Լրահոս

13.04.2011 16:50


ՄԻՊ–ը ԱԺ–ին է ներկայացրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններ եւ դիտողություններ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀՀ Ազգային ժողովին է ներկայացրել  «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք հայեցակարգային առաջարկություններ  եւ դիտողություններ:

Պաշտպանն առաջարկում է վերանայել  երկքաղաքացիություն ունեցող անձանց որպես  թեկնածու առաջադրվելու իրավունքի սահմանափակումը, նկատի ունենալով, որ  երկքաղաքացիություն ունեցող անձինք չպետք է ունենան ավելի քիչ իրավունքներ, քան մյուս քաղաքացիները:

Պաշտպանն անհրաժեշտ է համարում վերանայել տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը եւ առաջարկվում է լրացում կատարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման կարգում:  Առաջարկվում է նաեւ լրացուցիչ քննարկել  Հանրապետության Նախագահի թեկնածու ինքնաառաջադրվելու հնարավորության բացակայության հարցը, ինչը, Պաշտպանի գնահատմամբ, անհարկի սահմանափակում է քաղաքացիների ընտրական իրավունքը: Քննարկման թեմա է նաեւ  ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրվելու հնարավորության բացակայության խնդիրը: Առաջարկվում է քննարկել ժամանակավորապես արտերկրում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով քվեարկելու հնարավորություն ընձեռելու տարբերակը, որպես կամքի ազատ արտահայտման իրավունքի իրացում:

Բացի այդ, քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար  քվեարկության մատչելիության դրույթը կանոնակարգման եւ եզրույթների հստակեցման կարիք ունի ՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար:

Պաշտպանը մատնանշել է  նաեւ համայնքի ղեկավարի ընտրության կարգում առկա  հակասությունը` միաթեկնածու ընտրության կայացման հնարավորության, իսկ մեկ այլ կետով դրա բացառման տեսքով: Առաջարկություններ կան նաեւ ընտրական ցուցակներում կանանց ներկայացվածության կարգերի վերաբերյալ եւ այլն:

Բոլոր առաջարկություններին եւ դիտողություններին` մանրամասն հիմնավորումներով, կարելի է ծանոթանալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում. http://ombuds.am/main/am/0/27/2435

Այս խորագրի վերջին նյութերը