Աշխարհ

18.08.2020 14:43


«Եթե մարդը հանցագործություն է կատարել, ապա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի». Տիխանովսկայայի շտաբում խոսել են իշխանափոխությունից հետո Լուկաշենկոյի ապագայի մասին

«Եթե մարդը հանցագործություն է կատարել, ապա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի». Տիխանովսկայայի շտաբում խոսել են իշխանափոխությունից հետո Լուկաշենկոյի ապագայի մասին

Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովան, մեկնաբանելով իշխանափոխությունից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ քրեական հետապնդման հնարավորությունը, հայտարարել է, որ եթե հանցագործություն է կատարվել, ապա դրանից ոչ մի մարդ ապահովագրված չէ, գրում է ria.ru-ն։

«Եթե մարդը հանցագործություն է կատարել, և նրա մեղքն ապացուցված է, նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Դա գործում է բոլորի համար՝ անկախ նրանից՝ նախագահ ես, թե հասարակ քաղաքացի։ Այդ պատճառով, եթե ապացուցվի ցանկացածի մեղավորությունը, և բացահայտվի, որ նա հանցագործություն է կատարել, ապա նա պետք է պատասխանատվություն կրի»,-ասել է նա «Էխո Մոսկվի»-ի եթերում։

«Ոչ մի մարդ ապահովագրված չէ քրեական հետապնդումից, եթե հանցագործություն է կատարել»,-ընդգծել է նա:

Ըստ Բելառուսի Հանրապետությունում առկա օրենքի՝ երկրի նախագահն անձեռնմխելիություն ունի։

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Ձերբակալվել է մոտ 6,7 հազար մարդ։ Բելառուսի Գլխավոր դատախազության տվյալներով՝ մեկուսարաններում մնում է 130-ից պակաս մարդ, մնացածն ազատ են արձակվել։

Պաշտոնապես հաստատվել է երկու մարդու մահը։ Իրավապաշտպանները հայտնում են հինգ զոհի մասին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը