Աշխարհ

21.08.2020 20:10


«Սև ծովում գտնված գազի պաշարները կարող են բավարարել Թուրքիայի 20 տարվա կարիքները». Reuters

«Սև ծովում գտնված գազի պաշարները կարող են բավարարել Թուրքիայի 20 տարվա կարիքները». Reuters

Մամուլում շարունակվում են լուրեր հայտնվել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այսօր՝ օգոստոսի 21-ին հայտնվելիք «լավ լուրը» կապված է գազի պաշարների հայտնաբերման հետ։

Reuters գործակալությունը, վկայակոչելով 2 թուրք պաշտոնյայի, նշում է, որ Թուրքիան Սև ծովում գազի լուրջ պաշարներ է հայտնաբերել, որի արդյունահանման դեպքում զգալիորեն կնվազի երկրի էներգետիկ կախվածությունը։

Գործակալությանը անանուն մնալու պայմանով տեղեկություններ հաղորդած 2 թուրք պաշտոնյաները նշել են, որ հայտնաբերված պաշարները Թուրքիայի 20 տարվա գազի պահանջարկը բավարարելու ներուժ ունեն։ Նշվում է, որ գազի պաշարները հայտնաբերվել են Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Էրեղլի շրջանի ուղղությամբ տարածվող ջրերում՝ «Թունա-1» (Tuna-1) անվանված շրջանում, որտեղ հուլիսի 2-րդ կեսին որոնողական աշխանքներ էր կատարում թուրքական «Ֆաթիհ» հորատող նավը։ Ըստ տեղեկությունների՝ ենթադրվում է, որ հայտնաբերված պաշարների ծավալները կարող են հասնել 800 մլրդ խմ-ի։

Անգլիական գործակալությանը տեղեկություն հայտնած պաշտոնյան միևնույն ժամանակ նշել է, որ գազը շուկա հանելու համար կարող է պահանջվել 7-10 տարի և 2-3 մլրդ դոլարի ներդրում։

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ եթե պաշարները հաստատվեն, ապա դա կարելի է համարել մեծ ձեռքբերում, քանի որ 30-60 մլրդ խմ ծավալով պաշարների արդյունահանումը արդեն իսկ համարվում է ձեռնտու։

Թունա-1 հանքավայրը, որտեղ ենթադրաբար հայտնաբերվել են գազի պաշարները, գտնվում է Սև ծովի՝ Էրեղլի շրջանից մոտ 150 կմ խորք ընկած ջրերում, Ռումինյայի տարածքային ջրերից ոչ հեռու, որտեղ այդ երկիրը 8 տարի առաջ հայտնաբերել էր Սև ծովում մինչ այս հաստատված գազի ամենամեծ պաշարները։

Պաշարների հայտնաբերման մասին ուշագրավ մեկնաբանություն է արել «Merkel Enerji» էներգետիկ խորհրդատվությունների ընկերության ղեկավար Քրիստոֆ Մերկելը։ Նրա խոսքով, եթե ենթադրվող ծավալները հաստատվեն, ապա 2020-ի հունվարին մասամբ (Ռուսաստանից Թուրքիա հատվածը) շահագործման հանձնված ռուսական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու համար նախատեսված «Թուրքական հոսք» գազատարի մի մասը կարող է անպիտան դառնալ։ Մերկելի կարծիքով, եթե Թուրքիան ունենա իր սեփական պաշարները, ապա Ռուսաստանից նրա գազ գնելն անիմաստ կդառնա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը իր նախանաշած «լավ լուրը» պետք է հայտնի այսօր՝ օգոստոսի 21-ին տեղական ժամանակով ժամը 15։00-ին ունենալիք ելույթի ժամանակ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը