Աշխարհ

05.08.2020 16:50


Թուրքական լրատվամիջոցն անդրադարձել է թուրք-ադրբեջանական զորավարժությունների ռազմավարական նշանակությանը

Թուրքական լրատվամիջոցն անդրադարձել է թուրք-ադրբեջանական զորավարժությունների ռազմավարական նշանակությանը

Թուրքական մերձիշխանական «Yeni Safak» լրատվամիջոցը ծավալուն հոդվածով անդրադարձել է Նախիջևանում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ռազմավարական նշանակությանը։

Բացի այն, որ ավանդաբար արդեն նշյալ երկու պետությունները նմանատիպ զորավարժություններով փորձում են ցույց տալ ռազմական բնագավառում ունեցած իրենց սերտ համագործակցությունը, ըստ թուրքական կայքի՝ այս անգամ զորավարժությունները հետապնդում են նաև մի շարք այլ ռազմավարական նպատակներ։

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ են ապահովում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, «Հարավային հոսք» գազատարի, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու անվտանգությունը։ Եվ շեշտվում է, որ հուլիսի 12-ից 14-ը Հայաստանը հարձակվել էր Ադրբեջանի հենց այն շրջանի վրա (Թովուզ), որտեղով անցնում են Ադրբեջանի և Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերy։

Զորավարժությունները դիտարկվում են նաև տարածաշրջանային հակամարտությունների համատեքստում։ Ռեգիոնալ հակամարտություն ասելով՝ Թուրքիան նախևառաջ նկատի ունի Ղարաբաղի խնդիրը։ Ուստի նմանատիպ զորավարժությունների կազմակերպումը, ըստ թուրքական լրատվամիջոցի, կարևոր է թե՛ բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքերի ամրապնդման և թե՛ ռազմական աջակցության ու ուժի ցուցադրման տեսանկյունից։

Հոդվածի հեղինակի դիտարկմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փորձել են Թովուզի ուղղությամբ նոր դիրքեր գրավել և այդպիսով բանակցային գործընթացում Ադրբեջանի նկատմամբ թելադրողի կարգավիճակ ձեռքբերել, սակայն դա չի հաջողվել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը