Աշխարհ

18.08.2020 12:22


Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը կորոնավիրուսով է վարակվել

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը կորոնավիրուսով է վարակվել

Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը կորոնավիրուսով է վարակվել և այժմ բուժում է ստանում Մոսկվայում, գրում է interfax.ru կայքը՝ հղում տալով երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինի՝ Բլագովեշչենսկ քաղաքում արած հայտարարությանը։

«Նա ժամանեց այստեղ ու նորից մեկնեց Մոսկվա՝ չմասնակցելով հանդիպմանը։ Աստված իրեն թող առողջություն տա»,-նշել է վարչապետ Միշուստինը, որը կառավարական հանձնաժողովի անդամների հետ Հեռավոր Արևելքի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի քննարկման նպատակով է Բլագովեշչենսկ մեկնել։

Ավելի ուշ Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ նախարարի՝ Կամչատկայում հանձնած թեստը դրական է եղել, դրանից հետո նա վերադարձել է Մոսկվա, որտեղ ևս երկու թեստ հաստատել են նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը։ Նախարարն իրեն լավ է զգում և չորեքշաբթի տեսակապով ՕՊԵԿ+-ի նախարարական համաժողովին է մասնակցելու։

Հայտնի է, որ Հեռավոր Արևելք կատարած այցի ժամանակ Միշուստինին ուղեկցող որոշ լրագրողներ նույնես վարակվել են կորոնավիրուսով։ Որոշ թղթակիցներ մեկուսացվել են և բժիշկների վերահսկողության տակ Արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռով Մոսկվա վերադարձել։

Օգոստոսի 13-ին տեղեկություն էր տարածվել, որ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, փոխվարչապետ Յուրի Տրուտնևը նույնպես վարակվել է կորոնավիրուսով։

Իսկ ահա վարչապետ Միշուստինի մոտ այս հիվանդությունը հայտնաբերվել էր դեռևս գարնանը՝ ապրիլի 30-ին, իսկ մայիսի 19-ին նա արդեն աշխատանքի էր վերադարձել։

ՌԴ կառավարությունում կորոնավիրուսով վարակվել են նաև շինարարության և բնակարանային ու կոմունալ ծառայությունների նախարար Վլադիմիր Յակուշևը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, կրթության և գիտության նախարար Վալերիյ Ֆալկովը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը