Տնտեսական

12.09.2020 10:20


Աշխատանք փնտրողների թիվն ավելացել է․ «Ժողովուրդ»

Աշխատանք փնտրողների թիվն ավելացել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին՝ կառավարության նիստի ժամանակ, նշել էր, թե 2020 թվականի հուլիսի դրությամբ հանրապետությունում առկա է 613 հազար 62 աշխատատեղ: «2019-ի համեմատությամբ դա ավելի է 6597 աշխատատեղով՝ 1.1 տոկոսով, այսինքն՝ 2020 թվականի հուլիսին ավելի շատ գրանցված աշխատատեղ ունենք, քան 2019 թվականի հուլիսին: Ընդ որում, աշխատավարձերի ֆոնդերը, այսինքն՝ այն աշխատավարձը, որ համախառն ստացել են բոլոր աշխատողները, այս տարի 9 մլրդ 765 մլն դրամով կամ 8.3 տոկոսով ավելի է, քան 2019 թվականին, եւ մեկ մարդու միջին աշխատավարձն ավելի է 13 հազար 841 դրամով կամ 7.14 տոկոսով»,-նշել էր Փաշինյանը:

Միեւնույն ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ աշխատանք փնտրողների թիվը 2020թ. հուլիսի դրությամբ կազմել է 88 հազար 196 մարդ, ինչը 5376 մարդով կամ 6.5%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 5387 մարդով կամ 6.5%-ով ավելի է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:

Իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2020թ. հուլիսի դրությամբ կազմել է 60 հազար 126 մարդ, ինչը 3117 մարդով կամ 4.9%-ով պակաս է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 7951 մարդով կամ 11.7%-ով պակաս է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:

Ստացվում է՝ Հայաստանում առկա է 613 հազար 62 աշխատատեղ, սակայն 88 հազար 196 մարդ աշխատանք է փնտրում, 60 հազար 126 մարդ էլ գործազուրկ է»:

Այս խորագրի վերջին նյութերը