Հարցազրույց

14.04.2011 11:20


Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանով

Հարցազրույց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ

Չնայած ՀՀԿ տարբեր ներկայացուցիչներ բազմիցս հերքել են, այդուհանդերձ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության մասին լուրերը շարունակում են շրջանառվել։

–Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կարող են լինել, թե՛ նախկինում, թե՛ հիմա, թե՛ ապագայում, որոնք մարդկանց երևակայության արդյունք են ու իրականության հետ որևէ կապ չունեն։ Կոնկրետ ես՝ որպես կուսակցության խոսնակ, փաստերն եմ արձանագրում, իսկ փաստն այն է, որ ՀՀԿ օրակարգում նման հարց չկա ու չի քննարկվել։

Այդուհանդերձ՝ ՀՀԿ–ն ինչպե՞ս է գնահատում կառավարության, մասնավորապես վարչապետի գործունեությունը։

–Ես սպառիչ պատասխանեցի, որ մեր կուսակցության օրակարգում վարչապետի պաշտոնանկման խնդիր չի քննարկվում և չկա։ Այսօր կառավարությունը զբաղված է իր նախագահի հանձնարարականների իրականացմամբ։ Առաջնահերթություն հռչակվեց սոցիալական ոլորտի խնդիրների լուծումն ու գյուղատնտեսական վիճակի բարելավումը։ Կառավարությունն աշխատում է, և վարչապետն էլ իր հարցազրույցի ժամանակ տվել է իր կարծիքը։

Հաշվի առնելով առկա խնդիրները՝ ՀՀԿ–ն չի՞ համարում, որ վարչապետը ձախողել է երկրի տնտեսական քաղաքականությունը։

–Ձախողման մասին խոսք լինել չի կարող։ Մի բան կարող եմ ասել՝ մենք այս տարիների ընթացքում անցել ենք սոցիալ–տնտեսական ճգնաժամի միջով, ունեցել ենք լուրջ դժվարություններ, ունեցել ենք նաև որոշակի լուրջ առաջընթաց։ Ընդամենը մի քանի բան ասեմ և փակենք այս թեման։ Եթե բարձրանում են աշխատավարձերը 15%–ով, բարձրանում են կենսաթոշակները, տնտեսական աճ է արձանագրվում, դա դրակա՞ն է, թե՞ դրական չէ։ Բավարար է, թե բավարար չէ՝ դա այլ հարց է, որովհետև մեր հասարակության և բոլորի սպասելիքները շատ ավելի շատ են, ու երբ քո աշխատավարձը բարձրանում է մի քանի 1000 դրամով, բնականաբար, դրանով քո սպասելիքները չեն արդարացվում։ Դրա համար պետք է դնես ծրագիր մինիմում և մաքսիմում։ 14% տնտեսական անկումից հետո այսօր Հայաստանն աստիճանաբար գնում է դեպի տնտեսական աճ, և ես լավատես եմ այս հարցում ու կարծում եմ՝ կառավարությունն ի զորու է իրականացնել նախագահ Սարգսյանի դրած պահանջները։

Հենց ինքը՝ նախագահը, վարչապետի ու նախարարների հետ հանդիպման ժամանակ բավական կոշտ շեշտադրումներ արեց։

–Կոշտ շեշտադրումներ, բնականաբար, պետք են։ Սա խոսում է նրա մասին, որ նախագահը, իշխանությունը՝ նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև կառավարությունն ու առաջին հերթին իշխող քաղաքական ուժը՝ Հանրապետականը, տեսնում են այն խնդիրները, որոնք այսօր շուտափույթ լուծման կարիք ունեն։ Եվ նախագահի գործառույթներից մեկն էլ այն է, որ տեսնի առկա թերությունները՝ ի տարբերություն նախկին իշխանությունների, մատնանշի դրանք ու հանձնարարի, որ կառավարությունն ավելի լավ աշխատի և հստակ արդյունքներ պահանջի նրանցից։

Դժգոհություն, այդուհանդերձ, կա։

–Դժգոհությունն ու ձախողումը տարբեր բաներ են։ Դժգոհությունը կարող է լինել օբյեկտիվ և սուբյեկտիվ։ Հիմա մենք զբաղված ենք աշխատանք իրականացնելով, մենք զբաղված ենք հարցեր լուծելով, մենք զբաղված ենք նրանով, որ սոցիալ–տնտեսական բարեփոխումները տան իրենց արդյունքները։

Կադրային փոփոխություններ ակնկալո՞ւմ եք, ասենք՝ վարչապետին տեղափոխել այլ կառույց, այլ կառույցի ղեկավարին՝ վարչապետ նշանակել։

–Ես սպառիչ պատասխան տվեցի՝ ՀՀԿ–ն գործադիր խորհրդի երկու մարմիններում պաշտոնապես որևէ նման հարց չի քննարկել։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը