Հարցազրույց

06.08.2020 10:43


«Այսօր պարապ մարդիկ կան, որ բախտի բերմամբ թառել են պատգամավորի աթոռին. իրենց որ ասում ես՝ Սահմանադրություն կարդա, ինսուլտի են հասնում». Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

«Այսօր պարապ մարդիկ կան, որ բախտի բերմամբ թառել են պատգամավորի աթոռին. իրենց որ ասում ես՝ Սահմանադրություն կարդա, ինսուլտի են հասնում». Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

«Հպարտ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին և իր վարչախմբին անհրաժեշտ էր ընդամենն իշխանության գալու համար: Հիմա այլևս քաղաքացիները հպարտ չեն: Հիմա կարող են դիմակ չկրելու համար աղջիկների բերման ենթարկել ոստիկանություն, որ 7 ոստիկանով մարդուն ծեծեն, փռեն ասֆալտին, ինչպես վարչապետն է երաշխավորել դրա հնարավորությունը: Ի՜նչ հպարտ քաղաքացի… Հպարտ է այն քաղաքացին, որն ունի ապագայի տեսլական, կյանքի կանխատեսելիություն, որ գոնե սոված չի, չեմ ասում՝ իկրա ուտեն իրենց նման»,-168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ որևէ մեկն արդեն այդ բերման ենթարկելուց չի վախենում:

Պատգամավորը նշում է, որ փոխանակ իշխանությունները զբաղվեն պարենային անվտանգության խնդրով, զբաղված են անկարևոր բաներով:

«Ռուսաստանից Հայաստան եկող բեռները հիմա Վրաստանում ծվարել են: Փոխանակ երկրի կառավարությունը, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա մասին մտածեն, միջոցներ ձեռք առնեն, իր դիվանագիտական հարաբերություններն աշխատեցնի Վրաստանի հետ, ինչ-որ հոգեցունց հրապարակում է արել Ֆեյսբուքում, թե՝ քաղաքապետ Հայկ Մարությանը ձայնային հաղորդագրություն է ուղարկել ինձ… Ու զվարճացել են դրանից: Լավ, ամոթ է: Պարոն Փաշինյան, Դուք բանուգործ չունե՞ք, որ նման բաներից եք զվարճանում»,-ասաց Գևորգ Պետրոսյանը:

Նա նկատեց, որ մշտապես ժողովրդի անունից հանդես եկող վարչապետն այսօր անտեսում է նույն այդ ժողովրդի կարծիքը, որովհետև այն բախվում է իր կարծիքին:

«Այսօր պարապ մարդիկ կան, որ բախտի բերմամբ թառել են պատգամավորի աթոռին, քննիչ հանձնաժողովներ են ձևավորել տարբեր հարցերով, ինչով արհամարհում են մեր իրավապահ մարմինների գոյությունը: Որովհետև երբ, օրինակ, Մարտի 1-ով կամ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով են ստեղծում, դրանով ասում են, որ այս երկրում ոչ ոստիկանություն կա, ոչ Ազգային անվտանգություն, Քննչական կոմիտե, Դատախազություն: Բա ինչո՞ւ համավարակի տարածման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով չեն ստեղծում: Այսօր 1000-ին հասնող զոհ ունենք, ո՞վ է դրա համար պատասխան տալու: Ամբողջ աշխարհը դրա համար էլ մեզ վրա ծիծաղում է»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Պատգամավորի խոսքով՝ այս դժվարին շրջանում, երբ սահմանն անհանգիստ է, վարակը չի հաղթահարվել, Արցախում էլ հանգիստ չէ, ԿԳՄՍ նախարարը զբաղված է հայասպանությամբ, Լանզարոտեի կոնվենցիա են անցկացնում, դասագրքեր են փոխում, չափորոշիչներ են մշակում ու գնդակահարում հայկականությունը:

Հարցին, թե չե՞ն հրաժարվել արդյոք իրենց՝ կառավարությունը 100 տոկոսով փոխելու պահանջից, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց, որ, եթե իրենց կուսակցության ղեկավարը հայտարարել է մի բան, և ինքն իր հայտարարությամբ այլ բան չի հայտարարել, ուրեմն նրա նախորդ հայտարարությունը մնում է ուժի մեջ:

«Մեր երկրի դժբախտությունը, գիտե՞ք՝ ինչում է կայանում… Կարևորը՝ քայլած լինի և իրենց կամքը կատարի կուրորեն: Նրանց չեն հետաքրքրում մարդկանց մասնագիտական որակները»,-ասաց Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորի 3 թեկնածուներին և նշելով, որ երեքն էլ՝ թե Երվանդ Խունդկարյանը, թե Վահրամ Ավետիսյանը, և թե Արթուր Վաղարշյանը, փայլուն իրավաբաններ են, իրենց գործի գիտակներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը