Լրահոս

09.04.2011 12:44


ԱՄՆ Պետքարտուղարություն. «Հայաստանում ընտրությունները կոպիտ խախտումներով են անցկացվում»

ԱՄՆ Պետքարտուղարություն. «Հայաստանում ընտրությունները կոպիտ խախտումներով են անցկացվում»

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է «Մարդու իրավունքներ-2010» զեկույցը, որտեղ վերլուծում է աշխարհի 190 երկրներում մարդու իրավունքների վիճակը: Հայաստանի մասին զեկույցի բաժինը՝ բաղկացած է 63 էջից, մանրամասն նկարագրում է մարդու իրավունքների վիճակը մեր երկրում:

Զեկույցում նշված է, որ Հայաստանում խաղաղ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու քաղաքացիների իրավունքը սահմանափակված է, քանի որ ընտրությունները կոպիտ խախտումներով են անցկացվում:

Նշված է նաև, որ անվտանգության ուժերի որոշ ներկայացուցիչներ իրենց քաղաքացիական ղեկավարների ուղղորդմամբ ոտնահարում են մարդու իրավունքները և պատիժ չեն կրում։ Զեկույցը փաստում է, որ Հայաստանյան լրատվամիջոցները, հատկապես՝ հեռուստատեսությունը, նախկինի պես չեն ապահովում կարծիքների բազմազանությունն ու անաչառ լրատվությունը, և լրատվամիջոցների նկատմամբ հետապնդումներ են եղել ու գրաքննություն:

Զեկույցում արձանագրված է, որ իշխանությունները շարունակել են մերժել ընդդիմադիր կուսակցությունների և այլ խմբերի՝ որոշակի վայրերում հավաքներ անցկացնելու պահանջները՝ երբեմն առաջարկելով այլ վայրեր, երբեմն՝ խոչընդոտելով մարդկանց մասնակցությունը հանրահավաքներին:

Զեկույցը մանրամասն անդրադառնում է նաև բանակում տեղի ունեցած սպանություններին ու մահացու ելքերով միջադեպերին և նշում, որ Հայաստանի զինված ուժերում ռազմական գործողությունների բացակայության պայմաններում գրանցվել են մահվան դեպքեր:

«Մարդու իրավունքներ-2010» զեկույցը նաև արձանագրում է, որ քաղաքական գործունեության համար անձանցից շատերին մեղադրանք է առաջադրվել:

Փաստվում է, որ 2008թ. նախագահական ընտրություններին ընդդիմությանը աջակցություն ցուցաբերած Սուքիասյանների ընտանիքի բիզնեսները եղել են իշխանությունների թիրախում, փետրվարի 12-ին Սարիբեկ Սուքիասյանը 72 ժամով ձերբակալվել է՝ ոմն գործարար Գոռ Դավթյանին պատանդ պահելու մեղադրանքով, բայց ապացույցի բացակայության պատճառով ազատ է արձակվել:

Զեկույցն անդրադառնում է նաև Հայաստանում կրոնական ազատությունների, աշխատանքային իրավունքների, միասեռականների, բանտերի և ազատազրկման վայրերի խնդիրներին և նշում, որ իշխանություններն ու օրենքները սահմանափակել են կրոնական ազատությունը: Կոռուպցիան դեռևս խնդիր է, և դրա դեմ պայքարելու գործում իշխանությունները սահմանափակ ջանքեր են գործադրում:

Այս խորագրի վերջին նյութերը