Լրահոս

13.04.2011 11:16


Ամերիկաhայերը պետք է հակադրություն ցույց տան նախագահ Օբամային` նրա հաջորդ շաբաթվա Կալիֆորնիա այցի ընթացքում

Ամերիկաhայերը պետք է հակադրություն ցույց տան նախագահ Օբամային` նրա  հաջորդ շաբաթվա Կալիֆորնիա այցի ընթացքում

Ամոթալի է, որ Սփյուռքի խոշորագույն հայկական համայնքը նախագահ Օբամայի Կալիֆորնիա այցելությունների ընթացքում առիթից չի օգտվում բողոքելու նրա կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու դեմ: Երբ անցյալ հոկտեմբերին Օբաման այցելել էր Լոս Անջելես և Գլենդել, ոչ մի հայ հակադրություն ցույց չտվեց նրա հրապարակային ելույթների ընթացքում:

Այժմ Կալիֆորնիայի հայերը հիանալի հնարավորություն ունեն այդ բացթողումը սրբագրելու` ցույց տալով, որ իրենք մեծապես դժգոհ են, որ երկրի բարձրագույն պաշտոնյան չի կատարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տված խոստումը:

Նախագահ Օբաման Սան Ֆրանցիսկոյում լինելու է ապրիլի 20-ին, իսկ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցից ընդամենը երեք օր առաջ` ապրիլի 21-ին այցելելու է Լոս Անջելես` մեկնարկելու համար իր վերընտրության քարոզարշավը երկու գլխավոր դրամահավաքներով` «Օբամա 2012թ. հաղթանակի հիմնադրամ» անվան տակ:

Առաջիկա 18 ամիսներին ամերիկահայերը պետք է նախագահի յուրաքանչյուր քարոզարշավային այցի ընթացքում ցույցեր կազմակերպեն ամբողջ երկրով մեկ, մինչև 2012-ի նոյեմբերի նախագահական ընտրությունները: Պատեհ առիթ է Նախագահի անվստահելիությունը բացահայտելու համար, առավել ևս, երբ նա իր ցածր վարկանիշով խոցելի է վերընտրության քարոզարշավը մեկնարկելիս:

Ամերիկաhայերը չպետք է աղաչեն և պաղատեն Նախագահից, որ նա արտասանի Հայոց ցեղասպանություն բառերը: Ավելի մեծ հեղինակություն վայելող Ամերիկայի ղեկավար` նախագահ Ռեյգանն այս բառերն արդեն օգտագործել է 1981 թվականի ապրիլի 22-ին, նախագահ Օբամայի Լոս Անջելես կատարելիք այցից ուղիղ 30 տարի առաջ: Նախագահ Օբամայի այցի դեմ բողոքելու միակ պատճառը նրան հասկացնել տալն է, որ հայերն այլևս չեն խաբվի, երբ քաղաքական գործիչները նրանց աջակցությունն ստանալու նպատակով կեղծ քարոզչական խոստումներ տան, իսկ ընտրություններից հետո անտեսեն նրանց: 2012 թվականի նախագահական ընտրություններում հայերի կարգախոսը պետք է լինի «Ո'չ մի ձայն և ո'չ մի դոլար Օբամայի համար»:

Ստորև ներկայացված է հայկական հարցերի վերաբերյալ նախագահ Օբամայի բազում մեղքերի ցանկը.

    1. 2008 թվականի նախագահական քարոզարշավում նա բազմիցս խոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ ընտրություններից հետո չկատարեց իր խոստումը:
    2. Ավելին, նրա վարչակազմը ակտիվորեն հակադրվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի 2010 թվականի բանաձևին:
    3. Հակառակ իր նախընտրական խոստմանը, նա զգալիորեն նվազեցրեց Հայաստանին և Արցախին հատկացվող արտաքին օգնության գումարը: Ավելին, նրա վարչակազմը չծախսեց Կոնգրեսի կողմից Արցախին հատկացված ամբողջ գումարը:
    4. 2009 թվականին նա ճնշում գործադրեց Հայաստանի վրա` որ ստորագրի տխրահռչակ «Արձանագրությունները» Թուրքիայի հետ:
    5. Նա փորձ անգամ չարեց ճնշել Թուրքիայի վրա` վերջինիս կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու համար:
    6. Նա լուռ մնաց ի տես Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի նախագահի կողմից բազմիցս հնչած ռազմատենչ կոչերին, անտեսելով Արցախի ինքնորոշմանն աջակցելու իր նախընտրական խոստումը:
    7. Նա և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չընդառաջեցին Ամերիկայի հայկական համայնքի բազմաթիվ խնդրանքներին` նրանց հետ հանդիպելու և նրանց մտահոգությունները լսելու համար:
    8. Նախորդ Սուրբ Ծննդյան տոներին, երբ Սենատը գտնվում էր արձակուրդում, նա շրջանցեց Միացյալ Նահանգների սենատորների «կասեցումը» և Մեթյու Բրայզային նշանակեց ԱՄՆ դեսպան Ադրբեջանում:

Շատ կարևոր է, որ ապրիլի 20-ին և 21-ին մեծ թվով ամերիկահայեր ոչ միայն բողոքի ձայն բարձրացնեն ընդդեմ Նախագահի, այլև իրենց պահանջները լսելի դարձնեն Օբամայի այցը լուսաբանող լրատվամիջոցներով: Այլապես, իրենց լռությամբ ամերիկահայերը սխալ պատգամ կհղեն քաղաքական գործիչներին, թե հայերին կեղծ խոստումներ տալով նրանց դրամն ու ձայները ստանալը, իսկ ընտրություններից հետո նրանց անտեսելը որևէ բացասական ազդեցություն չի ունենա նրանց քաղաքական կարիերայի վրա:

Ամերիկաhայերը պետք է արթնանան իրենց թմբիրից: Եթե նրանք ցանկանում են, որ ընտրված պաշտոնյաները իրենց լրջորեն վերաբերեն, ապա պետք է վարձահատույց լինեն իրենց հարցերին աջակցություն ցուցաբերած պաշտոնյաներին` օգնելով նրանց վերընտրությանը և պատժեն կեղծ խոստումներ տվածներին` աշխատելով պարտության մատնել նրանց:

Կալիֆորնիա կատարելիք իր այցից մի քանի օր հետո, նախագահ Օբաման Ապրիլի 24-ի կապակցությամբ կհրապարակի իր ամենամյա ուղերձը, որում, ամենայն հավանականությամբ, կբացառվի Հայոց ցեղասպանություն եզրը: Հայ ցուցարարները պետք է Նախագահին հստակ կերպով հասկացնել տան, որ Ցեղասպանության հետ կապված բառախաղերը վիրավորական են և, որ նա քաղաքական թանկ գին կվճարի ճշմարտությունը քողարկելու համար:

Նախագահ Օբաման Սան Ֆրանցիսկոյում կլինի ապրիլի 20-ին, տեղական ժամանակով 17:00-ին (Nob Hill Masonic Center, 1111 California Street), իսկ Քալվեր Սիթիում` ապրիլի 21-ին, ժամը 16:30-in (Sony Studios, 10202 W. Washington Blvd.): Այս երկու վայրերում պետք է հազարավոր հայեր ներկա գտնվեն` ի նշան բողոքի նախագահ Օբամայի դրժած խոստումների:

Ես, որպես Օբամայի նախկին կողմնակից, ապրիլի 21-ին կանգնելու եմ «Sony Studios»-ի դիմաց, որպեսզի իմ խորը հիասթափությունն արտահայտեմ հայկական հարցերի հանդեպ նրա դրսևորած վերաբերմունքի առնչությամբ և իրեն տեղեկացնելու համար, որ ամերիկահայերը չեն սատարելու նրա վերընտրությանը:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ.` Ռ.Ավագյանի

Այս խորագրի վերջին նյութերը