Հարցազրույց

14.08.2020 15:45


«Օրենքը մեզ չի արգելում աշխատել, և որևէ կերպ ապացուցված չեն ակտիվիստների մերկապարանոց մեղադրանքները»․ Խորեն Նասիբյան

«Օրենքը մեզ չի արգելում աշխատել, և որևէ կերպ ապացուցված չեն ակտիվիստների մերկապարանոց մեղադրանքները»․ Խորեն Նասիբյան

Ամուլսարում վերջին օրերին իրականացված գործողությունների, «Լիդիան Արմենիայի» գործունեությունը վերսկելու հարցի շուրջ Aysor.am-ը զրուցել է «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանի հետ։

-Ինչո՞ւ հիմա հանկարծ «Լիդիան Արմենիան» որոշեց գործողություններ սկսել Ամուլսարում, ինչպե՞ս կգնահատեք ակտիվիստների բնորոշումը, թե ընկերությունը դիտավորյալ սադրիչ գործողություններ է անում։

-Լիդիանն արդեն երկու տարի չի կարողանում մուտք գործել իր օրինական տիրապետման տակ գտնվող տարածք։ Մի օր վերջապես պետք է ընկերությունը քայլեր ձեռնարկեր իր տարածքի անօրիանկան ներխուժումը վերացնելու նպատակով։ Եվ երբ էլ դա արվեր,անմիջապես կարող էր ծագել այդ հարցը, թե ինչու հիմա և ինչու հանկարծ։ Խոշորագույն ներդրողի տարածքներ խուժել են մի խումբ անձինք իրենց գույքով, և դա խայտառակություն է, որ 2 տարի ոստիկանությունը ոչինչ չի արել այդ՝ իրավական երկրին անհարիր վիճակը վերացնելու ուղղությամբ։ Մենք օրենքով լիազորված էինք և ստիպված էինք ինքներս վերացնելու մեր տարածք կատարած ներխուժումը։

-Բայց չէ՞ որ վիճելի էր, թե ում է պատկանում այն տարածքը, որտեղ ստեղծվել էին ակտիվիստների դիրքերը։ Նրանց խոսքերով, կա նաև բուֆերային գոտին ձեր կողմից խախտելու հանգամանքը։

-Տարածքը Լիդիանինն է, դա ճշտված է բազմաթիվ փորձաքննություններով, GPS կոորդինատներով, դրա դեմ չկա և չի կարող լինել որևէ պատկան մարմնի կողմից արտահայտված այլ դիրքորոշում։ Լիդիանի օրինական տիրապետման տակ գտնվող տարածք երկու տարի անարգել ներխուժում իրականացրած անձինք, զարմանալիորեն դեռ ինչ-որ դժգոհություններ են ներկայացնում, թե պահնորդական ծառայության համազգեստը կամ պահվածքը իրենց դուրը չի գալիս։ Լիդիանի տարածքում, Լիդիանի պահնորդները կարող են իրականացնել օրենքով իրենց վերապահված բոլոր գործառույթները, այդ թվում՝ պաշտպանել տարածքը ներխուժումից, կրել օրենքով չարգելված ցանկացած գույքի և տարբերանշաններով համազգեստ, և օրենքով թույլատրված այլ ատրիրբուտներ։ Այստեղ չկա դիրք և բուֆերային գոտի, այստեղ կա ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածք և դրա ապօրինի ներխուժում և մեր խորին համոզմամբ՝ ինքնիրավչություն։

-Աշխատակիցների հրավերի ձեր հայտարարությունը պետք է գնահատել որպես աշխատանքները վերսկսելու մտադրությո՞ւն։

-Մի խումբ մարդկանց ուղղորդված զոռբայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ տասնյակ միլիոնավոր ներդրումների օրինական իրականացման համար։ Թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային օրենքի տեսանկյունից մենք իրավունք ունենք պաշտպանելու մեր տարածքն ապօրինի ոտնձգություններից, մենք իրավունք ունենք հետ կանչել մեր աշխատակիցներին, որոնք տևական ժամանակ կորցրել են իրենց եկամուտի աղբյուրը՝ հայտնվելով վարկերի ու պարտքերի տակ։ Բնականաբար, հիմա այդ մարդիկ սպասում են, թե երբ պետք է անցնեն աշխատանքի և դիմում են այդ հարցով մեզ՝ հետաքրքրվելով, թե ինչ նորություն, ինչ որոշում կա իրենց աշխատանքի հետ կապված։ Հետևաբար, մենք չենք կարող անվերջ սպասել, այն դեպքում, երբ օրենքն ու իրավունքը մեր կողմն են, մենք կարող ենք մուտք գործել մեր տարածք և աշխատել այնպես, ինչպես նախատեսվում էր՝ ապահովելով անվտանգության և բնապահպանական միջազգային ամենախիստ կանոնները։ Եվ մենք, իհարկե, կվարվենք հենց այդպես՝ իրացնելով մեր օրինական իրավունքները։

Այս խորագրի վերջին նյութերը