Աշխարհ

31.08.2020 18:35


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերի 31-ին երկրում խորհրդարանական ընտրություններ է նշանակել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերի 31-ին երկրում խորհրդարանական ընտրություններ է նշանակել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել երկրում խորհրդարանական ընտրությունների օրվա նշանակման մասին: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Համաձայն Վրաստանի Հանրապետության սահմանադրության՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի հոկտեմբերի 31-ին:

Վրաստանի նախագահը նաև կոչ է հղել ժողովրդին, որում, մասնավորապես, ասել է.

«Ես ցանկանում եմ դիմել հասարակությանը և կոչ անել ձեզ այս ժամանակահատվածը, այս երկու ամիսը, որ նախորդում է ընտրություններին, անցկացնել որքան հնարավոր է խաղաղ: Այսօրվա պայմաններում, երբ մենք արդեն վերապրել ենք կորոնավիրուսի համավարակը և այս բավականին ծանր տարին, պետք է հանգիստ պատրաստվենք ընտրություններին: Այս ընտրությունները հատուկ նշանակություն ունեն: Մենք կհաստատենք մեր երկրի ժողովրդավարությունը: Ինչպես մի քանի ամիս առաջ, այնպես էլ այսօր մեր հասարակությունը ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ նա կարող է հաղթահարել այսպիսի լուրջ համաճարակ, իսկ մեր հասարակության բարձր մակարդակի տեղեկացվածությունը ցույց է տալիս, որ մենք պատասխանատու քաղաքացիներ ենք: Հենց այսպես էլ պետք է անցկացնենք ընտրությունները: Ես գիտեմ և հավատում եմ, որ մենք կարող ենք հաջորդ ընտրություններն անցկացնել ժողովրդավար, խաղաղ և թափանցիկ ճանապարհով»:

Վրաստանի նախագահի խոսքով` 30 տարի առաջ՝ 1990 թվականի հոկտեմբերի 28-ին Վրաստանում արդեն անցկացվել են ժողովրդավարական ընտրություններ, և այդ ավանդույթը պետք է շարունակել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը