Տնտեսական

30.07.2020 15:02


Ամուլսարի հարակից համայնքների ուղերձ-պահանջը ՀՀ կառավարությանը

Ամուլսարի հարակից համայնքների ուղերձ-պահանջը ՀՀ կառավարությանը

Այսօր Ամուլսարի հարակից համայնքների մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության դիմաց, որի ընթացքում ներկայացրեցին ՀՀ Վարչապետին և կառավարության անդամներին ուղղված ուղերձ-պահանջը մեր՝ համայնքների հազարավոր բնակիչների անունից: Ստորև ներկայացնում ենք ուղերձ-պահանջը ամբողջությամբ:

Մեծարգո վարչապետ, Կառավարության հարգելի անդամներ

Մենք ներկայացնում ենք Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչների մեծամասնությանը:

Դեռևս երկու ամիս առաջ մենք 1200 բնակչի ստորագրությունով նամակ ենք հանձնել Կառավարությանը, սակայն որևէ պատասխան չստանալուց հետո հուլիսի 22-ին բաց նամակ հղեցինք, որը տարածվեց բազմաթիվ լրատվամիջոցներով: Դատելով Ձեր լռությունից՝ տպավորություն է ստեղծվում, որ Դուք մոռացել եք, որ Ամուլսարը և շրջակա բնակավայրերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում և Դուք բարձրացված խնդիրները համարում եք օտար պետության և օտար ժողովրդի ներքին հարց:

Մենք հիշեցնում ենք, որ մենք Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ ենք, մեզ վրա նույնպես տարածվում են Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված բոլոր իրավունքներն ու պարտականությունները, իսկ Դուք ստանձնել եք պարտավորություն, որ կլուծեք մեր խնդիրները և կապահովեք, իրավական և սոցիալական պաշտպանվածությունը: Մենք չենք զգում, որ պետությունը ցանկանում է արդարացի և օրինական ճանապարհով լուծել մեր խնդիրները: Ավելին՝ մենք կասկածներ ունենք, որ Կառավարությունը մեզ զոհաբերում է ոմանց տնտեսական և քաղաքական շահերի համար:

Մեր պահանջները չեն փոխվել,

  • Պահանջում ենք Ամուլսարի շուրջն ապրող մարդկանց ապահովել արժանապատիվ աշխատանքով:
  • Պահանջում ենք Ամուլսարի խնդիրը զերծ պահել քաղաքական շահարկումներից և հարցը լուծել բացառապես իրավական դաշտում:
  • Պահանջում ենք, որ Կառավարությունը միջոցներ ձեռնարկի և անհապաղ բացի, մի քանի տասնյակ մարդկանց կողմից արդեն երկու տարի շրջափակված, հանքի ճանապարհները և թույլ տալ շահագործել այն:
  • Պահանջում ենք հանքի ճանապարհներն անօրինական փակած մարդկանց կարծիքը չընդունել, որպես համայնքի տեսակետ՝ նրանք չեն ներկայացնում ազնիվ, աշխատասեր և համայնքի ճակատագրով մտահոգ բնակիչներին, ավելին՝ այս երկու խմբերի միջև կան խորը անհամաձայնություններ ու լարվածություն, որը կարող է վերածվել արյունալի բախումների:
  • Պահանջում ենք լինել անկեղծ և ընդունել՝ բնապահպանական առումով Ամուլսարի հանքի շահագործման նախագիծը Հայաստանում լավագույնն է և իր չափորոշիչներով գերազանցում է բոլոր հանքերին:
  • Պահանջում ենք հավատարիմ մնալ Ձեր նախկինում արված հայտարարություններին, որոնցով Դուք պնդել եք, որ հանքը չշահագործելու իրավական պատճառներ չկան:
  • Պահանջում ենք հրաժարվել կրավորական կեցվածքից և զբաղվել մեր խնդիրներով: Մենք կանք, մենք գոյություն ունենք:

Հարգանքով՝
Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներ

Այս խորագրի վերջին նյութերը