Լրահոս

13.04.2011 14:23


Ֆիզիկայի և բժշկության հատման կետում

Այսօր` ապրիլի 13-ին, ժամը 11-ից 12:30-ը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ)` Երևան, Բաղրամյան 24, 2-րկ հարկ, տեղի ունեցավ հանդիպում Գերմանիայից ժամանած Հայդելբերգի համալսարանի հիվանդանոցի Իոնային ճառագայթային թերապիայի կենտրոնի գիտատեխնիկական գծով տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Թոմաս Հաբերերի հետ: Դոկտոր Հաբերերը Հայաստանում է գտնվելու ապրիլի 12-ից -16-ը` Ա.Ի. Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիայի (ԱԳԼ) Միջազգային փորձագիտական խորհրդակցական մարմնի հանդիպման շրջանակներում: Այցի նպատակն է հայաստանյան գործընկերների` ֆիզիկայի և առողջապահության ոլորտի մասնագետների հետ կիսել միջուկային բժշկության ոլորտի համաշխարհային փորձը և կիրառությունը:

Հանդիպման ընթացքում դոկտոր Հաբերերը հանդես եկավ «Իոնային ճառագայթների թերապիայի կենտրոն. նոր չափանիշ ուռուցքաբուժության մեջ» թեմայով ելույթով, որին կհաջորդի հարց և պատասխանի հատված: Հանդիպման կազմակերպիչներն են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը և Ա.Ի. Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիան:

«Հայդելբերգի համալսարանի պրոֆեսորի այցը Հայաստան կարևոր է մի քանի պատճառով: Նախ մենք նման հանդիպումների միջոցով փորձում ենք համագործակցության հիմքեր ստեղծել` քաղծկեղի բուժման առաջատար տեխնոլոգիաների և փորձի կիրառության համար: Նաև այսպիսի համագործակցությունների արդյունքում մենք Հայաստանում գրանցված որոշ հիվանդների կարող ենք ուղղորդել մեր արտասահմանյան գործընկերների կլինիկաներ` առավել առաջատար և Հայաստանում գոյություն չունեցող բուժման հնարավորություններից օգտվելու համար»,-ասաց Մրցունակության հիմնադրամի Առողջապահական ծրագրի տնօրեն Էդվարդ Սաֆարյանը:

«Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը զարգացման լայն հնարավորություններ է ստեղծում: Այն կխթանի ոչ միայն առողջապահության, այլ նաև հետազոտական ենթակառուցվածքի զարգացումը: Կենտրոնը Հայաստանի համար շատ հետաքրքիր և կարևոր ներդրում է, քանի որ այդ ոլորտներն իսկապես զարգանալու տեղ ունեն»,- Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի մասին նշեց դոկտոր Հաբերերը:

«Հայաստանn ունի բոլոր հնարավորությունները` տարածաշրջանում միջուկային բժշկության ոլորտի առաջատարը լինելու համար: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, հաշվի առնելով բոլոր մրցակցային առավելությունները, ստանձնել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը: Առաջիկայում, երբ մենք կսկսենք «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի» աշխատանքները և պայմանավորվածություններ ձեռք կբերենք հավանական ներդրողների հետ, կարող ենք ավելի հստակ նախանշել բժշկության այս առաջատար ոլորտում Հայաստանի դերն ու անելիքները»,- մեկնաբանեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:

Մասնակիցների թվում են Ռուսաստանի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի Ֆլյորովի անվ. միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական տնօրեն, ակադեմիկոս Յուրի Օգանեսյանը, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ, ԱԳԼ կառավարման խորհրդակցական մարմնի ղեկավար Ներսես Երիցյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը, ԱԳԼ տնօրեն, դոկտոր Աշոտ Չիլինգարյանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ գիտնականներ, ֆիզիկայի և առողջապահության ոլորտների մասնագետներ, կառավարության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Այս խորագրի վերջին նյութերը