Լրահոս

14.04.2011 14:34


Կառավարության նիստի ժամանակ բանավիճել են գյուղնախարարն ու ջրտնտպետկոմի նախագահը

Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ բանավեճի են բռնվել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը։ Վերջինիս այն հայտարարությունը, թե ոռոգման ջրից առաջին անգամ անվճար կարող են օգտվել միայն շուրջ 200 հազար գյուղացիական տնտեսություններ, քանի որ մյուս բանկավայրերում ջրամատակարարումը ինքնահոս եղանակով հնարավոր չէ իրականացնել, հետևաբար էլեկտրաէներգիայի ծախս է կատարվելու, հունից հանել է գյուղատնտեսության նախարարին։ «Հաշվարկը ճիշտ չէ։ Վերոնշյալ գյուղացիական տնտեսություններից ոչ բոլորը կարող են օգտվել այդ արտոնությունից, քանի որ «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» ծրագրով վերանորոգվող մայր ջրանցքների մի մասի շինաշխատանքները չեն ավարտվել։ Հետևաբար, ինքնահոս ջրամատակարարում այդ ջրանցքների միջոցով չի կատարվի»,–հայտարարել է Սերգո կարապետյանը։

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն անմիջապես արձագանքել է, թե նախարարի մտահոգությունը տեղին է, «քանի որ ծրագրով աշխատանքների շեղումներ են եղել»՝ հավելելով, որ առաջիկայում հարցը քննվելու է փոխվարչապետի մոտ։

Սերգո Կարապետյանը շարունակել է ներկայացնել իր դժգոհությունները. «Սածիլման աշխատանքները սկսվել են, սակայն ոռոգման հարցին դեռ լուծում չի տրվել։ Բոլորին բերեք առաջին ջուրը ձրի տանք»։

Երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքվեց, թե այդ դեպքում ծախսը ինչքան կկազմի, Սերգո Կարապետյանը անմիջապես պատասխանել է. «Ըստ Անդրանիկ Անդրեասյանի հաշվարկների՝ 800 մլն դրամ»։

Դա անարձագանք չի թողել Ջրտնպետկոմի նախագահը՝ հեգնելով, թե պատրաստ են ճշմարիտ հաշվարկներ անել։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, փորձելով կանխել խորացող բանավեճը,  հանձնարարել է  գյուղնախարարին մասնակից դարձնել փոխվարչապետի մոտ անցկացվելիք խորհրդակցությանը։

Այս խորագրի վերջին նյութերը