Աշխարհ

11.08.2020 21:45


Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի թեմայով Հայաստանից հնչած հայտարարությունները

Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի թեմայով Հայաստանից հնչած հայտարարությունները

Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի 100-ամյակի առթիվ Երևանում տեղի ունեցած միջոցառումները, ինչպես նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս թեմայով հնչած հայտարարությունները։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ի պատասխան վերոնշյալ հայտարարություններին։

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը անուղղակի սպառնացել է․ «Ժամանակը եկել է, որ Հայաստանի պետական մարմինները (իշխանությունները) ագրեսիվ ազգայնական քաղաքականությունը թողնեն և խելքները գլուխները հավաքեն»։

Հայտարարության մեջ նշվել է, որ Սևրի պայմանագրի նպատակն էր մասնատել Թուրքիան և վերջ դնել անկախությանը և ինքնիշխանությանը, սակայն թուրք ազգը «պատռել և պատմության աղբամանն է նետել այն»։

Թուրքիայի ԱԳՆ-ն այս հայտարարությամբ անուղղակի կերպով Հայաստանին մեղադրել են թշնամանք սերմանելու և «ստոր նպատակներ ունենալու մեջ», և այդ նպատակով Սևրի պայմանգրի օգնությանը դիմելու մեջ։

Հայտարարության մեջ կրկնվել է նաև վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված այն կարծիքը, թե Հայաստանը չի կարողանում հոգալ սեփական ժողովրդի առօրյա պահանջները։

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը նաև անդրադարձել է արցախյան հիմնախնդրին՝ Հայաստանին մեղադրելով «Ադրբեջանի տարածքները բռնազավթելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման առջև միակ խոչընդոտը լինելու» մեջ։

Նշենք, որ օգոստոսի 10-ին լրացել է Սևրի պայմանագրի կնքման 100-րդ տարին։ Դրանով ճանաչվում էր հայ ժողովրդի իրավունքը Հայկական լեռնաշխարհի մի մասի նկատմամբ։ Թեև պայմանագիրը չի վավերացվել, սակայն Թուրքիայում մինչև այժմ էլ ցավոտ է ընդունվում այդ պայմանագրի գոյությունը։ Եվ Թուրքիայի ԱԳՆ-ի այս հայտարարությունը, որտեղ կիրառվել են բավականին կոշտ արտահայտարարություններ, ևս մեկ անգամ վկայում է, որ Թուրքիան չի հաղթահարել «Սևրյան սինդրոմը»՝ վախը Թուրքիայի մասնատման նկատմամբ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը