Լրահոս

11.04.2011 17:20


Ազատամարտիկների ծնողներ. «...մեզ այդ չնչին սփոփանքից էլ են զրկում»

ՀՀ Նախագահ պարոն Ս.Սարգսյանին,

Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդին,

ՀՀ ՊՆ պարոն Ս.Օհանյանին

Բաց նամակ

Մեծարգո՛ նախագահ, Ձե՛րդ սուրբ օծություն եւ հարգելի՛ նախարար, Ձեզ են դիմում հայրենիքի սուրբ հողի համար կռված և իրենց կյանքը զոհած Ազատամարտիկների մայրերը: Մայրը որդուց թանկ ոչինչ չունի, բայց հայրենիքը ավելի թանկ է, և մենք մեր որդիներին նվիրեցինք մեր Հայրենիքի ազատությանը, և չենք զղջում դրա համար, այլ նաեւ հպարտ են...ք: Հպարտ ենք, քանի որ ինչպես ասել է Նժդեհը. «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»: Այս խոսքերը վստահ ենք Մեծ հայը մեր ազգի համար է ասել: Մի սփոփանք ունենք միայն՝ այցելել մեր զավակների սուրբ շիրիմներին և աղոթել նրանց հոգիների հանգստության համար: Եռաբլուրում կառուցված Փամփուշտաձև մատուռը, որն իր ձևով անգամ հիշեցնում է նրա խորհուրդը, մեր հերոս զավակների հիշատակը հավերժացնելու համար կառուցվեց: Իսկ մենք`նրանց Մայրերը, այդ մատուռի խորհրդավոր պատերի ներսում է որ զգում ենք մեր որդիների կենդանի շունչը: Տարիներ շարունակ մենք հենց այդ մատուռում ենք աղոթել առ Աստված և մոմ վառել, որ նա խաղաղություն պարգևի մեր Հայրենիքին և Ազգին: Բայց մեզ այդ չնչին սփոփանքից էլ են զրկում: Եռաբլուրի մատուռում ցանկացած ոք «իրավունք է ստացել» հոգեհանգստի արարողություն կատարել և հանգուցյալի մարմինը մի ամբողջ օր և գիշեր թողնել մեր զավակների հիշատակին կառուցված մատուռում: Այդքանից հետո մատուռ մտնելը, աղոթելը և մոմ վառելը դառնում է ծանր եւ հոգեբանորեն ճնշող: Մենք` Ազատամարտիկների ծնողներս, մեզ հետ նաև մեր որդիներին այցելող մարդիկ, հաճախ անձրևին, ձյանը, ամռան տապին զրկված ենք լինում ցանկացած օր և ժամի մատուռ մտնելուց և աղոթելուց: Եթե հայ եկեղեցին որոշել է վերականգնել հանգուցյալին եկեղեցում մեկ օր պահելու քրիստոնեական ավանդույթը, ողջունելի է, բայց դա իրականացնել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող այս փոքրիկ մատուռում, կարծում ենք անհարգալից վերաբերմունք է նրանց զոհաբերած Հիշատակի հանդեպ: Հայ ազատագրական պայքարում նահատակվածներին այցելողները Եռաբլուրի Փամփուշտաձև մատուռում մոմ են վառում հպարտ կեցվածքով և աղոթում են ի փառս մեր հայրենիքի և ի հիշատակ նահատակների, որը պետք է ծառայի միայն ազգի լինելիության և բարգավաճման համար: Մենք ոչինչ չենք պահանջել մինչ օրս, չնայած բոլորս նյութական կարիքի մեջ ենք: Մենք գիտենք, որ մեր զավակների կորուստը անփոխատուցելի է: Միայն հայրենի իշխանությունների և եկեղեցու ուշադրությունը կարող մի փոքր մեղմել մեր ցավը: Մեծարգո՛ նախագահ, Ձե՛րդ սուրբ օծություն, հարգելի՛ նախարար, խնդրում ենք Ձեր արդարամիտ միջամտությունը, որպեսզի Եռաբլուրի բարձունքում վեր խոյացող մատուռը վերադարձվի նահատակվածների ծնողներին և Հայրենիքի փառքով ապրող մարդկանց: Թող որ ազգը իր հերոսներին հարգելու և գնահատելու սուրբ պարտականությունը չմոռանա: Չմոռանա նաև այդ հերոսներին ծնած և սնած ծնողների հանդեպ ակնածանքը: Հարգանքներով`ազատամարտիկների ծնողներ:

Այս խորագրի վերջին նյութերը