Հարցազրույց

14.04.2011 15:17


Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

Հարցազրույց ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանի հետ

–Ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական ներկա վիճակը։ Մասնավորապես՝ հնարավոր համարու՞մ եք, որ իշխանություններն ու ՀԱԿ–ը համաձայնության եկած լինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ։

-Այն որ իշխանություններն ու ՀԱԿ-ը պայմանավորվածություններ ձեռք էին բերելու համատեղ գործելու` ընդդեմ ժողովրդի արդարացի ընդվզման, ինձ պարզ էր վաղուց, ինչի վկայությունն են այս ողջ ընթացքում իմ բազմաթիվ հրապարակային ելույթներն այդ ուղղությամբ: Սակայն ամեն ինչ կորած չէ: Խորհրդարանական ընտրություններին դեռ մեկ տարի կա ու ՀԱԿ-ից դուրս գտնվող ընդդիմադիր ուժերով հուսով եմ կկարողանանք մեր ջանքերը մեկտեղել եւ գաղափարական ու արժեհամակարգային այլընտրանք ներկայացնել առաջին և երրորդ նախագահների տանդեմին: Ի դեպ, այստեղ գաղափարական այլընտրանքը վերապահումով եմ ասում, քանի որ նշածս անձերն ու նրանց սատարող ուժերը որևէ գաղափար չեն էլ ներկայացրել մինչ օրս, որ մենք էլ այլընտրանք ներկայացնենք:

–Այդ դեպքում նրանց ինչի՞ն պետք է այլընտրանք ներկայացնել։

–Մենք այլընտրանք պետք է ներկայացնենք նրանց գործելաոճերին, որոնք կործանարար են մեր երկրի համար` հակադրելով դրանց մեր գաղափարները: Այսինքն սա միակն դեպքն է լինելու, որ հասարակությունը ընտրություն կատարի ծրագրերի ու գաղափարների շուրջ բանավեճի արդյունքում, այլ ոչ թե` անձերի որակների:

–Արտահերթի հավանականությունն ինչքա՞ն եք գնահատում։

–Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որքան էլ շահավետ են և՛ իշխանությանը և՛ ՀԱԿ-ին, այնուամենայնիվ, Ս.Սարգսյանը չի գնա դրան, քանի որ նա չի կարող Լ.Տեր-Պետրոսյանի հետ պայմանավորվածություններին հավատալ: Չէ՞ որ այս երկու շախմատասերներն իրար խաղերը լավ գիտեն, և նախագահին հայտնի է, որ սեփական նպատակին հասնելու համար Տեր-Պետրոսյանը առանց աչքը թարթելու կարող է հանգիստ խղճով յուրայիններին զոհաբերել քաղաքական խաղատախտակի վրա, ուր մնաց, թե իշխանությունների թուլությունից ու զգոնության բթացումից չօտգվի:

–ՀԱԿ ներկայացուցիչները շարունակում են խոսել արտահերթից։ Դա նրանց ցանկությու՞նն է, թե՞ հավատում են պայմանավորվածություններին։

–Եթե այսօր ՀԱԿ-ականները հայտարարում են, որ չունեն գործողությունների ծրագիր, որ այն կորոշվի հենց ապրիլի 28-ի հանրահավաքի օրը, որ կտեսնեն, թե որքան մարդ է հավաքվել ու ըստ դրա կգործեն, այդ դեպքում ինչպե՞ս կարելի է նման ուժի հետ պայմանավորվել: Երբ նրանք հստակ հասկացնում են, որ եթե հավաքվի 150 հազար մարդ, ուրեմն կասեն «Սերժիկ հեռացիր» ու կգրոհեն Բաղրամյան պողոտան, իսկ եթե հավաքվի 15 հազար մարդ, ուրեմն Տեր-Պետրոսյանի վաղեմի ընկեր «չհեռացող Սերժիկին»` թախանձագին կխնդրեն իրենց էլ նկատի ունենա ապագա խորհրդարանում: Սա նշանակոււմ է, որ Ս.Սարգսյանն ամեն ինչ կանի, որ այս մեկ տարվա ընթացքում Տեր-Պետրոսյանն այնքան թուլանա, որ նրա ղեկավարած ՀԱԿ-ի համար անգամ 5-7% ձայն հավաքելը դառնա երազանք: Ու այս ընթացքում, բացի առաջին նախագահի անհույս նվիրյալների մի քանի հազար հոգուց, ավելի մարդ այլևս չգա հանրահավաքի: Այ այդ կարգավիճակում հայտնված Տեր-Պետրոսյանի հետ Ս.Սարգսյանը կպայմանավորվի: Ավելին սպասել նրանից ուղղակի լուրջ չէ, քանի որ նա ամեն ինչ անում է, որ անկանխատեսելի իրավիճակներից խոսափի, և դրա համար անգամ Գագիկ Ծառուկյանի հետ փորձեց իր հարաբերությունները հստակեցնել վաղօրոք: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը ուզում է իր գինը ֆիքսել հրապարակային աճուրդի միջոցով, այն էլ, որ դա ուղղակիորեն պայմանավորված լինի միտինգավորների քանակով:

–Այսինքն արտահերթը գրեթե բացառու՞մ եք։

–Հստակ հայտարարում եմ, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու: Սա իհարկե կործանարար է ՀԱԿ-ի համար, քանի որ նրանք այդպես էլ այս տարիների ընթացքում չկարողացան կատարել հասարակությանը տված խոստումը, այնպես որ հերթական ընտրություններին իրենց մասնակցությամբ երկրում բան փոխելու հեքիաթներով այլևս ոչ ոքի չեն կարողանա խաբել:

–Սարգսյանի ու Տեր–Պետրոսյանի իրական կամ վիրտուալ պայմանավորվածությունների դաշտից դուրս գտնվող մյուս ուժերի քայլերն ինչպե՞ս եք տեսնում։

–Հերթական ընտրությունների պատրաստվող ընդդիմադիր դաշտի մյուս քաղաքական ուժերը` ամենևին չբացառելով ֆորս-մաժորային իրավիճակների պարագայում նաև արտահերթը, կփորձեն համախմբվել առաջին հերթին գաղափարական հենքի վրա, որի ականատեսը կարծում եմ կլինենք մոտ ապագայում: Եվ զարմանալի չպետք է լինի, որ կարող են ընդդիմադիր դաշտում մեկից ավելի ձևաչափեր լինել, ու սա ամենևին չպետք է դիտարկել որպես ընդդիմադիր դաշտի պառակտում: Ողջ ընդդիմության համախմբում հերթական ընտրությունների պարագայում քիչ հավանական է, եթե չասեմ անտրամաբանական, քանի որ երկրի ապագայի նկատմամբ պատկերացումները գաղափարական առումով միանգամայն տարբեր են:      

Այս խորագրի վերջին նյութերը