Մենք ծանոթացանք պատահաբար, միջազգային մի գրական փառատոնի օրերին։ Զրույցի ընթացքում պարզվեց՝ դու թուրք գրող ես, ես՝ հայ։ Այն ժամանակ (և հետագա մեր հանդիպումներին) շատ բան չհասցրի ասել, բայց չասված խոսքերը գուղձի պես խցանում են կոկորդս, ուստի և գրում եմ այս նամակը որպես խոստովանանք ու երկխոսության հրավեր։ Գրում եմ, որպեսզի թոթափեմ հիշողությամբ պարտադրված ատելությունը, սրբեմ-աղբանոց նետեմ յուրաքանչյուր թուրքի մեջ իմ ժողովրդի թշնամուն տեսնելու կանխադրույթը, որը չի լքում մեզ շուրջ 100 տարի… Ճիշտ այդքան ժամանակ է, ինչ մենք ներկան ապրում ենք անցյալի մեջ, բայց պիտի լայնախոհություն դրսևորենք գոնե ապագան ազատագրելու այդ նույն անցյալի մղձավանջից։
Արդեն գիտես՝ ազգանունս Անանյան է, որ ստուգաբանվում է ան-Անի-յան, այսինքն՝ Անին կորցրած, անԱնի հայ։ Իմ նախնիները 1319 թ. Հայաստանի 11-րդ մայրաքաղաք Անիի մեծ երկրաշարժի արհավիրքի պատճառով գաղթել են իրենց տոհմիկ բնօրրանից, լքել հազարումի եկեղեցիների շքեղ ոստանը և եկել-ծվարել են Հյուսիս–արևելյան Հայաստանի Կողբ գյուղում։ Իմ տոհմածառը սերում է Հայոց Բագրատունյաց իշխանական զարմից` մինչև մեկամյա իմ Անի թոռնուհին, և ամեն պատեհ առիթով հայ-թուրքական փակ սահմանի փշալարերի միջով փնտրում եմ պապենական տանս ավերակները... հեռադիտակով։ Եվ ամեն անգամ նախանձով եմ նայում քուրդ անհոգ հովվին ու քաղաքի կիսաքանդ պարսպի ստվերում անհոգորեն մակաղած ոչխարի հոտին...
Չէ՛, ինձ ճիշտ չհասկացար, սա ընդամենը ազգային գենի մեջ անթեղված կարոտախտի մուխն է` ֆրանսերեն «Force majeure» ձևակերպումով, բայց ո՛չ այն պահանջատիրությունը, որ արդեն ինը տասնամյակ, քուն թե արթմնի խռովում է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի (որ հիմա բնական վերարտադրությամբ կհատեր 5 մլն-ի սահմանագիծը) և նույնքան էլ տարագիրների աշխարհասփյուռ շառավիղների հոգիները՝ սպասելով իր արդար լուծմանը։
Աստծո սիրույն, միայն թե դու էլ չկրկնես Թուրքիո պաշտոնական հանկերգը. իբր, 1893-1923 թթ. հայերի ցեղասպանություն չի եղել, այլ սոսկ ցավալի ջարդեր... և որ (բացահայտ ցինիզմ) առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթից օգտվելով՝ հայերն իրենք են կոտորել «անպաշտպան» թուրքերին... Եվ մանավանդ որ պետք է ճշմարտության բացահայտումը հանձնել պատմաբանների հանձնախմբի դատին։
Պատմությունն իր դատավճիռը վաղուց է կայացրել. տոննաներով փաստաթղթեր, հայ և օտար ականատեսների սահմռկեցնող վկայություններ, կինովավերագրեր, բռնազավթված ու ավերված շեներ, ամայացած հողեր, կրոնափոխ եկեղեցիներ...
Սիրիայի Տեր-Զոր անապատում այսօր էլ այցելուների աչքը կուրացնում է հայ անթաղ տարագիրների կմախքների ֆոսֆորը...
Աշխարհը վաղուց գիտի անհերքելի ճշմարտությունը, Էրդողանն էլ գիտի, Օբաման էլ, վստահ եմ՝ նաև դու։ ԱՄՆ պետքարտուղար տիկին Քլինթոնն էլ գիտի, թեպետ «ժողովրդավարության միջնաբերդ» Սպիտակ տնից երկակի ստանդարտներ է ձևում՝ անկեղծության պահին խոստովանելով. □Ցավոք, դիվանագիտության մեջ հաճախ պետական շահերն ավելի կարևոր են, քան ճշմարտությունը□։
Ամերիկյան Կոնգրեսն ու Սենատն էլ գիտեն, թեև ամեն անգամ գցել-բռնելով քարկտիկ են խաղում, տաքուհովի մեջ պահելով մի ողջ ժողովուրդ՝ Հայոց ցեղասպանության հարցը օրակարգ մտցնելու քաղաքական անբարո առևտրով... Երկդիմի, եռադեմ, բազմադիմակ խաղ...
Գուցե ընդհատե՞նք դիմակահանդես – զավեշտախաղի ավանդույթը, երբ աշխարհի աչքին թոզ փչելու համար Վանում վերականգնվում է Ախթամարի Սուրբ խաչ եկեղեցին՝ առանց խաչի ու պատարագի և զուգընթաց՝ Անիի քրիստոնեական Մայր տաճարում նամազի ծես է արվում. իսկական ծաղր քրիստոնեությունը պետական կրոն հռչակած աշխարհի առաջին երկրին (301թ.)։ Այսօր իրերն ու երևույթներն իրենց անուններով կոչելու ժամանակն է, ժամանակն է ոչ թե բարոյականության խրատներ կարդալ, այլ ապրել բարոյական սկզբունքներով։ Հենց այս հայեցակարգն էլ ընկած է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի» (1948 թ.) հիմքում, որի տակ, ի դեպ, դրված է նաև Թուրքիայի Հանրապետության ստորագրությունը, և որն ասես շարադրված է Հայոց ցեղասպանության օրինակով։
Բայց բնավ քեզ հայտնի հանրագիտարանային ճշմարտությունները չեն պատճառը, որ գրում եմ այս նամակը։ Երբ ամիսներ առաջ իմ հրավերով Երևան այցելեցիր, հարցրիր.
–Ի՞նչ խորն է նստած ատելությունը հայ մարդու մեջ, մի՞թե 21-րդ քաղաքակիրթ դարում հնարավոր է սրբագործել անցյալի ողբերգությունը, երբ արդեն նորանկախ երկիր ունեք և այսքան գեղեցիկ մայրաքաղաք։
Որքա՜ն համահունչ էր հարցդ թուրքական □Հուրիեթ□ թերթի թղթակցի զարմանքին.
–Ինչպե՞ս հասկանալ՝ Արարատ լեռը օտար երկրի տարածքում է, բայց գրեթե բոլոր հայ պոետները գովերգում են իբրև հայոց Մայր լեռ...
Ես նրան պատասխանեցի.
–Արարատը մեր էության մեջ է, թերևս հենց մեր էությունն է, որ ոչ ոք չի կարող մեզնից օտարել։ Արարատը մեր ինքնության հիշողությունն ու վերածնության խորհրդանիշն է։ Իսկ եթե անկեղծ լինենք, լուսինն էլ ձերը չէ, բայց կեռ յաթաղանի պես թառել է թուրքական դրոշի վրա...
Ես գիտեմ մի անհերքելի ճշմարտություն, որ փոխանցվում է սերնդեսերունդ: Բերանացի գիտեմ, ինչպես մեսրոպյան հինավուրց այբուբենը (405 թ.)։ Դա գիտեն բոլոր հայերը՝ հասարակ հողագործից մինչև երկրի Նախագահ. Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի, ինչպես որ մեր ազգային ցավի հիշողությունը՝ մթագնելու որևէ հեռանկար։ Հիմա դուք եկել, հորդորում եք մոռանա՞լ անցյալը։
Ինչպե՞ս մոռանալ 1,5 միլիոն անմեղ զոհերին և գաղթի քարավանները, որոնց ժառանգները չեն կորցնում իրենց պատմական հայրենիքում վերահաստատվելու հույսն ու հավատը ։
Մոռանա՞լ 1915 թ. ապրիլի 24-ի բարդուղիմեոսյան գիշերը, երբ այլատյացության կացնի մի հարվածով գլխատվեց արևմտահայ մտավորականության սերուցքը՝ Սիամանթո, Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ, ժամանակ անց` Գրիգոր Զոհրապ...
Մոռանա՞լ հայ հոգևորական, ջարդերի ականատես Գրիգորիս Բալաքյանի □Հայերու գողգոթան□ եղերերգությունը (1924 թ.), որի խորագիրն իսկ կանխում է թեմայի մասին հարցումը։
Մոռանա՞լ արաբ ժողովրդի սրտացավ բարյացակամությունը, որն ապաստան տվեց եղեռնապուրծ հայ խլյակներին՝ իր մի կտոր հացը կիսելով օտարազգի մերձավորի հետ։
Մոռանա՞լ նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենին, որ Ազգերի լիգայի որոշմամբ (1924 թ.) «Նանսենյան անձնագիր», այսինքն՝ աշխարհաքաղաքացու վկայական տվեց տարբեր երկրներում անհայրենիք դեգերող, Մեծ եղեռնից մազապուրծ 320 հազար հայի։
Մոռանա՞լ ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (1934 թ.) վեպը՝ թուրքական բանակի դեմ հայ բնակչության հուսահատ, բայց հերոսական ինքնապաշտպանության մասին...
Մոռանա՞լ Ադոլֆ Հիտլերի լկտի ինքնարդարացում-հրահանգը հրեաների կոտորածի առիթով. գործի անցեք, հիմա ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը (1938 թ.)։
Ո՞ր մեկը թվեմ...
Հիշում եմ, փոքր էի ու երբ հազում էի, Անուշ տատս, որ բարության և կարեկցանքի մարմնացում էր, անմիջապես վրա էր բերում.
–Առողջություն քեզ, թող թուրքի լամուկը հազա։
Մի օր հարցրի. այ տատ, ի՞նչ է արել մեզ անծանոթ թուրքի տղան, որ պատեհ – անպատեհ անիծում ես։
Եղեռն չտեսած արևելահայ տատս լռելյայն հայացքը ցած խոնարհեց, բայց երբ հերթական անգամ տրապիզոնցի գաղթական Միհրանին հաց էր տալիս, պատմեց զազրելի եղելությունը։ Միհրանն այնքան նիհար էր, որ անգամ անունն էին սղել և Մրան էին կոչում։ Նա անցել էր ցեղասպանության դժոխքի բոլոր պարունակներով. 1915 թվին նրա աչքի առաջ կացին-եղանով գազանաբար խոշտանգել էին վեց երեխաներին, սվինահարել կնոջը, կրակել նրա վրա, տունը թալանել ու հրդեհել... Քուրդ հարևանը ծանր վիրավոր Միհրանին թաքցրել էր մարագում, խնամել և ապա ամռանը յայլաները հասցնելով՝ փրկել նրա կյանքը։
Հիմա էլ, տասնամյակներ անց, ոսկոր ու կաշի Մրանը երազներումս այցելում է ինձ, մուրացկանի ուսապարկում անբաժան աճյունասափորը՝ մի բուռ մոխիր իր հրկիզված օջախից, և շուրթերին իր որբացած բարբառը.
–Քիչիկ մը հաց կուտա՞ս...
Դեմքի խորշոմներից առվակներով հոսում էր արցունքը, և նրա հետ լալիս ու հեծեծում էր կորուսյալ Վանա ծովը.
Եթե հնար լիներ փոխել հարևանին, իմ ժողովուրդը կհավաքեր ունեցվածքը, համաշխարհային քաղաքակրթությանը տված իր մշակութային արժեքները և կգնար ուր աչքը կտրեր: Բայց երկիրը բնակարան չէ, որ ուզած պահին փոխես կամ փոխանակես:
Եթե իմանայիք, թե ինչ տառապանք է ամեն առավոտ բաց վերքի նման տեսնել Արարատը, և հիշել, հիշել... Երևի վաղուց էիք բուլդոզերներով քանդել ու պատգարակներով տեղափոխել բիբլիական լեռը հավասարեցնելով հողին...
Եթե...
Սակայն, պատմությունը պայմանական եղանակ չի հանդուրժում։
Օրերս թուրքական կայքերից մեկում իրավապաշտպան Էրոզ Էոլքորայը ուշագրավ դիտարկում էր արել, թե ինչու՞ Հայոց ցեղասպանությունը տակավին քաղաքական թաբու է, չէ՞ որ ժամանակակից Թուրքիան, ի դեմս Նոր հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի, պատասխանատվություն չի կրում Օսմանյան կայսրության գործած երիտթուրքական ոճրի համար։ Իսկապես, ինչու՞…
Նա թվարկում է երեք պատճառ, որոնք անցյալ դարասկզբի Թուրքիան պորտալարով կապում են մեր օրերի հետ։ Առաջինը «Թուրքիան՝ թուրքերին» ծրագիրն էր, որով Անատոլիան մաքրվեց հայ, հույն, հրեա, քրիստոնյա և այլ տարրերից։ Նրա կարծիքով, այդ հողերի վրա վերջին 96 տարում իրագործվել է 10 ցեղասպանություն (չորսը բաժին է հասել քրդերին), որոնցից ամենազանգվածայինն ու կազմակերպվածը Հայոց ցեղասպանությունն էր։
Երկրորդն առնչվում է Ազատագրության պատերազմի հետ, որի ֆինանսական աղբյուրը բոլշևիկյան Ռուսաստանի տրամադրած զենքի և դրամի օգնությունից զատ, հայերից բռնազավթված ինչքն ու հարստությունն էր։
Եվ վերջապես երրորդ պատճառը՝ Հայոց ցեղասպանությանը մասնակից ոճրագործները, ում ձեռքերը թաթախված են անմեղ արյան մեջ, նորահիմն հանրապետության կառավարական և դիվանագիտական ընտրյալների ցանկում էին։ Ահա ինչու է այսօր ձախողում Թուրքիայի ժառանգորդ պետությունը հարցի լուծման բոլոր ծրագրերը:
Սա ես չեմ ասում, սա ասում է թուրք անկողմնակալ մտավորականը, հավելելով, որ Թուրքիայի պետությունը միայն մի ելք ունի ուրացության խավար փակուղուց՝ ապավինել ապաշխարանքի լույսին։ Այլապես ամեն անգամ Հայոցցեղասպանություն եզրը լսելով, մշտապես կորցնելու է ողջախոհությունը՝ հայտնվելով խելակորույս վիճակում։ Իսկ խելակորույս պետությունը, իր կեղծ ժողովրդական կարգախոսներով որքան էլ երկու ձեռքով և երկու ոտքով թակի Եվրամիության դռները, այնտեղ մշտական գրանցում չպետք է ստանա:
Գերմանացիները խիզախեցին ճանաչել հրեական հոլոքոստը, ռուսներն էլ, 70 տարի անց, ընդունեցին լեհական Կատինը։ Հերթը ձերն է: Ուրեմն, մի՛ հապաղեք վավերացնել հայ–թուրքական արձանագրությունները, որի նախաձեռնողը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն է:
Սակայն քաղաքականությունը թողնենք քաղաքագետներին ու պետական այրերին, մենք գրող ենք, և մեր պարտքն է միմյանց ճանաչեցնել երկու հասարակություններին գրի և խոսքի միջոցով, համոզել, որ Ցեղասպանության ընդունումը ոչ թե կնսեմացնի թուրք ազգին, այլ ընդհակառակը՝ կվեհացնի։ Քանի դեռ յուրաքանչյուրիս մեջ չի կայացել Հայոց ցեղասպանության Նյուրնբերգը, ավելին՝ ոճիրը կեղծելով կամ լռության մատնելով, ակամա դառնում ենք դրա մասնակիցը։
Գրքիդ շնորհանդեսին դու խոսեցիր շեմերը հաղթահարելու մասին։ Շատ գեղեցիկ խոսեցիր։ Ասացիր, որ շեմեր կան նաև ժողովուրդների և երկրների միջև, որոնք պետք է ոչ թե արգելք լինեն, այլ անցակետ։ Հայ-թուրքական սահմանը դեռևս փակ է, և դու շատ ժամանակ կորցրիր Անկարայից մինչև Երևան, մինչդեռ կուզենայիր ուղիղ թռիչքով հասնել` ձեր ազգային թյուրքյուներում և հայ ժողովրդական տաղիկներում գովերգվող “սրտից սիրտը տանող” ճանապարհով: Երբեմն էլ շեմերի վրա կրակ է լինում, ասացիր, և եթե շեմն անցնելու վարանումը երկար տևի, ապա օտարացման տառապանքը կարող է վերածվել հիվանդության, ախտի:
Ավա՜ղ, շեմն անցնելու համար բաց դուռ է հարկավոր, իսկ դուք կրնկակոխ փակել եք բոլոր դռները՝ և՛ հոգու, և օջախի, և երկրի առջև...
Մի բան ճշմարիտ է, եթե վաղը Ցեղասպանության փաստը ԱՄՆ-ն էլ ընդունի, խուլուհամր ձևացող մյուս երկրներն էլ, բանակցությունների սեղանի շուրջ հայերն ու թուրքերն են նստելու, - և հենց թուրք հասարակությանն է պատկանում վերջին խոսքի իրավունքը։
Բարեբախտաբար, ժխտողականության անթափանց պատն արդեն ճաքեր է տալիս։ Ցեղասպանությունը հրապարակավ ընդունել են Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, անվանի պատմաբան Թաներ Աքչամը, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն..., հարյուրավոր այլ խիզախ անհատներ, ովքեր չեն ուզում հաշտ ապրել ստի ու կեղծիքի հետ։
Հրանտ Դինքի սպանությունը ցնցեց աշխարհը (շա՞տ բան է փոխվել գաղթական Միհրանի ժամանակներից), և նրա թաղման օրը ծայր առավ □Ես Դինքն եմ, ես հայ եմ□ հանրային շարժումը։ 2010 թ. Ստամբուլի կայարաներից մեկում (որտեղից 1915-ին սկսվեց հայ մտավորականների բռնագաղթը), տեղի ունեցավ բողոքի ցույց և մոմավառություն։ Վերջերս էլ թուրք մտավորականությունը համացանցով ստորագրահավաք կազմակերպեց Ցեղասպանության ճանաչման օգտին։
Երկխոսությունն արդեն սկսվել է, և ոճրի դատապարտումը պահանջում է հասարակական բազմաձայնություն։
Էլի մեկ ձայն։
Քո՛ ձայնը։
Հանուն պատմական ճշմարտության։
Հանուն նրանց, ովքեր չեն պղծելու իրենց շուրթերն անծեքով։
Հանուն նրանց, ովքեր գալու են Պատմության բեռն ու Ապագայի մարտահրավերները ժառանգելու մաքուր խղճով ու մաքուր ձեռքերով։
Հանուն մեր զավակների, ում նույն արևն է ջերմացնում՝ անկախ ազգությունից, մաշկի գույնից, խոսվածքից և բարոյական ընտրությունից։
Լևոն Անանյան. «Նամակ թուրք բարեկամիս»
2015 թվականին կլրանա մարդկության պատմության ամենաամոթալի էջերից մեկի՝ XX դարի առաջին ցեղասպանության 100-ամյա տարելիցը։ 1915 թ. Օսմանյան Թուրքիան իր պատմական հայրենիքից տեղահանեց, ապա և գաղթի ճանապարհներին բնաջնջեց շուրջ 1,5 մլն հայ։ Հայոց Ցեղասպանության փաստն արդեն ճանաչել ու դատապարտել է երկու տասնյակից ավելի պետություն, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Հունաստանը, Արգենտինան և այլն։ Եվրոպական մի քանի երկրում քրեորեն պատժվում են ցեղասպանությունը մերժելու փորձերը:Դատապարտման գործընթացը շարունակվում է, սակայն Թուրքիայի Հանրապետությունը համառորեն որդեգրել է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը։
Բաց նամակը, որ այսօր թարգմանաբար տպագրվում է աշխարհի տասնյակ թերթերում, հայ գրողի կոչն է թուրք հասարակությանը՝ հաղթահարել քաղաքական թաբուները և հրաժարվել ուրացության կարծրատիպից։ * * *«Թեպետ ես վկայում եմ իմ անձի մասին, իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղից եկա և ուր եմ գնում»։
ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ,
ԳԼՈՒԽ Ը, 14
«Ո՛վ մարգարե, սուրբ պատերազմ մղիր... կեղծարարների դեմ և խիստ եղիր նրանց նկատմամբ, նրանց տեղը դժոխքն է»...
ՂՈՒՐԱՆ, ՍՈՒՐԱՀ «ԱԼ-ԹՈԲԵՀ», 73
Մենք ծանոթացանք պատահաբար, միջազգային մի գրական փառատոնի օրերին։ Զրույցի ընթացքում պարզվեց՝ դու թուրք գրող ես, ես՝ հայ։ Այն ժամանակ (և հետագա մեր հանդիպումներին) շատ բան չհասցրի ասել, բայց չասված խոսքերը գուղձի պես խցանում են կոկորդս, ուստի և գրում եմ այս նամակը որպես խոստովանանք ու երկխոսության հրավեր։ Գրում եմ, որպեսզի թոթափեմ հիշողությամբ պարտադրված ատելությունը, սրբեմ-աղբանոց նետեմ յուրաքանչյուր թուրքի մեջ իմ ժողովրդի թշնամուն տեսնելու կանխադրույթը, որը չի լքում մեզ շուրջ 100 տարի… Ճիշտ այդքան ժամանակ է, ինչ մենք ներկան ապրում ենք անցյալի մեջ, բայց պիտի լայնախոհություն դրսևորենք գոնե ապագան ազատագրելու այդ նույն անցյալի մղձավանջից։
Արդեն գիտես՝ ազգանունս Անանյան է, որ ստուգաբանվում է ան-Անի-յան, այսինքն՝ Անին կորցրած, անԱնի հայ։ Իմ նախնիները 1319 թ. Հայաստանի 11-րդ մայրաքաղաք Անիի մեծ երկրաշարժի արհավիրքի պատճառով գաղթել են իրենց տոհմիկ բնօրրանից, լքել հազարումի եկեղեցիների շքեղ ոստանը և եկել-ծվարել են Հյուսիս–արևելյան Հայաստանի Կողբ գյուղում։ Իմ տոհմածառը սերում է Հայոց Բագրատունյաց իշխանական զարմից` մինչև մեկամյա իմ Անի թոռնուհին, և ամեն պատեհ առիթով հայ-թուրքական փակ սահմանի փշալարերի միջով փնտրում եմ պապենական տանս ավերակները... հեռադիտակով։ Եվ ամեն անգամ նախանձով եմ նայում քուրդ անհոգ հովվին ու քաղաքի կիսաքանդ պարսպի ստվերում անհոգորեն մակաղած ոչխարի հոտին...
Չէ՛, ինձ ճիշտ չհասկացար, սա ընդամենը ազգային գենի մեջ անթեղված կարոտախտի մուխն է` ֆրանսերեն «Force majeure» ձևակերպումով, բայց ո՛չ այն պահանջատիրությունը, որ արդեն ինը տասնամյակ, քուն թե արթմնի խռովում է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի (որ հիմա բնական վերարտադրությամբ կհատեր 5 մլն-ի սահմանագիծը) և նույնքան էլ տարագիրների աշխարհասփյուռ շառավիղների հոգիները՝ սպասելով իր արդար լուծմանը։
Աստծո սիրույն, միայն թե դու էլ չկրկնես Թուրքիո պաշտոնական հանկերգը. իբր, 1893-1923 թթ. հայերի ցեղասպանություն չի եղել, այլ սոսկ ցավալի ջարդեր... և որ (բացահայտ ցինիզմ) առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթից օգտվելով՝ հայերն իրենք են կոտորել «անպաշտպան» թուրքերին... Եվ մանավանդ որ պետք է ճշմարտության բացահայտումը հանձնել պատմաբանների հանձնախմբի դատին։
Պատմությունն իր դատավճիռը վաղուց է կայացրել. տոննաներով փաստաթղթեր, հայ և օտար ականատեսների սահմռկեցնող վկայություններ, կինովավերագրեր, բռնազավթված ու ավերված շեներ, ամայացած հողեր, կրոնափոխ եկեղեցիներ...
Սիրիայի Տեր-Զոր անապատում այսօր էլ այցելուների աչքը կուրացնում է հայ անթաղ տարագիրների կմախքների ֆոսֆորը...
Աշխարհը վաղուց գիտի անհերքելի ճշմարտությունը, Էրդողանն էլ գիտի, Օբաման էլ, վստահ եմ՝ նաև դու։ ԱՄՆ պետքարտուղար տիկին Քլինթոնն էլ գիտի, թեպետ «ժողովրդավարության միջնաբերդ» Սպիտակ տնից երկակի ստանդարտներ է ձևում՝ անկեղծության պահին խոստովանելով. □Ցավոք, դիվանագիտության մեջ հաճախ պետական շահերն ավելի կարևոր են, քան ճշմարտությունը□։
Ամերիկյան Կոնգրեսն ու Սենատն էլ գիտեն, թեև ամեն անգամ գցել-բռնելով քարկտիկ են խաղում, տաքուհովի մեջ պահելով մի ողջ ժողովուրդ՝ Հայոց ցեղասպանության հարցը օրակարգ մտցնելու քաղաքական անբարո առևտրով... Երկդիմի, եռադեմ, բազմադիմակ խաղ...
Գուցե ընդհատե՞նք դիմակահանդես – զավեշտախաղի ավանդույթը, երբ աշխարհի աչքին թոզ փչելու համար Վանում վերականգնվում է Ախթամարի Սուրբ խաչ եկեղեցին՝ առանց խաչի ու պատարագի և զուգընթաց՝ Անիի քրիստոնեական Մայր տաճարում նամազի ծես է արվում. իսկական ծաղր քրիստոնեությունը պետական կրոն հռչակած աշխարհի առաջին երկրին (301թ.)։ Այսօր իրերն ու երևույթներն իրենց անուններով կոչելու ժամանակն է, ժամանակն է ոչ թե բարոյականության խրատներ կարդալ, այլ ապրել բարոյական սկզբունքներով։ Հենց այս հայեցակարգն էլ ընկած է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի» (1948 թ.) հիմքում, որի տակ, ի դեպ, դրված է նաև Թուրքիայի Հանրապետության ստորագրությունը, և որն ասես շարադրված է Հայոց ցեղասպանության օրինակով։
Բայց բնավ քեզ հայտնի հանրագիտարանային ճշմարտությունները չեն պատճառը, որ գրում եմ այս նամակը։ Երբ ամիսներ առաջ իմ հրավերով Երևան այցելեցիր, հարցրիր.
–Ի՞նչ խորն է նստած ատելությունը հայ մարդու մեջ, մի՞թե 21-րդ քաղաքակիրթ դարում հնարավոր է սրբագործել անցյալի ողբերգությունը, երբ արդեն նորանկախ երկիր ունեք և այսքան գեղեցիկ մայրաքաղաք։
Որքա՜ն համահունչ էր հարցդ թուրքական □Հուրիեթ□ թերթի թղթակցի զարմանքին.
–Ինչպե՞ս հասկանալ՝ Արարատ լեռը օտար երկրի տարածքում է, բայց գրեթե բոլոր հայ պոետները գովերգում են իբրև հայոց Մայր լեռ...
Ես նրան պատասխանեցի.
–Արարատը մեր էության մեջ է, թերևս հենց մեր էությունն է, որ ոչ ոք չի կարող մեզնից օտարել։ Արարատը մեր ինքնության հիշողությունն ու վերածնության խորհրդանիշն է։ Իսկ եթե անկեղծ լինենք, լուսինն էլ ձերը չէ, բայց կեռ յաթաղանի պես թառել է թուրքական դրոշի վրա...
Ես գիտեմ մի անհերքելի ճշմարտություն, որ փոխանցվում է սերնդեսերունդ: Բերանացի գիտեմ, ինչպես մեսրոպյան հինավուրց այբուբենը (405 թ.)։ Դա գիտեն բոլոր հայերը՝ հասարակ հողագործից մինչև երկրի Նախագահ. Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի, ինչպես որ մեր ազգային ցավի հիշողությունը՝ մթագնելու որևէ հեռանկար։ Հիմա դուք եկել, հորդորում եք մոռանա՞լ անցյալը։
Ինչպե՞ս մոռանալ 1,5 միլիոն անմեղ զոհերին և գաղթի քարավանները, որոնց ժառանգները չեն կորցնում իրենց պատմական հայրենիքում վերահաստատվելու հույսն ու հավատը ։
Մոռանա՞լ 1915 թ. ապրիլի 24-ի բարդուղիմեոսյան գիշերը, երբ այլատյացության կացնի մի հարվածով գլխատվեց արևմտահայ մտավորականության սերուցքը՝ Սիամանթո, Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ, ժամանակ անց` Գրիգոր Զոհրապ...
Մոռանա՞լ հայ հոգևորական, ջարդերի ականատես Գրիգորիս Բալաքյանի □Հայերու գողգոթան□ եղերերգությունը (1924 թ.), որի խորագիրն իսկ կանխում է թեմայի մասին հարցումը։
Մոռանա՞լ արաբ ժողովրդի սրտացավ բարյացակամությունը, որն ապաստան տվեց եղեռնապուրծ հայ խլյակներին՝ իր մի կտոր հացը կիսելով օտարազգի մերձավորի հետ։
Մոռանա՞լ նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենին, որ Ազգերի լիգայի որոշմամբ (1924 թ.) «Նանսենյան անձնագիր», այսինքն՝ աշխարհաքաղաքացու վկայական տվեց տարբեր երկրներում անհայրենիք դեգերող, Մեծ եղեռնից մազապուրծ 320 հազար հայի։
Մոռանա՞լ ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (1934 թ.) վեպը՝ թուրքական բանակի դեմ հայ բնակչության հուսահատ, բայց հերոսական ինքնապաշտպանության մասին...
Մոռանա՞լ Ադոլֆ Հիտլերի լկտի ինքնարդարացում-հրահանգը հրեաների կոտորածի առիթով. գործի անցեք, հիմա ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը (1938 թ.)։
Ո՞ր մեկը թվեմ...
Հիշում եմ, փոքր էի ու երբ հազում էի, Անուշ տատս, որ բարության և կարեկցանքի մարմնացում էր, անմիջապես վրա էր բերում.
–Առողջություն քեզ, թող թուրքի լամուկը հազա։
Մի օր հարցրի. այ տատ, ի՞նչ է արել մեզ անծանոթ թուրքի տղան, որ պատեհ – անպատեհ անիծում ես։
Եղեռն չտեսած արևելահայ տատս լռելյայն հայացքը ցած խոնարհեց, բայց երբ հերթական անգամ տրապիզոնցի գաղթական Միհրանին հաց էր տալիս, պատմեց զազրելի եղելությունը։ Միհրանն այնքան նիհար էր, որ անգամ անունն էին սղել և Մրան էին կոչում։ Նա անցել էր ցեղասպանության դժոխքի բոլոր պարունակներով. 1915 թվին նրա աչքի առաջ կացին-եղանով գազանաբար խոշտանգել էին վեց երեխաներին, սվինահարել կնոջը, կրակել նրա վրա, տունը թալանել ու հրդեհել... Քուրդ հարևանը ծանր վիրավոր Միհրանին թաքցրել էր մարագում, խնամել և ապա ամռանը յայլաները հասցնելով՝ փրկել նրա կյանքը։
Հիմա էլ, տասնամյակներ անց, ոսկոր ու կաշի Մրանը երազներումս այցելում է ինձ, մուրացկանի ուսապարկում անբաժան աճյունասափորը՝ մի բուռ մոխիր իր հրկիզված օջախից, և շուրթերին իր որբացած բարբառը.
–Քիչիկ մը հաց կուտա՞ս...
Դեմքի խորշոմներից առվակներով հոսում էր արցունքը, և նրա հետ լալիս ու հեծեծում էր կորուսյալ Վանա ծովը.
Եթե հնար լիներ փոխել հարևանին, իմ ժողովուրդը կհավաքեր ունեցվածքը, համաշխարհային քաղաքակրթությանը տված իր մշակութային արժեքները և կգնար ուր աչքը կտրեր: Բայց երկիրը բնակարան չէ, որ ուզած պահին փոխես կամ փոխանակես:
Եթե իմանայիք, թե ինչ տառապանք է ամեն առավոտ բաց վերքի նման տեսնել Արարատը, և հիշել, հիշել... Երևի վաղուց էիք բուլդոզերներով քանդել ու պատգարակներով տեղափոխել բիբլիական լեռը հավասարեցնելով հողին...
Եթե...
Սակայն, պատմությունը պայմանական եղանակ չի հանդուրժում։
Օրերս թուրքական կայքերից մեկում իրավապաշտպան Էրոզ Էոլքորայը ուշագրավ դիտարկում էր արել, թե ինչու՞ Հայոց ցեղասպանությունը տակավին քաղաքական թաբու է, չէ՞ որ ժամանակակից Թուրքիան, ի դեմս Նոր հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի, պատասխանատվություն չի կրում Օսմանյան կայսրության գործած երիտթուրքական ոճրի համար։ Իսկապես, ինչու՞…
Նա թվարկում է երեք պատճառ, որոնք անցյալ դարասկզբի Թուրքիան պորտալարով կապում են մեր օրերի հետ։ Առաջինը «Թուրքիան՝ թուրքերին» ծրագիրն էր, որով Անատոլիան մաքրվեց հայ, հույն, հրեա, քրիստոնյա և այլ տարրերից։ Նրա կարծիքով, այդ հողերի վրա վերջին 96 տարում իրագործվել է 10 ցեղասպանություն (չորսը բաժին է հասել քրդերին), որոնցից ամենազանգվածայինն ու կազմակերպվածը Հայոց ցեղասպանությունն էր։
Երկրորդն առնչվում է Ազատագրության պատերազմի հետ, որի ֆինանսական աղբյուրը բոլշևիկյան Ռուսաստանի տրամադրած զենքի և դրամի օգնությունից զատ, հայերից բռնազավթված ինչքն ու հարստությունն էր։
Եվ վերջապես երրորդ պատճառը՝ Հայոց ցեղասպանությանը մասնակից ոճրագործները, ում ձեռքերը թաթախված են անմեղ արյան մեջ, նորահիմն հանրապետության կառավարական և դիվանագիտական ընտրյալների ցանկում էին։ Ահա ինչու է այսօր ձախողում Թուրքիայի ժառանգորդ պետությունը հարցի լուծման բոլոր ծրագրերը:
Սա ես չեմ ասում, սա ասում է թուրք անկողմնակալ մտավորականը, հավելելով, որ Թուրքիայի պետությունը միայն մի ելք ունի ուրացության խավար փակուղուց՝ ապավինել ապաշխարանքի լույսին։ Այլապես ամեն անգամ Հայոց ցեղասպանություն եզրը լսելով, մշտապես կորցնելու է ողջախոհությունը՝ հայտնվելով խելակորույս վիճակում։ Իսկ խելակորույս պետությունը, իր կեղծ ժողովրդական կարգախոսներով որքան էլ երկու ձեռքով և երկու ոտքով թակի Եվրամիության դռները, այնտեղ մշտական գրանցում չպետք է ստանա:

Լևոն Անանյան