Աշխարհ

19.08.2020 09:50


Բելառուսում գտել են ԿԸՀ անդամի դին, որը չէր ստորագրել նախագահական ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունը

Բելառուսում գտել են ԿԸՀ անդամի դին, որը չէր ստորագրել նախագահական ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունը

Բելառուսում մահացած են գտել Վոլկովիսկ քաղաքի Բագրատիոնի անվան ռազմապատմական թանգարանի տնօրեն Կոնստանտին Շիշմակովին: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել են որոնողափրկարարական ստորաբաժանումից:

Հաղորդվում է, որ 29-ամյա տղամարդն անհետացել էր օգոստոսի 15-ին: Նա զանգահարել էր կնոջը, հայտնել, որ ազատվել է աշխատանքից և տուն է վերադառնում, սակայն այդպես էլ տուն չի հասել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շիշմակովը, լինելով ընտրական հանձնաժողովի անդամ, հրաժարվել էր ստորագրել նախագահական ընտրությունների արձանագրությունը:

«Ամեն ինչ սկսվեց հենց ամսի 9-ին, երբ նա ընտրական հանձնաժողովում էր: Նրա հետ մի տղա էլ կար: Նրանք երկուսով չեն ստորագրել վերջնական արձանագրությունը: Որդուս խոսքով՝ նրանց փոխարեն ստորագրել են»,-ասել է մահացած երիտասարդի հայրը:

Հիշեցնենք, որ ընտրություններից անմիջապես հետո Բելառուսի տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր են անցկացվում: Ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիներն ամեն օր փողոց են դուրս գալիս: ԿԸՀ-ի տվյալներով՝ հաղթանակ է տարել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավաքելով ձայների 80.1 տոկոսը, երկրորդ տեղոմ էր Սվետլանա Տիխանովսկայան՝ ձայների 10.12 տոկոսով:

Ընդդիմությունն այս արդյունքները չի ընդունում և պահանջում է նոր նախագահական ընտրություններ անցկացնել, իսկ Տիխանովսկայան ներկա պահին գտնվում է Լիտվայում:

Ցույցերի առաջին օրերին ավելի քան 6700 մարդ է ձերբակալվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և հոսպիտալացվել: ՆԳՆ տվյալներով՝ նրանց թվում են իրավապահ մարմինների 120 աշխատակիցներ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ բողոքի ակցիաների երկու մասնակից մահացել է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը