Լրահոս

13.04.2011 09:05


ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ

Ի կատարումն ՀՀ նախագահի 2010 թ. հունվարի 30-ի ՆԿ-12-Ն կարգադրության պահանջների` ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը 2011 թ. փետրվարի 25-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում կայացած նիստում ամփոփել է ՀՀ նախագահի 2009 թ. ՆԿ-162-Ն կարգադրությամբ հաստատված «2009-2012 թթ. ընթացքում ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով» 2010 թ. նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքները: Արձանագրված տվյալները վկայում են, որ հանրապետությունում շարունակվում է թմրամոլության հետ կապված իրավախախտումների աճի միտումը: 2010 թ. ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 1524 դեպք, որը 286-ով կամ 23,1%-ով ավելի է նախորդ տարվանից: Ընդհանուր առմամբ, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 126 կգ 521 գ տարբեր թմրամիջոց` 2009 թ. 56 կգ 762 գ-ի դիմաց, ինչպես և 76,4 գ հոգեմետ նյութ, 16,7 լիտր պրեկուրսոր (2009 թ.` 6,2 գ հոգեմետ նյութ և  2,8 լիտր պրեկուրսոր):Տարվա ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ոլորտում հանցագործություններ կատարելու համար քրեական պատասխանատվության են ենթարկվել 854 անձ, 2009 թ. 780-ի դիմաց: Նշված անձանցից 21-ը կանայք են, 2-ը` անչափահասներ, 58-ը` այլ երկրների քաղաքացիներ (2009 թ. համապատասխանաբար` 25, 8 և 30): Նույն ժամանակաշրջանում առանց բժշկի թույլտվության թմրամիջոցներ գործածելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել 295 անձ, որը 173-ով կամ 141,8%-ով շատ է 2009 թ-ից:2010 թ. ընթացքում որոշակի աշխատանքներ են կատարվել ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ: ՀՀ կառավարության 2010 թ. հուլիսի 15-ի թիվ 892-Ն որոշմամբ հաստատվել է «2010-2012 թթ. ընթացքում ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով» նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, նշանակվել են առանձին միջոցառումների կատարման համար պատասխանատու գերատեսչություններ:Ապահովելով ժամանակացույցով 2010 թ. ընթացքում նախատեսված միջոցառումների կատարումը` ՀՀ առողջապահության նախարարության կողմից թմրամիջոցների մասին համապատասխան տեղեկատվության հավաքագրմանը վերաբերող փոփոխություններ են կատարվել «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության  ազգային ինստիտուտ» ՓԲԸ կանոնադրության մեջ:Պալիատիվ խնամքին առնչվող կարիքների գնահատման, երկրում պալիատիվ խնամքի խթանման, դրա իրավական կանոնակարգման ու հետագա զարգացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով մշակվել է «ՀՀ-ում պալիատիվ բժշկական օգնության հայեցակարգ» և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկ:Թմրամիջոցների հետ կապված վարակիչ հիվանդությունների (հեպատիտ C) նկատմամբ պետական վիճակագրական հաշվետվության համակարգի սահմանումն ապահովելու համար մշակվել է համաճարակաբանական հսկողության էլեկտրոնային համակարգի սանիտարական կանոնները և նորմերը, որով սահմանվել է վարակիչ հիվանդությունների հաշվառման, հաղորդման և հաշվետվության համակարգը։ Հաշվառման ենթակա վարակիչ հիվանդությունների հաշվետվական ձևերը կներդրվեն 2011 թ. ընթացքում։Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի և համաճարակաբա­նության ոլորտի միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության և ներդրման ապահովման նպատակով 2010 թ.ց դասընթացներ են իրականացվել 111 ուսանողների համար։ Հետագա ուսումնական գործընթացը արդիականացնելու նպատակով նախապատրաստվում են ուսումնական ձեռնարկներ և այլ նյութեր, որոնք պատրաստ կլինեն 2011 թ.ն։ՀՀ կառավարության 09.10.2010 թ. թիվ 1646-Ն որոշմամբ հաստատվել է «ՀՀ կառավարության 2003 թ. օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշումը, ըստ որի` «թիանեպտին», «տրոպիկամիդ», «սեդալգին» և «պրեգաբալին» դեղերն ընդգրկվել են այն թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցանկում, որոնց  շրջանառության հսկողության վերաբերյալ սահմանված են որոշակի պայմաններ:Հաշվետու տարում իրավապահ մարմինների կողմից ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգիական կլինիկա և ՀՀ ԳԱՍ «Փորձաքննությունների ազգային բյուրո»   պետական   ոչ   առևտրային   կազմակերպություն  փորձաքննության ներկայացված 1631 անձանցից հաշվառման են վերցվել 1153-ը, որից 17-ը կանայք են, 32-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և 1-ը՝ Իսպանիայի քաղաքացիներ: 2009 թ. համապատասխանաբար՝ 1994 անձանցից հաշվառման էին վերցվել 1142-ը, որից 17-ը` կանայք, 20-ը` ԻԻՀ քաղաքացի:2010 թ. ընթացքում «ԱՐՄՖԱՐՄԱՑԻԱ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ    է    ներմուծվել   ընդհանուր    առմամբ    306000    սրվակ թմրամիջոց, որոնք օգտագործվում են բուժհիմնարկներում։Դրանք բաշխվել են թվով 104 հիվանդանոցների օնկոլոգիական հիվանդներին՝ «ԱՐՄՖԱՐՄԱՑԻԱ» ՓԲԸ-ի դեղատան միջոցով։ Ներկայումս հաշվառման մեջ են 164 օնկոլոգիական հիվանդ և 112 մետադոնային բուժում ստացող թմրամոլ։ՀՀ ոստիկանության կողմից նկատելիորեն ակտիվացել են թմրամոլության կանխարգելման ուղղությամբ ԶԼՄ-ների հետ կայուն փոխհամագործակցության ապահովման աշխատանքները:Տարվա ընթացքում «02» հաղորդաշարով եթեր է հեռարձակվել թմրամոլության դեմ պայքարին նվիրված 43 տեսանյութ, «02» շաբաթաթերթում տպագրվել է 62 հոդված։ Կազմակերպվել են ԶԼՄ ներկայացուցիչների հետ մի շարք հանդիպումներ, որոնց ժամանակ արծարծվել են թեմային առնչվող հիմնախնդիրները։ Հեռուստաընկերություններին տրամադրվել են թեմային առնչվող տեսանյութեր՝ թեմատիկ տեսահոլովակներ նախապատրաստելու և հատուկ շարքի հեռուստառադիոհաղորդումներ կազմակերպելու համար։2010 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության պաշտոնական ինտերնետային կայքէջը մշտապես թարմացվել է թմրամոլության դեմ պայքարին նվիրված նյութերով, որոնցից պարբերաբար օգտվել են հանրապետությունում գործող բազմաթիվ ԶԼՄ-ներ։ՄԱԿ-ի զարգացման և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակների կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Նորվեգիայի կառավարության աջակցությամբ ՀՀ ոստիկանության ակադեմիայում հիմնվել է համակարգչային ուսումնական լսարան` կահավորված 25 համակարգիչներով, որոնք ապահովված են թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությանը վերաբերող թեմաներով` համակարգչային ուսուցողական ծրագրերով:Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ոստիկանության ու պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների ուժերով անցկացված «Կանեփ-կակաչ-2010» օպերատիվ-կանխարգելիչ համալիր միջոցառման ընթացքում հայտնաբերվել և ոչնչացվել է վայրի աճած և ապօրինի աճեցված 97104 կգ կանեփի և 23 կգ կակաչի զանգվածներ: Հարուցվել է 5 քրեական գործ` մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու փաստերով:ՀՀ ոստիկանության պատվիրակության այցի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության կարգապահական ուժերի (ոստիկանության) հրամանատարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվության փոխանակման նպատակով փորձագիտական խմբերի ստեղծման, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների տեղափոխմանը վերաբերող տեղեկատվության փոխանակման ու համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ:ՀԱՊԿ անդամ պետությունների շրջանակներում 2010 թ. իրականացվող «Կանալ» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների ժամանակ ապահովվել է սերտ համագործակցությունը ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի հետ, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունից ստացված եկամուտների օրինականացման դեպքերի բացահայտման նպատակով։ Այս բնագավառում համագործակցություն է իրականացվում նան ՌԴ Ռոսֆինմոնիթորինգի  և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային բյուրոյի հետ։Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը նախատեսում է միասնականացնել ոլորտում կիրառվող տերմինաբանությունը, ինչպես և կարգավորել հոգեմետ նյութերը կամովին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու խնդիրը:ՀՀ արդարադատության նախարարության կողմից      ազատությունից զրկված անձանց շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխման միջոցառումների ակտիվացման ուղղությամբ իրականացվում է  թմրամոլության ու դրա հասցրած վնասի հետ կապված կամավոր խորհրդատվություն և հետազոտություն տրամադրելու վերաբերյալ անհրաժեշտ իրավական ակտերի մշակում և ընդունում:Ձերբակալված անձանց պահելու վայրերի և քրեակատարողական հիմնարկների կրտսեր և ավագ սպայակազմի համար անցկացվում են սեմինար-խորհրդակցություններ, հատուկ դասընթացներ՝ այդ հիմնարկներում թմրամոլության կանխարգելման ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է ՀՀ զինված ուժերում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ձեռնարկվել են օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ թմրանյութ օգտագործողներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, իրականացվել են նախականխիչ աշխատանքներ` ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱԱԾ մարմինների հետ օպերատիվ տեղեկատվության փոխանակման միջոցով:Զորամասերի և ՌՈ տարածքային բաժինների կողմից մշակվել են համապատասխան պլաններ, որոնցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել թմրամոլության կանխարգելմանը, նախատեսվել են նաև դասախոսություններ` թմրամոլության կանխարգելման ազգային ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման նկատմամբ սոցիալական անձեռնմխելիության խթանման նպատակով մշակվել է 2011-2012 թթ. միջոցառումների փաթեթ:Հանրակրթական դպրոցների 8-9-րդ դասարաններում ՀՀ ԿԳ նախարարության կողմից երաշխավորված ծրագրի և ուսումնական նյութերի հիման վրա ներդրվել է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որին տարեկան տրամադրվում է 14 դասաժամ։ Դասընթացի ծրագրում ընդգրկված է երիտասարդության շրջանում թմրամոլության դեմ պայքարին վերաբերող տեղեկատվություն։ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի կողմից 2010 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իրականացվել է «Առողջ ապրելակերպ» դասընթացը վարող ուսուցիչների եռօրյա վերապատրաստում, որտեղ ներառված են թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ նյութեր:ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցության շրջանակներում 2010 թ. կազմվել և հրատարակվել է ուսուցիչների և սովորողների համար «Թրաֆիքինգ» ձեռնարկը, որտեղ ընդգրկված են նյութեր` թմրադեղերի ապօրինի շրջանառության և թմրամոլության դեմ պայքարի մասին:ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի Արարատի և Շիրակի մարզային կենտրոնները կազմակերպել են թմրամոլության դեմ պայքարի մեխանիզմների վերաբերյալ երիտասարդների իրազեկման բարձրացմանը նպատակաուղղված դասընթաց-քննարկումներ, իսկ Շիրակի մարզային կենտրոնը «Նոր սերունդ» ՀԿ-ի հետ պատրաստել է «Երիտասարդությունն ընդդեմ թմրամոլության» սոցիալական հոլովակը։ՀՀ ԿԱ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումները ակտիվ մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի գործունեությանը` թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վերահսկվող մատակարարումներ իրականացնելու, ինչպես նաև համապատասխան իրավական ակտերի մշակման ուղղությամբ:Ստեղծվում է տեղեկատվական բազա` հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված իրավախախտումների, նման գործունեությանն առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ՝ վերլուծական աշխատանքներ իրականացնելու, ինչպես և իրավասու այլ պետական մարմիններին, այդ թվում`  թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի կենտրոնին տրամադրելու համար։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածության` կենտրոնին պարբերաբար կտրամադրվեն տեղեկություններ ՊԵԿ աշխատակիցների կողմից հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վերաբերյալ։Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում նախատեսվում է կազմակերպել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության, թմրամոլության կանխարգելման ուսումնական ծրագիր։Համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության` 2010 թ. մարտին ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի խորհրդատվական խմբի ՀՀ կատարած այցի արդյունքում որոշում է կայացվել համապատասխան գրասենյակ հիմնել Հայաստանում: 2011 թ. նախատեսվում է գրասենյակի ծրագրերի իրականացման ստորաբաժանման ղեկավարի այցը Հայաստան` ՀՀ պաշտոնյաների հետ քննարկելու ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:Ի դեպ, 2010 թ. հոկտեմբերին ՀՀ է այցելել Թմրանյութերի վերահսկման միջազգային խորհրդի առաքելությունը և ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում գոհունակություն է հայտնել ՀՀ կողմից թմրանյութերի վերահսկման միջազգային կոնվենցիաներով նախատեսված պահանջների իրականացման աշխատանքներից, նշյալ ոլորտի ՀՀ օրենսդրական բարեփոխումներից՝ ներառյալ «2009-2012 թթ. ընթացքում ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը»:2010 թ. ազգային ծրագրի իրականացման արդյունքներով տրվել են կոնկրետ հանձնարարականներ` թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ լրացուցիչ միջոցառումների մշակման և իրականացման վերաբերյալ:Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի կողմից ի կատարումն ՀՀ Նախագահի կարգադրության պահանջների` նախատեսվում են «2009-2012 թթ. ընթացքում ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի» կատարման դիտարկումներ:

Այս խորագրի վերջին նյութերը