Լրահոս

14.04.2011 10:20


ՆԱՏՕ–ի ավիացիան հարձակում է գործել Տրիպոլիի շրջակայքում գտնվող զինամթերքի բունկերների վրա

ՆԱՏՕ–ի ավիացիան հարձակում է գործել Տրիպոլիի շրջակայքում գտնվող զինամթերքի բունկերների վրա

«Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչին, հաղորդում է, թե Լիբիայում «Միացյալ պաշտպան» գործողության մասնակից ՆԱՏՕ–ի ինքնաթիռները հրթիռառումբային հարվածներ են հասցրել մայրաքաղաք Տրիպոլիի շրջակայքում գտնվող զինամթերքների բունկերներին։

Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստի»–ն, նրա խոսքերով՝ հարձակման են ենթարկվել Լիբիայի մայրաքաղաքից 13 կմ հեռավորության վրա գտնվող ամրացված պաշտպանական կառույցները։

«Ալ–Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է Տրիպոլիի օդանավակայանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների մասին։

–Մենք կարող ենք հաստատել, որ հարված է հասցվել Տրիպոլիից 13 կմ հարավ–արևելքում տեղակայված զինամթերքների բունկերներին,–ասել է ՆԱՏՕ–ի ներկայացուցիչը։ Օդային հարվածի այլ մանրամասներ նա չի հաղորդել։

Փետրվարի կեսերից Լիբիայում զանգվածային ցույցեր էին սկսվել՝ պահանջելով երկրիը ավելի քան 40 տարի ղեկավարող Մուամար Քադաֆիի հրաժարականը։ Այդ ցույցերը հետագայում զինված հակամարտության վերածվեցին կառավարական ուժերի ու ապստամբների միջև։ Միջազգային կազմակերպությունները հայտարարում են հազարավոր զոհերի մասին, իսկ Լիբիայի իշխանությունները այն հերքում են։

Մարտի 17–ին ՄԱԿ–ի ԱԽ–ը Լիբիայում ոչ թռիչքային գոտի սահմանելու ու օտարերկրյա ռազմական միջամտության հնարավորության մասին որոշում է ընդունել։ Մարտի 19–ից սկսած՝ կոալիցիոն ուժերի գործողություններին մասնակցում են մասնավորապես Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ–ը, Կանադան, Բելգիան, Իտալիան, Իսպանիան, Դանիան, Նորվեգիան։

Լիբիայում իրականացվող գործողությունները մարտի 31–ին լիովին անցել են ՆԱՏՕ–ի ղեկավարության ներքո։ Հյուսիսատլանտյան դաշինքի գործողության (որը պայմանականորեն ստացել է «Միացյալ պաշտպան» անունը) նպատակը զինամթերք մատակարարելու բեռնարգելքի, ոչ թռիչքային գոտու ու քաղաքացիական բնակչության պաշտպանության համար միջոցառումների ապահովումն է։

Այս խորագրի վերջին նյութերը