Լրահոս

14.04.2011 19:17


ԱԺ դատարկ դահլիճում «քննարկվել» է կրթության զարգացման պետական ծրագիրը

ԱԺ դատարկ դահլիճում  «քննարկվել» է կրթության  զարգացման պետական ծրագիրը

Ապրիլի 14–ին «ՀՀ կրթության և գիտության 2011–2015թթ. զարգացման ծրագիրը» առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի դատարկ դահլիճում։ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով ծրագիրն ասել է, որ այն ունենալու պարտավարություն ՀՀ–ն ունի Կրթության մասին ՀՀ օրենքով։

Նա նշել է, որ ծրագիրը լայնորեն քննարկվել է, կազմակերպվել են նաև խորհրդարանական լսումներ, որից հետո նախագիծը ենթարկվել է որոշակի փոփոխությունների։

Կրթության զարգացման պետական ծրագիրն իր մեջ ներառում է քաղաքական այն միտումները, որոնք այսօր արդիական ու կենսունակ են ՀՀ կրթական համակարգի համար։ Նախարարի խոսքերով ներկայացված ծրագիրը պարունակում է ստեղծված իրավիճակի ազնիվ վերլուծություն, իսկ ներկայացված տվյալները զուրկ են պոպուլիստական ոճի ներկայացումից։

Ներկայացված տարբերակն իր մեջ ներառում է նախադպրոցական կրթությունից մինչև հետբուհական կրթություն բոլոր ոլորտներում իրականացվող կամ իրականացվելիք այն քայլերի հաջորդականությունն ու առաջնահերթությունը, որոնցով կառավարությունն ու ԿԳ նախարարությունն առաջնորդվում են։

Ծրագիրը, նախարարի ներկայացմամբ, կառուցված է 3 հիմնական դրույթների վրա՝ կրթության մատչելիության առավել ապահովում, կրթության որակի ապահովում և կրթության արդյունավետության գնահատում։

Առաջարկվում  է նաև միջազգային կրթական գործընթացներին, ուղղություններին համահունչ լինելու գործիքակազմ։ Ծրագիրն, ըստ նախարարի խարսխված է ոչ թե մոդայիկ տենդենցների ու բարի ցանկությունների վրա, այլ իրատեսական է։ Ֆինանսական առումով ծրագիրը խարսխված է ինչպես պետական բյուջեի ընթացիկ տարվա համապատասխան հատկացումների, այնպես էլ միջազգային դոնոր կազմակերպությունների հատկացումների վրա։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանն անդրադարձել է մարզերում, հատկապես` սահմանամերձ, ուսուցիչների պակասին ու հետաքրքրվել է` հնարավո՞ր է արդյոք որոշ արտոնություններ տալ այն անձանց, ովքեր ցանկություն են հայտնում դասավանդել սահմանամերձ գյուղերում։

Ի պատասխան ԿԳ նախարարն ասել է, որ նախադպրոցկան կրթական համակարգում Համաշխարհային բանկի երկրորդ վարկային ծրագրով 144 համայնքներում բացվելու են նախակրթարաններ։

Նախարարն ասել է, որ մարզերում ու սահմանամերձ մարզերում դասավանդող ուսուցիչների աշխատավարձի տարբերություն արդեն այսօր կա և կլինի նաև ապագայում։

Իր եզրափակիչ խոսքում նա նշել է, որ ծրագիրը սկսել է մշակվել դեռևս ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի, այնուհետև շարունակվել է ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի օրոք և վերջնական տեսքի է բերվել ներկայումս, հետևաբար ներկայացված ծրագիրը թիմային աշխատանքի արդյունք է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը