Քաղաքական

23.08.2020 19:32


Չկարողանալով ամբողջական վերահսկողություն սահմանել ՍԴ-ի վրա՝ իշխանությունն ընտրել է այն վերացնելու ճանապարհը․ Լ. Ալավերդյանը՝ Սահմանադրական ու Վճռաբեկ դատարանների միավորման մասին

Չկարողանալով ամբողջական վերահսկողություն սահմանել ՍԴ-ի վրա՝ իշխանությունն ընտրել է այն վերացնելու ճանապարհը․ Լ. Ալավերդյանը՝ Սահմանադրական ու Վճռաբեկ դատարանների միավորման մասին

Դատարաննները միավորելով՝ իշխանությունները նպատակ ունեն դրանց կազմերն ամբողջովին փոխել, որ այնտեղ հայտնվեն նրանք, ովքեր հլու-հնազանդ կկատարեն քաղաքական իշխանությունների քմահաճույքները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակին, որով առաջարկվում է մեկ ատյանում միավորել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները: Այն, հավանաբար, կկոչվի «Գերագույն»:

«Այս գործընթացը որևէ աղերս չունի իրական խնդիրների հետ, որոնք ՀՀ-ում, մասնավորապես՝ դատական իշխանությունում գոյություն ունեն: Երկու կայացած հաստատությունները մեկով փոխարինելուն հիմնավորում չկա, նաև՝ կան շատ մեծ ռիսկեր»,-նշեց նա՝ հավելելով, թե ռիսկեր կան նաև հասարակության համար, քանի որ վերջինս հընթացս կարողացավ տեղեկանալ՝ որ դատարանի դերակատարումն ինչումն է:

Ըստ Ալավերդյանի՝ ակնհայտ միտում կա ՀՀ-ի դատական իշխանության եվրոպական մոդելը փոխել ամերիկյանի: «ԱՄՆ-ում Գերագույն դատարանն է, որ իրականացնում է Սահմանադրության վերահսկումն ու փոփոխությունները: Ես դրան դեմ եմ, որովհետև նախևառաջ մեզ ավելի հոգեհարազատ են եվրոպական մոդելները. դրանք բազմաթիվ են, և կարող ենք այդ մոդելներից ընտրել մեր երկրին համապատասխանը՝ ստեղծելով սեփականը. հաշվի առնենք նաև, որ եվրոպական պետություններն ու ժողովուրդներն ունեն այդ մոդելներով անցած ճանապարհ»,-ասաց նա:

Վերջինիս դիտարկմամբ՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրության մեջ մի առանձին գլխով պետք է ներկայացվի՝ հստակեցնելով, որ ՍԴ-ի դատավարության ու մյուս երեք ատյանների դատարանների միջև խորքային տարբերություն կա:

«Կարծում եմ՝ այստեղ իշխանությունների այն անհագ մարմաջն է՝ ոչնչացնելու չսիրած մարմինը՝ ՍԴ-ն: Եթե չստացվեց ամբողջական վերահսկողություն սահմանել, ապա «կարելի է» ուղղակի վերացնել: Դա իրավաբանական գործ չէ, ամոթալի է և անթույլատրելի: Իշխանությունների տրամաբանությունը հետևյալն է՝ «աչքն էլ, աչքացավն» էլ կվերանան: ՍԴ-ն մասնագիտական շրջանակներում հայտնի է ակադեմիական և իրավաբանական առումով որպես բարձր որակ ունեցող մարմին:

Իշխանությունները ՍԴ անդամների դեմ մի բան ունեն՝ վերջիններս աշխատել են նախկին իշխանությունների օրոք: Փոփոխություններն առաջարկողներն էլ են այդ ժամանակ ապրել, աշխատել. չապրեի՞ն»,-ասաց իրավապաշտպանը, ապա շարունակեց.

«Ես ակնկալում եմ, որ իրավաբանական հանրությունը ոչ միայն կարծիքներ կհայտնի, այլև կգտնի մեթոդ՝ այդ քայքայիչ գործողությւոնը կանգնեցնելու համար»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Այս խորագրի վերջին նյութերը