Աշխարհ

29.08.2020 09:34


Պուտինը Բելառուսի նախագահական ընտրությունները կայացած է անվանել

Պուտինը Բելառուսի նախագահական ընտրությունները կայացած է անվանել

Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի անոնսը ցուցադրվել է լույս շաբաթ օրը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք ելնում ենք նրանից, որ Բելառուսում ընտրությունները կայացել են»,-ասել է ՌԴ նախագահը հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն արդեն 6-րդ անգամ հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80,1 տոկոսը: Ընդդիմությունը կարծում է, որ ընտրություններում հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան, որն այժմ գտնվում է Լիտվայում՝ անվտանգության նկատառումներով:

Բողոքի ցույցերի առաջին օրերին իրավապահները բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ, եղել են հազարավոր ձերբակալվածներ, հարյուրավոր տուժածներ, անգամ՝ զոհեր: Արևմտյան երկրները չեն ընդունում ընտրությունների արդյունքները, իսկ ընդդիմությունը խոստացել է շարունակել ցույցերն այնքան ժամանակ, մինչև երկրում նոր ընտրություններ նշանակվեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով ՌԴ-ում իրավապահ մարմինների աշխատակիցներից ռեզերվ է ձևավորվել։

«Բայց մենք պայմանավորվել ենք, որ այն չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից»,-ընդգծել է Պուտինը։

Հարցազրույցի ընթացքում ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ ռուսական ուժերը չեն օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ Բելառուսում քաղաքական կարգախոսներով քողարկված ծայրահեղական տարրերը չեն անցել սահմանները, ցուցարարները չեն անցել ուղղակի ավազակության, չեն սկսել հրկիզել մեքենաները, տները, բանկերը, փորձել գրավել վարչական շենքերը և այլն։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ «Սավուշկին-Օրշա» ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել էր ՌԴ նախագահի՝ Մինսկին հնարավոր օգնության նպատակով Ռուսաստանում իրավապահ մարմինների աշխատակիցներից ռեզերվ ձևավորելու մասին հայտարարությունը:

«Դուք երեկ լսեցիք մեր հարևանի և իմ լավ ընկերոջ հայտարարությունը: Դա այն պատճառով չէ, որ ռուսները ցանկանում են պաշտպանել Բելառուսը: Լսե՛ք, մենք ինքներս կպաշտպանվենք: Բայց Ռուսաստանի նախագահը և ես հասկանում ենք, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե մենք հապաղենք»,- ասել էր Լուկաշենկոն:

Ըստ նրա՝ այդ դեպքում Բելառուսը կարող է վերածվել ռազմական գործողությունների թատերաբեմի, որտեղ «կորոշվեն ոչ մեր հարցերը»:

Այս խորագրի վերջին նյութերը