Աշխարհ

21.08.2020 15:45


Տիխանովսկայան ասել է՝ երբ կվերադառնա Բելառուս

Տիխանովսկայան ասել է՝ երբ կվերադառնա Բելառուս

Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որն այժմ գտնվում է Լիտվայում և չի ճանաչում օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, հայտարարել է, որ հայրենիք կվերադառնա, երբ այնտեղ իրեն անվտանգության մեջ զգա, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես չափազանց շատ եմ սիրում իմ հայրենիքը, և ես շատ եմ ուզում վերադառնալ այնտեղ, և հաստատ կվերադառնամ, երբ այնտեղ ինձ ապահով զգամ»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Տիխանովսկայան այսօր նոր տեսաուղերձ է հղել, որում կոչ է արել բելառուսական ձեռնարկությունների աշխատակիցներին շարունակել գործադուլները, որպեսզի «ստիպեն իշխանություններին լսել մեր ձայները, որոնք նրանք մեզնից գողացել են»:

«Իմ թանկագին բելառուսներ, ձեռնարկությունների աշխատակիցներ, դուք մեր նոր, ազատ Բելառուսի խորհրդանիշն եք: Մենք ուժ ենք, որը կարող է փոխել և արդեն փոխում է մեր երկրի ապագան: Եկել է համախմբվելու ժամանակը: Դուք վախեցրել եք բռնապետությանը, նա դողում է վախից ձեր, ձեր ուժի և առնականության առաջ»,-ասել է Տիխանովսկայան ուղերձում՝ հավելելով, որ գործադուլներն «անկյուն են քշել բռնապետությանը, հարված հասցրել ուղիղ սրտին»:

«Գործադուլները բացարձակապես օրինական և հզոր զենք են ռեժիմի դեմ: Նրանք դա գիտեն և այդ պատճառով վախեցնում են ձեզ: Թողե՛ք վախը բռնապետությանը, հիշե՛ք՝ դուք մենակ չեք, ձեզ հետ է ամբողջ Բելառուսը»,-ասել է նա:

Գործիչը նշել է, որ իրենց նպատակը բռնությունը դադարեցնելն է, քաղբանտարկյալներին ազատ արձակելը և նոր, թափանցիկ, արդար ու ազատ ընտրություններ անցկացնելը:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ։ Ինչպես հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ:

Պաշտոնապես հաստատվել է 3 մարդու մահը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը