Լրահոս

13.04.2011 17:52


Թեկուզ մեկ բաժնետոմս ունենալը կհանդիսանա ձեռնարկատիրական գործունեություն

Թեկուզ մեկ բաժնետոմս ունենալը կհանդիսանա ձեռնարկատիրական գործունեություն

ՀՀ Ազգային ժողովը 2–րդ ընթերցմամբ քննարկել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ Նախագծում ներառվել են մի շարք փոփոխություններ, որոնք քննարկվել են 1–ին ընթերցմամբ։

Օրինագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։ Խոսքը մասնավորապես էթիկայի կանոնների վերաբերյալ կետի ու էթիկայի հարցով հանձնաժողով ստեղծելու մասին է։ Էթիկայի կաննոներ ասվածը, սակայն, վերաբերում է գույքի և եկամուտների հայտարարագրմանը, ոչ թե վարքագծին։ Որպես նոր հոդված՝ ներառվել է նաև հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց այլ գործունեության սահմանափակումը, որտեղ տրվում է ձեռնարկատիրական գործունեության սահմանում, որը պետք է ընկալել սույն օրենքի իմաստով, ոչ թե այն իմաստով, ինչ կա քաղաքացիական օրենսգրքում։

Սահմանադրական այդ արգելքը, նաև պատգամավորների համար՝ ձեռնարկատիարական գործունեությամբ զբաղվելու արգելքը, իրականում միջազգային պրակտիկայում և տեսական գրականության մեջ դիտարկվում է որպես ակտիվ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու սահմանափակում, իսկ պասիվ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, այնպիսին, ինչպիսին է բանկում որոշակի ավանդ ունենալը կամ արժեթղթերը հավատարմագրված կառավարման հանձնելը, չեն համարվի ձեռնարկատիրական գործունեություն և բարձր պաշտոնատար անձանց համար թույլատրված կլինեն,–ասել է նախարարը։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, թե համարվում է, որ ձեռնարկատիրական գործունեություն է թեկուզ մեկ բաժնետոմս ունենալը, և պահանջ է դրված, որ այդ դեպքում վերջիններս պարտավոր են իրենց բիզնեսները հանձնել հավատարմագրային կառավարման.

Ի՞նչ սկզբունքներով, ի՞նչ սահմանափակումներով, որքանո՞վ դուք պետք է մասնակցեք որոշումների կայացմանը կամ ընդհանարապես իրավունք ունե՞ք, թե՞ ոչ, այդ մասին նախագիծը համեստորեն լռում է,–նշել է Ա. Մինասյանն ու հավելել,–իսկ խորհրդարանում նստած շատ մեր պատգամավորներ, կարծում եմ, ծանոթ չեն այս ձևակերպմանը, քանի որ եթե ծանոթ լինեին, անպայման մի արձագանք կտային։

Նա նաև նշել է, թե մի կողմից օրինագիծը ՀՀ Սահմանադրության 30.2 հոդվածի պահանջի կատարմանն  է ուղղված, մյուս կողմից հակասություններ է առաջացնում։ Մասնավորապես Սահմանադրության 30.2 հոդվածը սահմանում է, որ քաղաքացիներն ունեն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության ընդունվելու իրավունք։ Հանրային ծառայության սկզբունքներն ու կազմակերպման կարգը սահմանվում են օրենքով։ Այստեղ հակասություն է առաջանում, քանի որ օրենքը պետք է սահմանի հանրային ծառայության սկզբունքները։ Օրինակ՝ սկզբունքներից մեկն է  հանրային ծառայողների քաղաքական զսպվածությունը.

Եթե հանրային ծառայող է պատգամավորը, երկրի նախագահը, համայնքի ղեկավարը, որոնք քաղաքական պաշտոններ են, այդ ինչպե՞ս պետք է արտահայտվի իրենց քաղաքական զսպվածությունը՝ անհասկանալի է։ Կամ՝ տարբեր բան պետք է ասել՝ քաղաքական զսպվածություն ասելով,–ասել է Ա. Մինասյանը։

Պատասխանելով Ա. Մինասյանին՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է.

Օրինագծի 2–րդ հոդվածը սահմանում է, որ սույն օրենքը չի տարածվում քաղաքական, հայեցողական և  քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց վրա՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի։ Այս օրենքում, որտեղ կոնկրետ նշված չէ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, մյուս դրույթները նրանց վրա չեն տարածվելու, այսինքն՝ այլ կերպ են կարգավորվելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը