Աշխարհ

19.08.2020 10:10


Մալիի նախագահը հրաժարական է տվել

Մալիի նախագահը հրաժարական է տվել

Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան հայտարարել է իր հրաժարականի և խորհրդարանի լուծարման մասին: Մալիի նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել ապստամբների կողմից ձերբակալվելուց ժամեր անց, գրում է ria.ru-ն։

Մալիի մայրաքաղաք Բամակոյի մերձակա ռազմակայանում խռովությունը սկսվել է նախօրեին։ Ապստամբները հայտարարել էին նախագահ Իբրահիմ Բուբակար Քեյթի և վարչապետ Բուբա Սիսեի ձերբակալության մասին:

«Ես որոշել եմ այս պահից սկսած վայր դնել իմ լիազորությունները։ Ես չեմ ցանկանում, որ իմ իշխանությունը պահելու համար արյուն թափվի»,-ասել է նախագահը, որի խոսքը հեռարձակվել է պետական հեռուստատեսության եթերում։

Բացի այդ, նա հայտարարել է խորհրդարանի և կառավարության լուծարման մասին։ Հեռուստատեսությունը հայտնել է, որ մոտ ժամանակներս կփոխանցի ապստամբների հայտարարությունը։

Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մալիում խռովությունը ղեկավարում են մի խումբ բարձրաստիճան զինվորականներ՝ գնդապետներ Դյաուն և Քամարան, ինչպես նաև գեներալ Շեյք Ֆանտամադի Դեմբելեն։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Մալիում տեղի ունեցած խռովությունը և կոչ է արել անհապաղ վերականգնել սահմանադրական կարգն ու օրենքի գերակայությունը, ինչպես նաև ազատ արձակել երկրի ղեկավարներին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը