Տնտեսական

14.08.2020 16:34


Մինչև տարեվերջ Հայաստանում տնտեսական անկումը կարող է հասնել մոտ 5 տոկոսի․ Էկոնոմիկայի նախարարություն

Մինչև տարեվերջ Հայաստանում տնտեսական անկումը կարող է հասնել մոտ 5 տոկոսի․ Էկոնոմիկայի նախարարություն

Հաշվի առնելով ներկայիս միտումները` 2020 թվականին տնտեսական անկումը Հայաստանում կարող է մոտ 5 տոկոս կազմել, միգուցե` մի փոքր ավել: Այս մասին այսօր` օգոստոսի 14-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նախարարը շեշտեց, որ նշված 5 տոկոսը փորձագիտական է, այլ ոչ թե` պաշտոնական գնահատական, և այն կարող է փոխվել: «Գնահատականները կարող են տարբեր լինել, սակայն այդ գնահատականները ևս փոխվում են, որովհետև իրավիճակն անընդհատ փոխվում է ամբողջ աշխարհում»,-հայտարարել է Խաչատրյանը:

Ներկայացնելով, թե ինչի վրա է հիմնվում տնտեսական հնարավոր անկման հաշվարկը` Խաչատրյանը տեղեկացրեց, որ ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսն արտադրվում է տարվա առաջին կիսամյակում, մնացած 60 տոկոսը` երկրորդում: «Եթե տարվա առաջին կիսամյակում գրանցված տնտեսական գործունեության ցուցանիշները ճշգրտորեն անցնեն ՀՆԱ-ի ցուցանիշների, ապա տարեկան կտրվածքով տարվա առաջին կիսամյակի ՀՆԱ աճի ցուցանիշները 2 տոկոսային կետով ցածր կլինեն, քան 2019-ին»,-ասաց Խաչատրյանը: Նա հավելեց, որ եթե հունիս ամսվա ցուցանիշները մնան անփոփոխ հուլիսին և հետագա ամիսներին իրավիճակի բարելավման պայմանով, ապա տարվա երկրորդ կիսամյակում ՀՆԱ-ի անկումը 3-4 տոկոս կկազմի:

«Տնտեսությունը փոխվում է, և մենք հույս ունենք, որ երրորդ-չորրորդ եռամսյակում երկրորդ եռամսյակի ցուցանիշների համեմատ որոշակի առաջընթաց կգրանցվի: Բայց ես չեմ բացառում, որ Հայաստանում տնտեսական անկումը 2019 թվականի համեմատ մոտ 5 տոկոս կկազմի»,-ասաց Խաչատրյանը: Ըստ նրա` 5 տոկոս անկումը համահունչ է համաշխարհային տնտեսական միտումներին: Ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսության համար կանխատեսվում է 6 տոկոս անկում, նշեց նա` հավելելով, որ 2021 թվականը կլինի վերականգնման հիմնական տարին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը