Աշխարհ

24.08.2020 18:10


Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցու պատարագն այս տարի կլինի դռնփակ

Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցու պատարագն այս տարի կլինի դռնփակ

Վանա լճի Աղթամար կղզու վրա գտնվող Սբ․ Խաչ եկեղեցում մատուցվող Խաչվերացի պատարագն այս տարի լինելու է դռնփակ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսի հայոց պատրիարքարանը։

Նշվում է, որ նկատի առնելով համավարակի պարագան՝ իշխանությունների հետ խորհրդակցությունների արդյունքում համատեղ որոշում է կայացվել սեպտեմբերի 6-ին նախանշված ամենամյա պատարագն անցկացնել դռնփակ։ Եկեղեցու ներսում կարող են գտնվել միայն պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի գլխավորությամբ արարողությանը մասնակից հոգևոր հայրերը, Սբ․ Սեղանի սպասավորները և դպրաց խումբը։

Հաղորդվում է, որ պատարագի ժամերին կղզին փակ է լինելու ուխտագնացության մեկնողների համար, ուստիև պատարագին մասնակցելու համար ուխտագնացության խմբեր կազմելը դիտվում է աննպատակահարմար։

Այս տարի Աղթամարի պատարագն անցկացվելու է սեպտեմբերի 6-ին։

Հիշեցնենք, որ Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ Եկեղեցին կառուցել է հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելը (Մանուել)։ 1113-1895թթ այնտեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը, որի վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել էին Պոլսի հայոց պատրիարքարանին։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005 թվականին ձեռնարկել էր Վանի Գևաշ (պատմ․ Ոստան) գավառում վարչական տարածքում գտնվող Աղթամար կղզու Սբ․ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մոտ երկու տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 միլիոն լիրա է ծախսվել: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:

95 տարվա դադարից հետո 2010 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն 2015-2017 թվականների ընթացքում շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատկան մարմինները պատարագ անցկացնել չէր արտոնել: Եռամյա դադարից հետո 2018-ին եկեղեցում կրկին պատարագ մատցուցվեց։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը