Աշխարհ

07.08.2020 14:11


«Ամեն ինչ թռչում էր օդի մեջ». Բեյրութում պայթյունի վայրից 600 մետրից էլ պակաս հեռավորության վրա բնակվող ամուսնական զույգը հրաշքով ողջ է մնացել և պատմել կատարվածի մասին (տեսանյութ, լուսանկար)

«Ամեն ինչ թռչում էր օդի մեջ». Բեյրութում պայթյունի վայրից 600 մետրից էլ պակաս հեռավորության վրա բնակվող ամուսնական զույգը հրաշքով ողջ է մնացել և պատմել կատարվածի մասին (տեսանյութ, լուսանկար)

Բեյրութում օգոստոսի 4-ի երեկոյան տեղի ունեցած հզոր պայթյունից հրաշքով ողջ են մնացել Իմադ Խալիլն ու նրա կինը` Լինա Ալամեհը, որոնք ապրում են պայթյունի վայրից 600 մետրից էլ պակաս հեռավորության վրա: Ամուսնական զույգի պատմությունը ներկայացրել է CNN-ը:

Ամուսիններն այժմ հիվանդանոցում են և բուժվում են ապակուց ու բեկորներից ստացված վնասվածքներից, պայթյունի ալիքից ամբողջովին ավերվել է նաև նրանց բնակարանը:

Լինան 3-ժամյա վիրահատության է ենթարկվել: Կնոջ խոսքով` ինքը ստիպված է եղել 11 հարկ աստիճաններով իջնել ցած՝ օգնության համար: Նրա ամուսինը, որը շատ ավելի լուրջ վնասվածքներ է ստացել, 6-ժամյա վիրահատության է ենթարկվել:

Լինան պատմել է, որ ինքն ու ամուսինը հետևել են առաջին պայթյունին, որն այդքան էլ ուժեղ չի եղել: Առաջին պայթյունից 33 վայրկյան անց տեղի է ունեցել երկրորդ՝ արդեն հզոր պայթյունը:

«Հիշում եմ, որ ամեն ինչ թռչում էր օդի մեջ»,-հեռախոսով իր հիվանդասենյակից պատմել է Լինան:

Պայթյունի հետևանքով ամուսինները կորցրել են գիտակցությունը, Լինան հետ է շպրտվել ապակե դռան միջով, նա կոտրել է արմունկը, մեջքի և մարմնի այլ հատվածների բազմաթիվ վնասվածքներ է ստացել:

Իմադը շատ ավելի լուրջ վնասվածքներ է ստացել, նրա մարմնի մեծ մասը վիրակապված է: Նա տեղեկացրել է, որ ավելի հեշտ է տեսանյութով նկարահանել իր վնասվածքները, քան հերթով թվել դրանք: Նա ոտքից գլուխ վնասվածքներ ունի, նաև աջ կողի կոտրվածք:

Պայթյունից հետո առաջինն ուշքի է եկել Լինան և առաջինը, ինչ մտածել է, եղել է այն, թե արդյոք իր ամուսինը ողջ է: Երբ նա կարողացել է վերջապես ուշքի բերել ամուսնուն, Խալիդն ասել է, որ ինքը մահանում է:

Լինան փորձել է ամուսնուն քարշ տալով բերել դռների մոտ, սակայն ուժերը չեն բավարարել: Այդ ժամանակ նա սկսել է 11 հարկ իջնել աստիճաններով, դրսում հանդիպել է ծանոթ ոստիկանի: Ոստիկանն ու այլ մարդիկ բարձրացել են բնակարան և, պոկված դուռը որպես պատգարակ օգտագործելով և դրա վրա տեղավորելով Իմադին, նրան դուրս են հանել և երկուսին էլ տեղափոխել հիվանդանոց:

Պայթյունից ընդամենը 585 մետր հեռավորության վրա գտնվող նրանց բնակարանը, որը ձեռք էր բերվել ընդամենը 2 տարի առաջ, հիմնահատակ քանդվել է:

Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:

Լիբանանյան լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի, վիրավորները 5 000-ից ավելի են։ Զոհերից 11-ը հայ են: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի և 4000 վիրավորի մասին:

Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:

Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,-շեշտել է Դիաբը:

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,-ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:

Տեսանյութն` այստեղ:

Աղբյուրը՝ tert.am

The remains of the port of Beirut, as seen from the apartment balcony.

A screenshot from Lina's video showing the start of the second explosion, which leveled the port and caused widespread damage.

The first explosion, as seen in Lina Alameh's video.

Այս խորագրի վերջին նյութերը