա և Էստոնիա: Կառավարության վերջերս ընդունած որոշման համաձայն՝ այս երկրների քաղաքացիները սեպտեմբերի 15-ից նույնպես պարտավոր կլինեն ներկայացնել PCR թեստի արդյունքը, որն անցկացվել է Վրաստան ժամանելուց 72 ժամ առաջ:

Միևնույն ժամանակ, Վրաստանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր արտերկրից ժամանում են երկիր, ներառյալ վերոնշյալ երկրներից, պետք է պարտադիր կարանտին անցնեն՝ պետության հաշվին: Կարանտինի շրջանը վերջերս կրճատվել է՝ դառնալով ութ օր, իսկ 12-րդ օրը անհրաժեշտ է երկրորդ PCR թեստ է անցկացնել:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը