Աշխարհ

15.08.2020 10:32


«Դա իմ բազմոցն է». Բելառուսի ԿԸՀ նախագահը հաստատել է, որ նախագահի ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայայի՝ բելառուսներին փողոց դուրս չգալու կոչ անող ուղերձը տեսանկարահանվել է իր աշխատասենյակում (տեսանյութ)

«Դա իմ բազմոցն է». Բելառուսի ԿԸՀ նախագահը հաստատել է, որ նախագահի ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայայի՝ բելառուսներին փողոց դուրս չգալու կոչ անող ուղերձը տեսանկարահանվել է իր աշխատասենյակում (տեսանյութ)

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան հաստատել է, որ նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի՝ բելառուսներին ուղղված տեսաուղերձը, որում թեկնածուն կոչ է անում դուրս չգալ բողոքի ցույցերի, տեսանկարահանվել է իր աշխատասենյակում, գրում է meduza.io-ն:

«Դա իմ բազմոցն է: Տիխանովսկայան ձայնագրել է իր տեսաուղերձն առանց ինձ»,-ասել է Երմոշինան «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի բելառուսական ծառայությանը:

Հարցին, թե ինչու անձամբ ԿԸՀ նախագահը չի եղել այդ պահին իր աշխատասենյակում, Երմոշինան պատասխանել է, որ Տիխանովսկայայի հետ «ցանկանում էին հանդիպել իրավապահ մարմինների երկու բարձրաստիճան աշխատակիցներ»:

«Ես նրանց ներկայացրի, Տիխանովսկայան մնաց իր փաստաբանի հետ նրանց հետ, և ես գնացի»,-ասել է Բելառուսի ԿԸՀ նախագահը:

Տեսաուղերձը, որում Տիխանովսկայան թղթից տեքստը կարդալով բելառուսներին կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաները, հրապարակվել էր օգոստոսի 11-ին:

«Դուրս մի եկեք փողոցներ, ժողովուրդն իր ընտրությունը կատարել է»,-ասել էր նա:

Դրանից առաջ հրապարակվել էր Տիխանովսկայայի ևս մի տեսաուղերձ, որը նա տեսագրել էր Լիտվա գնալուց հետո:

«Ես ինքս ինձ համար շատ բարդ որոշում եմ կայացրել: Ես երևի այդպես էլ մնացել եմ այն թույլ կինը, որ կայի ի սկզբանե»,-հայտարարել է Տիխանովսկայան` նշելով, որ դա իր անձնական որոշումն է եղել, որի վրա չեն ազդել ո՛չ ընկերները, ո՛չ հարազատները, ո՛չ էլ թիմակիցները:

Երեկ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն է հրապարակել, որոնց համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1%-ը, ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,1%-ը:

Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է:

Աղբյուրը՝ tert.am


Այս խորագրի վերջին նյութերը