Տնտեսական

27.08.2020 13:58


Հայաստանի համար կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքները կանխատեսումներից վատթար են․ Սուրեն Պարսյան

Հայաստանի համար կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքները կանխատեսումներից վատթար են․ Սուրեն Պարսյան

Հայաստանի համար կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքներն ավելի վատթար են, քան ի սկզբանե կանխատեսվում էին, քանի որ իշխանությունները բոլոր փուլերում ուշացել են անհրաժեշտ միջոցառումների ընդունման հարցում, դրսևորվել է նրանց անլրջությունը և ինքնասիրահարվածությունը։ Այս մասին օգոստոսի 27-ին «Համաճարակի շրջանում պետության սոցիալական քաղաքականությունը․ այն քաղաքացիների շահերի շրջանակո՞ւմ է արդյոք» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նրա խոսքով՝ երկիրը, տնտեսությունը և պաշտոնյաները ճգնաժամին բացարձակապես անպատրաստ էին, պետությունը միայն արձագանքել է համավարակի այս կամ այն հետևանքներին և նախազգուշական քայլեր չի նախաձեռնել, ինչի մասին շատ է խոսվել։ «Կառավարությունը հակաճգնաժամային ծրագրերով ծախսել է մոտ 150 մլրդ դրամ, սակայն դրա արդյունավետությունը չափազանց ցածր է, քանի որ ի սկզբանե ընտրվել են ոչ այն ուղղությունները։ Հիմա Հայաստանը խորը ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է, 7 ամսում տնտեսական ակտիվության անկումը կազմում է 6-7 տոկոս, որի հետևանքով առաջին հերթին տուժում են միջին դասը և բնակչության անապահով խավերը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսը։ Իրավիճակը խորացնում է նաև այն, որ իշխանությունները սխալ ազդանշաններ են տալիս՝ խոսելով, օրինակ, ճգնաժամից դուրս գալու հավանական ժամկետների մասին»,-շեշտեց փորձագետը։

Նա նշեց, որ Հայաստանում, ըստ էության, գործում է «ուժեղ իշխանություն-թույլ պետություն» մոդելը, որը ճգնաժամերի շրջանում երկրի համար լուրջ խնդիրներ է ստեղծում։ «Մինչև կորոնավիրուսը ամբողջ աշխարհում որոշ խմբեր ակտիվորեն առաջ էին մղում այն թեզը, որ պետությունը հնացել է, և միջազգային կառույցները, ինչպես, օրինակ, Եվրոպական միությունը, կարող են ավելի արդյունավետորեն լուծել համակարգային հարցերը։ Համավարակը, սակայն, վառ ցուցադրեց ուժեղ ազգային պետություն ունենալու պահանջը»,- ամփոփեց Պարսյանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը