Աշխարհ

11.08.2020 14:15


«Ես գնացել եմ երեխաներիս մոտ». Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան տեսաուղերձ է հղել, որում հաստատել է, որ լքել է Բելառուսը (տեսանյութ)

«Ես գնացել եմ երեխաներիս մոտ». Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան տեսաուղերձ է հղել, որում հաստատել է, որ լքել է Բելառուսը (տեսանյութ)

Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձ է հղել, որում հաստատել է, որ լքել է Բելառուսը: Տեսանյութում նա բացատրել է, որ մեկնել է իր երեխաների մոտ, փոխանցում է Tert.am-ը «ՌԻԱ Նովոստի»-ին հղելով:

«Ես ինքս ինձ համար շատ բարդ որոշում եմ կայացրել: Ես երևի այդպես էլ մնացել եմ այն թույլ կինը, որ կայի ի սկզբանե»,-հայտարարել է Տիխանովսկայան` նշելով, որ դա իր անձնական որոշումն է եղել, որի վրա չեն ազդել ո՛չ ընկերները, ո՛չ հարազատները, ո՛չ էլ թիմակիցները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը տեղեկացրել էր, որ Տիխանովսկայան գտնվում է Լիտվայում:

Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ Տիխանովսկայան՝ 10,09%-ը:

Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները. Մինսկում երեկ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, կա 1 զոհ:

Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:

«Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:

«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը