Տնտեսական

05.08.2020 09:35


Հրազդանում կարկուտից զգալի վնաս է կրել 65 տնտեսություն. վնասի չափը կներկայացվի կառավարություն

Հրազդանում կարկուտից զգալի վնաս է կրել 65 տնտեսություն. վնասի չափը կներկայացվի կառավարություն

Կոտայքի մարզի Հրազդան համայնքում օգոստոսի 1-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով զգալի վնաս է կրել 65 տնտեսություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հրազդան համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Արամայիս Պողոսյանը նշեց, որ ձևավորված աշխատանքային խումբը հստակեցնում է վնասների չափը:

«Այս օրերին աշխատանքային խումբն ակտիվ գործում է, նախնական տվյալներ կան, սակայն վերջնական պարզ կլինի առաջիկա օրերին: Այս պահին կարող ենք ասել, որ հորդառատ տեղումներն ու կարկուտը վնաս են հասցրել Ջրառատ և Վանատուր թաղամասերի շուրջ 100 հա տարածքի՝ կարտոֆիլ, լոբի, ցորեն գարի մշակաբույսերով»,-ասաց Արամայիս Պողոսյանը:

Մինչ վնասի գնահատման վերջնական ավարատը, այսօր էլ մասնագետները նշում են, որ գյուղացիները զգալի վնաս են կրել: Կան տնտեսություններ, որոնք գրեթե 100 տոկոսով բերքը կորցրել են: Որոշ տեղերում մշակաբույսերն ամբողջությամբ ջրի տակ են անցել: Վնասի չափը վերջնական հստակեցնելուց հետո կներկայացնեն կառավարություն: Արամայիս Պողոսյանը նշեց, որ կարկուտից վնասվել են նաև որոշ տների տանիքները: Համայնքը աջակցություն է ցուցաբերել երեք ընտանիքի՝ տրամադրելով ֆինանսական օգնություն:

Հորդառատ տեղումներից զգալի վնաս կրած Ջրառատի բնակիչներից է Արմեն Ալեքսանյանը: Նա պատմեց, որ 1 հա-ից ավելի հողատարածք ունի՝ կարտոֆիլ, լոբի, ցորեն մշակաբույսերով:

«Զգալի ծախս եմ կատարել, երկու մլն դրամից ավելի ներդրում եմ արել՝ չհաշված սերմնացուն ու սեփական աշխատանքը: Սկզբում եղանակային պայմանները բարենպաստ էին, մոտ 50 տոննա բերք էի ակնկալում, հիմա տեղումների հետևանքով ամեն ինչ կորցրեցի: Չգիտեմ որքանը կվերականգնվի, որքանը՝ ոչ: Այս պահի դրությամբ փաստի առաջ եմ կանգնել, մեր շրջանն էլ ապահովագրական ծրագրում չկար, որ գոնե դրանից կարողանայինք օգտվել»,-ասաց Արմեն Ալեքսանյանը: Նա տեղեկացրեց, որ իր հողատարածքներում ունեցած վնասի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել է համայնքապետարան: Բավական դժվարին իրավիճակում են հայտնվել, մեծ հույսեր ունեն, որ կառավարությունը ինչ-որ ձևով կաջակցի:

Հրազդանում եղել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, հանդիպել համայնքի ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ցավալի տեսարանի ականտես եղավ: Որոշ տեղումները գրեթե գետնին էին հավասարեցրել բերքը՝ ջուրը գցելով բնակիչների կատարած աշխատանքը։

«Բավական լուրջ վնաս է եղել, այնտեղ հասունացած բերք կար, օրինակ լոբու հետ կապված, որ մարդիկ հաջորդ օրը պետք է հավաքեին, ու կարկուտի հետևանքով այդ ամենը կորցրեցին: Մարդիկ թևաթափ էին եղել: Շրջեցինք, տեսանք, որ մարդիկ կան 5-8 հա-ով ցանք են արել, լուրջ գումարներ են ներդրել, այդ ամենը փաստորեն լցվել է ջուրը: Եթե կարտոֆիլի պարագայում հույս կար, որ 10-20 տոկոս կարող է վերականգվել, մնացած մշակաբույսերի դեպքում ամեն ինչ հողին էր հավասարվել: Հոգեբանական ծանր վիճակ էր: Կային երիտասարդներ, որ նոր էին մտնում այս գործի մեջ ու այս վնասից հետո լուրջ հիասթափություն ունեն: Կային մարդիկ, որ 19-20 տոկոս վարկ էին վերցրել»,-ասաց Վաղարշակ Հակոբյանն՝ ընդգծելով, որ կառավարությունը, իշխանություններն անելիք ունեն:

Նա ընդգծեց, որ գյուղատնտեսության ոլորտի պարտադիր ապահովագրությանն ինչ-որ փուլում պետք է անդրադառնալ: Պատգամավորը տեղեկացրեց, որ արդեն խորհրդակցություններ է սկսել դրա հետ կապված՝ հույս հայտնելով, որ մինչև տարեվերջ առարկայական որևէ բան կլինի:

«Համայնքի ներկայացուցիչների հետ նաև ապահովագրության մասին եմ խոսել: Եթե մենք ճիշտ աշխատանք տանենք գյուղացիների հետ, ապա կամովի կմտնեն ապահովագրության դաշտ, որովհետև դա երաշխիք է չկորցնելու իրենց աշխատանքն ամբողջությամբ»,-ասաց պատգամավորը:

Այս խորագրի վերջին նյութերը