Աշխարհ

06.08.2020 10:54


Բեյրութում հզոր պայթյունը գրանցվել է հարսանեկան զույգի ֆոտոսեսիայի ժամանակ (տեսանյութ, լուսանկար)

Բեյրութում հզոր պայթյունը գրանցվել է հարսանեկան զույգի ֆոտոսեսիայի ժամանակ (տեսանյութ, լուսանկար)

Համացանցում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օրերս տեղի ունեցած պայթյունից տեսանյութ է տարածվել, որում ամուսնական զույգն իր հարսանեկան արարողության համար ֆոտոսեսիա է իրականացնում, երբ վրա է հասնում հզոր պայթյունը․ տեսանյութը ներկայացնում է Daily Mail պարբերականը։

Կադրերում երևում է, թե ինչպես է պայթյունից անմիջապես հետո խառնաշփոթ առաջանում, զույգն արագ փորձում է հեռանալ դեպքի վայրից՝ չպատկերացնելով, թե ինչ է իրականում տեղի ունեցել։

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:

Լիբանանյան լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 135-ը, վիրավորները 5 000-ից ավելի են։ Զոհերից 11-ը հայ են: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի և 4000 վիրավորի մասին:

Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:

Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,-շեշտել է Դիաբը:

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,-ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը