Լրահոս

13.04.2011 22:45


Միջադեպ ԵԽԽՎ–ում. Էրդողանի թիկնապահը խոչընդոտել է ՀՀ ներկայացուցչի աշխատանքը

Միջադեպ ԵԽԽՎ–ում. Էրդողանի թիկնապահը խոչընդոտել  է ՀՀ ներկայացուցչի աշխատանքը

Ինչպես «7օր»–ին տեղեկացրել է ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ ապրիլի 13–ին՝ առավոտյան, երբ վեհաժողովում պետք է ելույթ ունենար Թուրքիայի վարչապետ Էրդողանը, Նաիրա Զոհրաբյանը քարտուղարությունից նախապես ճշտել է իր համարը, քանի որ սովորություն ունի առաջինը հերթագրվել՝ հարց ուղղելու համար։ Նրա խոսքերով՝ Էրդողանին հարց ուղղելու համար հերթագրվել էր 42 պատգամավոր, որոնցից 3–րդը՝ ինքն էր, 4–րդը՝ Զարուհի Փոստանջյանը։

Քարտուղարությունը, սակայն, հերթագրման ցուցակը բավական ուշ էն բարձրացրել, պատճառաբանելով, որ տեխնիկական խնդիրներ կան և շփոթություն է առաջացել։ Պարզվել է, որ Նաիրա Զոհրաբյանը ցուցակում 21-րդն է, իսկ Զարուհի Փոստանջյանը՝ 27–28–ը։

Այսպիսով ՀՀ պատվիրակության անդամները զրկվել են Էրդողանին հարց ուղղելու հնարավորությունից։ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ Էրդողանի թիկնապահների մեջ կային կանայք, որոնք անընդհատ պտտվում էին այնտեղ, որտեղ ինքն էր ՀՀ պատվիրակության քարտուղարի հետ, ով պետք է թարգմաներ։

Նախօրեին, ես Դավութօղլուին ԿԳ նախարարության հետ համատեղ պատրաստված ալբոմ էի հանձնել՝ ցեղասպաանված երեխաների նկարներով։ Հավանաբար նրանք ենթադրում էին, որ Էրդողանին էլ եմ պատրաստվում հանձնել և ի սկզբանե շատ աչալուրջ էին իմ հանդեպ,– նշել է Ն.Զոհրաբյանը։

Նա տեղեկացրել է, որ երբ Էրդողանն ավարտել է իր ելույթը, ինքը փորձել է մոտենալ նրան, սակայն կին թիկնապահը ամեն կերպ խոչընդոտում էր ՀՀ պատվիրակության թարգմանչի աշխատանքը, անընդհատ հրելով նրան արմունկով։

Ի վերջո Նաիրա Զոհրաբյանին հաջողվել է Էրդողանին ասել.

Ես զրկվեցի ձեզ հարց տալու հնարավորությունից, բայց պետք է հարցնեի Թուրքիայի ՔՕ խայտառակ 301–րդ հոդվածի մասին, որով վերջերս դատապարտվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը։ Հիմա ես ուզում եմ ձեզ հանձնել ձեր Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած 1,5մլն զոհերից ընդամենը մի քանի տասնյակ երեխաների նկարները ու կարծում եմ, որ նայելով այս երեխաների աչքերին, դուք նայում եք ճշմարտության աչքերին։ Նա վերցրեց ալբոմը, սկսեց թերթել, ասեց, որ միանշանակ կնայի, բայց եթե մենք պետք է խոսենք այս հարթության վրա, ապա մենք էլ շատ բան ունենք ձեզ ասելու և շատ ավելին, քան դուք եք ասում։

Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ պետք է ասի Թուրքիան Հայաստանին, բայց քանի որ Էրդողանի թիկունքում կանգնած էին ԵԽԽՎ նախագահ Չավուշօլուն, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն ու իր հետ եկածները, նրան թույլ չտվեցին պատասխանել Ն.Զոհրաբյանի հարցին ու արագ հեռացրեցին նրան նիստերի դահլիճից։

Երկրորդ հարկից այդ ամենին հետևում էին լրատվամիջոցները, բայց քանի որ ակնհայտ միջադեպ տեղի չունեցավ, որևէ միջամտություն չեղավ։

Այսօր, արդեն ավելի ուշ ՄԻ հանձնակատար Թոմաս Համարբերգի ելույթի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը նրան հարց է ուղղել վերջին շրջանում Ադրբեջանի հետևողական սպառնալիքների մասին, որ կոչնչացնի ԼՂՀ քաղաքացիական ինքնաթիռները, որը ԵԽ անդամ երկրի կողմից կարելի է դիտարկել որպես ահաբեկչության սպառնալիք։

Չե՞ք պատրաստվում դուք, որպես ՄԻ էմիսար արձագանքել դրանց,– հարցրել է Ն.Զոհրաբյնաը։

Ի պատասխան, Համարբերգն ասել է, որ դա իհարկե մտահոգիչ է, ու ընդհանրապես իրեն մտահոգում է ԼՂ խնդիրը ու իր կարծիքով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում քաղաքական լուծում պետք է լինի, որի համատեքստում պետք է լուծվեն նաև Ն.Զոհրաբյանի մատնանշած խնդիրները;

Նա ասաց, որ այդ առումով իրենք հույսը կապում են ԵԱՀԿ ՄԽ հետ ու չեն պատրաստվում մրցակցել ՄԽ–ի հետ,– ասել է Նաիրա Զոհրաբյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ վաղը ապրիլի 14–ին երեկոյան կքննարկվի ԵԽ անդամ երկրներում բռնությունների կանխարգելման վերաբերյալ զեկույցը, քանի որ վերջին օրերին Ադրբեջանի պատվիրակությունը մատի փաթաթան է սարքել ԼՂՀ–Ադրբեջան շփման գծում 9-ամյա տղայի մահը ու նշում են, որ դա հայ դիպուկահարի գնդակից է եղել։

Նաիրա Զոհրաբյանի վաղվա զեկույցը վերաբերելու է հենց այդ խնդրին, հանգամանալից, հնարավոր բոլոր փաստարկներով ապացուցվելու է Ադրբեջանական քարոզչության սնանկությունն ու կեղծիքը;

ՀՀ պատվիրակության անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Ռուստամյանը բարձրացրել են Վրաստանում փոքրամասնությունների, մասնավորապես ջավախահայությանը վերաբերող խնդիրները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը