Աշխարհ

06.08.2020 15:04


«Եթե այստեղից չհեռացվի, կպայթեցնի ամբողջ Բեյրութը». Լիբանանում սոսկալի պայթյունից հետո աճում է «լողացող ռումբի» վտանգն անտեսած իշխանությունների նկատմամբ զայրույթը. The Guardian

«Եթե այստեղից չհեռացվի, կպայթեցնի ամբողջ Բեյրութը». Լիբանանում սոսկալի պայթյունից հետո աճում է «լողացող ռումբի» վտանգն անտեսած իշխանությունների նկատմամբ զայրույթը. The Guardian

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն անդրադարձել է օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունին, որի պատճառով զոհվել է առնվազն 135 մարդ, վիրավորվել են հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորներ անօթևան են մնացել:

Պարբերականը նկատում է, որ ողբերգական դեպքից հետո Բեյրութում աճում է զայրույթն ու դժգոհությունն ընդդեմ իշխանությունների. վերջիններս խոստովանել են, որ սոսկալի պայթյունն իրականում կանխատեսելի էր, ու դրա վերաբերյալ անընդհատ նախազգուշացումներ էին արվում:

Աղբյուրը հիշեցնում է, որ պայթյունի պատճառ դարձած ահռելի քանակությամբ (2750 տոննա) ամոնիումի նիտրատը, որը նկարագրվում էր որպես «լողացող ռումբ», Բեյրութի նավահանգստում էր պահվում արդեն վեց տարի: Հատկանշական է, որ կես տարի առաջ պահեստը ստուգող պաշտոնյաները նախազգուշացրել են, որ եթե այն չհեռացվի, ապա «կպայթեցնի ամբողջ Բեյրութը»:

«Բացահայտումն առ այն, որ կառավարության անտարբերությունը կարող է էական դեր ունենալ Բեյրութի պատմության մեջ ամենասարսափելի պայթյունի հարցում, ժողովրդի շրջանում բարկության նոր ալիք է բարձրացրել երկրի քաղաքական դասի նկատմամբ»,-գրում է պարբերականը՝ նկատելով, որ ժողովուրդն առանց այդ էլ դժգոհ էր կառավարությունից՝ շարունակվող տնտեսական ճգնաժամի և դրա հետևանքով Լիբանանի բնակչության գրեթե կեսի չքավորության մեջ հայտնվելու պատճառով:

«Այն, ինչ կատարվեց, «կոմպետենտ» մարդկանց ոչ կոմպետենտության հետևանք է: Եվ դեռ քանի՞ այսպիսի աղետներ են մեզ սպասվում: Չունենք էլեկտրականություն, ջուրը թունավորված է, մթերքը՝ կասկածելի, ամենուր զենքեր են: Նրանք գողացան մեր փողերն ու մեր երեխաների ապագան»,-նշել է հայտնի լիբանանցի գիտնական Ստեֆան Բազանը:

Հիշեցնենք, որ Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել: Պայթյունի հետևանքով զոհվել է 135 մարդ, այդ թվում՝ հայկական համայնքի 11 ներկայացուցիչ, մինչդեռ վիրավորները 5000-ից ավելի են:

Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,-շեշտել է Դիաբը:

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,-ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը