Լրահոս

12.04.2011 14:44


Ներկայացվեց Հայաստանի անտառային ոլորտի վերաբերյալ ՀԲ փորձագետների ուսումնասիրությունը

ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարների, շահագրգիռ այլ կառույցների ղեկավարների մասնակցությամբ ներկայացվեց Հայաստանի անտառային ոլորտի վերաբերյալ ուսումնասիրությունը, որն իրականացվել է Համաշխարհային բանկի փորձագետների կողմից:

Ուսումնասիրությունը վերաբերում է ոլորտի ներկա իրավիճակին եւ զարգացման տարբերակներին, բացահայտվում են նաեւ առկա խնդիրներն ու դրանց լուծման առաջարկություններ են տրվում: Մասնավորապես ներկայացվում են  □Հայանտառի□ դերի եւ պատասխանատվության բարձրացման, այլընտրանքային էներգակիրների խթանման եւ  բազմաթիվ այլ առաջարկություններ:

Տեղեկացվեց, որ առաջարկների հիման վրա ներկայումս մշակվում են սցենարներ, գնահատվում են դրանց արժեքն ու օգուտները: Ամփոփ փաստաթուղթը պատրաստ կլինի առաջիկա շաբաթներին եւ կներկայացվի շահագրգիռ մարմիններին:

ՀԲ փորձագետները պատասխանեցին նաեւ ներկաների հարցադրումներին:

Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնելով կատարված համապարփակ ուսումնասիրության համար`  միաժամանակ հեղինակներին առաջարկեց մշակել հնարավորինս իրատեսական սցենարներ:

Անդրադառնալով ներկայացված առաջարկություններին` փոխվարչապետը  նկատեց, որ ՀՀ կառավարությունը ոլորտի խնդիրները լուծելու  բավարար քաղաքական կամք ու վճռականություն ունի: Գործող օրենսդրությամբ սահմանված խիստ մոտեցումները եւս դրանով են պայմանավորված:

Ամփոփ փաստաթուղթը պատրաստ լինելուց հետո Ա. Գեւրոգյանն անհրաժեշտ համարեց շահագրգիռ գերատեսչություններում փորձագիտական մակարդակով քննարկումների կազմակերպումը: Նա կարեւորեց նաեւ ուսումնասիրության արդյունքները հանրությանը ներկայացնելը, եւ, հատկապես, բնապահպանական ՀԿ-ների հետ դրանց շուրջ քննարկումների կազմակերպումը:

Փոխվարչապետը նաեւ իր եւ ներկաների անունից առաջնահերթ լուծում պահանջող հարցերը քննարկելու ու դրանց օպտիմալ լուծումներ գտնելու պատրաստակամություն հայտնեց:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը