Լրահոս

11.04.2011 11:10


«Նոր ալիք–2011» մրցույթի հայ մասնակիցները վիրավորված են ռուսաստանյան ժյուրիի վերաբերմունքից

«Նոր ալիք–2011»  մրցույթի հայ մասնակիցները վիրավորված են ռուսաստանյան ժյուրիի վերաբերմունքից

Ապրիլի 8-9-ը Մոսկվայում կայացել է «Նոր ալիք2011» փոփ-երաժշտության երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլը: Հիշեցնենք, որ հայաստանյան նախընտրական փուլը հաղթահարել էին Սուրեն Առուստամյանը, Անուշիկ Ալավերդյանը, Անահիտ Շահբազյանը, Անի Արզումանյանը, Աննա Աղամյանը, Օքսանա Բաբուրյանը և Էրիկը։ Նրանցից միայն Վրաստանի քաղաքացի Էրիկին չի հաջողվել մեկնել Մոսկվա՝ այցագրի հետ կապված խնդիրների պատճառով։ Նա ռուսաստանյան ժյուրիին կներկայանա ապրիլի 24-ին:

Նշենք, սակայն, որ հայաստանյան մյուս 6 մասնակիցները Երևան վերադառնալուն պես հայտարարել են, որ իրենք ընդգծված վիրավորական վերաբերմունքի են արժանացել մրցույթի կազմակերպիչների կողմից և հաջորդ փուլ չեն անցել։ Նրանց խոսքերով՝ մասնավորապես մրցույթի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռևզինն արհամարհանքով թույլ չի տվել, որ հայաստանցի մասնակիցներն ըստ արժանվույն ներկայանան, խանգարել է նրանց և մի քանի տող երգելուց հետո անընդհատ ընդհատել է։ Իսկ Սուրեն Առուստամյանին, ով հայտնի է հատկապես բլյուզ և ռոք կատարումներով, առաջարկել է դիսկո երգել, ինչից նա հրաժարվել է՝ պատասխանելով, որ նման բան չի երգել և չի էլ երգի: Ժյուրիի նման պահվածքը վիրավորել է հայ մասնակիցներին։

«Նոր ալիք 2011»-ի հայաստանյան նախընտրական փուլի կազմակերպիչն «Արմենիա» հեռուստաընկերությունն է։ Վերջինի տնօրեն Գագիկ Մկրտչյանը «7օր»–ին վստահեցրել է, թե Մոսկվայում ոչ մի խնդիր էլ չի եղել։ Պարզապես քանի որ 7 մասնակիցներից Էրիկը փաստաթղթային խնդիրների պատճառով չի կարողացել մեկնել ՌԴ, ռուսաստանյան ժյուրին որոշել է արդար վճիռ կայացնելու համար լսել Էրիկին ևս, հետո նոր իր գնահատականները տալ բոլոր 7 մասնակիցներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը